Ապրիլի 27-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում բացվեց հայ կերպարվեստի միջին եւ, համեմատաբար, կրտսեր սերնդի ներկայացուցիչներից հինգ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը: Հինգն էլ տարբեր բարձրագույն կրթօջախների գեղարվեստի բաժնի նախկին սաներն են, իսկ այժմՙ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոսներ. Արա Հակոբյանՙ դոցենտ, արվեստի պատմության տեսության եւ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Լիլիթ Ֆլջյանՙ գեղարվեստի ֆակուլտետի դեկանի տեղակալ, Արթուր Մարտիրոսյանՙ գեղանկարչության ամբիոնի դոցենտ, Սոս Հարությունյանՙ գծանկարի ամբիոնի դասախոս, Վահրամ Հակոբյանՙ գեղանկարչության ամբիոնի դասախոս: Արվեստասերի ուշադրությանը եւ դատին ներկայացան հինգ անհատականություններ, որոնք թեեւ այս պարագայում հնգյակով են հանդես գալիս, սակայն համակցական ստեղծագործական մեկ ամբողջ, այսինքնՙ տանդեմ չեն կազմում. յուրաքանչյուրը բացահայտում է իր սեփական դիմագիծը եւ աշխատելաոճը: Էքսպոզիցիոն-ցուցադրական սկզբունքը ընդգծում է հենց այս հանգամանքը. յուրաքանչյուր նկարիչ զբաղեցնում է պատի հարթության միայն իրեն հատկացված տարածքըՙ կարծես ընդգծելով սեփական ինքնավարությունը: Հետեւությունն այն է, որ նկարիչները ընկերակցում են, բայց չեն ազդում մեկը մյուսի վրաՙ հարգելով յուրաքանչյուրը մյուսների ստեղծագործական տիրույթները: Այսքանով հանդերձ մեկ ընդհանրություն հարկ է նշել. այն, որ քնքշանքի, սիրո, փութաջանության, բարոյակերպ վարվեցողության եւ պրոֆեսիոնալիզմի շունչն է իշխում սրահի մթնոլորտում, որից եւ դժվար չէ հասկանալ, որ ստեղծագործողները մանկավարժներ են բառիս լավագույն իմաստով:
Նկարիչներից երեքը աչքի են ընկնում առավել գեղանկարչական ընկալումներով, մինչդեռ երկուսըՙ գրաֆիկական, գծային մտածողության տեր են: «Գեղանկարչական» հասկացողությունը ինքնին եւս միատարր հատկանիշ չէ. այն բազմաշերտ է, բազմաբովանդակ, բազմորակ, մանավանդ արվեստի ժամանակակից զարգացման փուլում եւ առանձնակիՙ ազգային դպրոցի դրսեւորումներում:
Ասածի ներքո դիտարկենք հնգյակի ամենակրտսեր ներկայացուցչիՙ գեղանկարիչ Արա Հակոբյանի երփնագրերը: Ժանրի եւ թեմատիկայի առումով արվեստագետի ստեղծագործություններն ընդգրկուն ենՙ ներառելով թե՛ բնապատկեր, նատյուրմորտ, դիմանկար, եւ թե՛ քաղաքային եւ գյուղական մոտիվներ, թե՛ ջրային տարերքի երփնագրում, եւ թե՛ լեռների պատկերում: Մոտիվները եւ ժանրերը բազմազան են, բայց կարեւոր եւ դոմինանտ գիծը չեն Արայի նկարներում: Մոտիվը լոկ պատրվակ է պատկերվող օբյեկտը ներգրավելու համընդհանուր գուներանգային միջավայր, նրբերանգային գոտի, թրթիռներով եւ թափանցիկ կիսաստվերներով հագեցած մթնոլորտ, ուր որեւէ գույն, շնչավոր կամ անշունչ առարկա մեկուսի գոյություն չունի, ուր ամենը փոխանդրադարձի մեջ է եւ, հետեւաբար, մեկը մյուսին անքակտելիորեն աղերսված է: Այստեղից էլ Արայի նկարների ձգտումը ժանրերի եւ մոտիվների սինթեզման, ինչը թե շատ ցանկանանք, կկոչենք թեմատիկ կոմպոզիցիա, իսկ եթե ավելի համարձակ լինենք, կանվանենք գեղանկարչական քնարերգություն: Չափի առումով ոչ մեծ, բայց շատ ընդգրկուն նկարներից յուրաքանչյուրը հենց այդպիսին է. «Վենետիկ», «Անձրեւոտ օր», «Լռություն», «Գարունը եկավ», «Երեկոյան զեփյուռ», «Ձմեռ Ճամբարակ գյուղում», «Քրիզանթեմներ», «Պապս իր գյուղում» եւ ուրիշներ: Նշենք, որ թեմատիկայի սինթեզմանը լավագույնս նպաստում է երփնագրած հարթությունների գունաշարային սինթեզը. երկրի, երկնքի եւ երկուսի միջեւ հայտնված լեռների, ծառերի, շենքերի կամ մարդկանց հատվածներն ընդգրկված են միեւնույն կոլորիստական շրջապտույտի մեջ: Պատկերի յուրաքանչյուր հատվածում խտանում են ամբողջի օրինաչափական կանոնները: Այս հանգամանքը գեղանկարչական գործերին առավել բարձր որակ է հաղորդում: Արայի արվեստում սինթեզման սկզբունքը ծայրաստիճան գործուն է նաեւ ենթագիտակցորեն