Այսօր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում կկայանա 13-ամյա ջութակահար Արեւիկ Իվանյանի համերգը, որը նվիրվում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանին: Արեւիկը հինգ տարեկանից սկսել է ջութակ նվագել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, իր մորՙ Մարիամ Իվանյանի դասարանում: 2004-ին, երբ Արեւիկը 6 տարեկան էր, առաջին մրցանակի է արժանացել Էմին Խաչատրյանի անվան պատանի ջութակահարների հանրապետական մրցույթում, իսկ մեկ տարի անցՙ դափնեկրի կոչման Սպենդիարյանի անվ. հանրապետական մրցույթ-փառատոնում: 2007-ին Արեւիկը կրկին մրցանակների է արժանացել Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան մրցույթ-փառատոներում: Անցած տարի 12-ամյաՙ արդեն ճանաչված ջութակահարը մեկամսյա վարպետության դասեր է առել Լոնջիի (ԱՄՆ, Քեմբրիջ) երաժշտանոցում (պրոֆեսոր Մարկ Լակիրովիչի դասարան):
Հայ-ավստրիական երաժշտական փառատոնի շրջանակներում նա վարպետության դասեր է առել նաեւ ավստրիացի ջութակահար Գեորգ Համմանից եւ մասնակցել փառատոնի եզրափակիչ համերգին: Արեւիկը մենահամերգներով հանդես է եկել Երեւանում, Վանաձորում, Բոստոնում: Նա նաեւ Սայաթ-Նովայի անվան երաժշտանոցի նվագախմբի 13-ամյա կոնցերտմայստերն է:
Առաջիկայում բարդ ու դժվարին մրցույթի է մասակցելու Արեւիկ Իվանյանը: Դա Իտալիայի Կրեմոնա քաղաքում հուլիս ամսին անցկացվող Անտոնիո Ստրադիվարիուսի ֆոնդի կողմից կազմակերպվող ջութակահարների մրցույթն է, որի 2-րդ եւ 3-րդ փուլերին մասնակցելու համար Արեւիկ Իվանյանը հաղթահարել է 1-ին նախընտրական փուլը ու հիացրել մասնագիտական ժյուրիին:
Արեւիկ Իվանյանի այսօրվա մենահամերգում կհնչեն Բախի, Մոցարտի, Տարտինիի, Պագանինիի եւ Վենյավսկու ստեղծագործություններըՙ Ալինա Հակոբյանի նվագակցությամբ: Նշենք, որ երաժշտագետները մեծ հույսեր են կապում դեռատի ջութակահարի հետ:
Մաղթենք Արեւիկ Իվանյանին նորանոր հաղթանակներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