ներկրած ազդեցությունների առումով: Նկարիչը յուրացրել է հայ ռեալիստական արվեստի մեծանուն վարպետների նվաճումները. այնպիսիք, ինչպիսիք են Սեդրակ Առաքելյանը, Փանոս Թերլեմեզյանը, Ստեփան Աղաջանյանը, ծովանկարիչ Վարդան Մախոխյանը: Յուրացրել է նաեւ իմպրեսիոնիզմի կնիքը կրող վարպետների աշխատելաոճըՙ Վահրամ Գայֆեջյան, Կարապետ Ադամյան: Կոլորիստական լուծումներում զգացվում է նաեւ Կորովինի եւ Գրաբարի որակները: Բոլոր ազդեցությունները, այդուհանդերձ, այնքան են տեղայնացված, որ դիտողը նկարներում տեսնում է ոչ թե նշվածներից որեւէ մեկին, այլ հենց իրենՙ Արային: Հակոբյանի արվեստը ճշմարիտ է, համոզիչ, ազնիվ, զուսպ, բայցՙ գեղանկարչորեն հագեցած: Արայի արվեստի առանձին վերլուծությունը մեծ ծավալ կզբաղեցնի եւ սա մեր խնդիրը չէ, պարզապես ամփոփելով նշենք, որ բնատուր օժտվածությունը, երբ հղկվում է, սրբագրվում եւ նիստերով հարստանում, դառնում է ընդունելի, հարազատ եւ սիրելի ընկալողի համար:
Շարունակելով դիտարկումըՙ նշենք, որ Արա Հակոբյանի արվեստին հակոտնյա է գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանի ստեղծագործական ջիղը: Բնատուր գեղագիտական հայեցողությունը հակում է նկարչին առավել մեծադիր գեղանկարչական մակերեսների, որոնցում նա չափավոր հարթադեկորատիվ լեզվամտածողության գունեղ պատկերներ է ստեղծում: Նկարիչը վրձնում է մեծ կտորներովՙ կողք կողքի դնելով հակադիր գույներՙ չմոռանալով, այդուհանդերձ, տոնային ելեւէջների մասին: Ստեղծագործություններում պատկերված է հայոց բնաշխարհը իր կտրուկ դիմագծով, լեռնային գոտուն հատուկ օդի եւ արեւի սարսուռը կարծես հենց իրենով պայմանավորում է այն մոնումենտալ եւ «շնչակտուր» ընկալումը, որը տիրում է կտավներում եւ որը ներազդելու մեծ կարողություն ունի: Որոշ գործերում այդ զգացողություններից ներշնչվածՙ բնությունը կարծես դառնում է անողորմ, կտրուկ եւ, նույնիսկ, պարտադրող: Պատահական չէ, որ նկարիչը հակված է ձմեռային պատկերների, այն էլ լեռնային գոտու ձմեռներին, որոնք երբեք չես շփոթի հարթավայրային ձյունածածկ տարածքների հետ: Արթուր Մարտիրոսյանը բազմիցս է ներկայացել անհատական ցուցահանդեսներով հայրենիքում եւ արտերկրներում: Եվ այս ցուցադրումը եւս մեկ առիթ է հաստատելու նրա ստեղծագործական հավատամքը:
Լիլիթ Ֆլջյանը ներկայացել է մանրանկարչական եւ գեղանկարչական աշխատանքներով: Նկարչուհու գողտրիկ բնապատկերների շարքը կատարված է ռեալիստորեն ճշմարիտ եւ համոզիչ ընդհանրացումների լեզվով: Փոքր չափի գեղանկարչական աշխատանքներում գրավչականն այն է, որ նատուրալիստական եւ որեւէ գծի եւ բծի հետք չկա: Հայ կերպարվեստում որպես օրենք չորությունը եւ նատուրալիզմը ի հայտ են գալիս այն կտավներում, որոնցում պատկերված են եկեղեցիներ: Լիլիթի պարագայում պատկերն այլ է. կոլորիտի ամենահարուստ ելեւէջումների եւ ընդհանրացումների շնորհիվ հայոց սրբավայրը դառնում է ընդհանրական կերպար, որը համազոր է հուզական հոգեվիճակի: Հենց այդպես էլ կոչվող «Սրբավայր» կոմպոզիցիայում նկարչուհու էսթետիզմը, գուներանգների համակցման վարպետությունը ասելիքին խորություն եւ քնքշություն են շնորհում:
Սոս Հարությունյանը գեղանկարիչ ու գծանկարիչ է: Գծանկարչական գործերում հետաքրքրական են կոմպոզիցիաների «այլաբանումները», գծի ճկունությունը, պատկերվածի պայմանականությունը, հատկանիշներ, որոնք դուրս են բերում ստեղծագործողի արվեստը ավանգարդի ոլորտ: Գունանկարները օժտված են գծային հատկանիշներով եւ նրանցում այլեւս այլաբանական շերտավորումները այդչափ գործուն չեն, որքան գծանկարում: Նկարիչը փորձում է իրեն տարբեր որակներում եւ տարբեր ոլորտներում, ինչը ինքըստինքյան դրվատելի է:
Վահրամ Հակոբյանը ամբողջովին ներփակված է կուբոֆուտուրիզմի սահմաններում: Պատկերվող բոլոր իրավիճակները, միջավայրը, իրերը տրոհված են ստրուկտուրալ մասնիկների եւ հետո կամայական, բայց տրամաբանորեն պատճառաբանված կերպով հավաքված, սինթեզված են ճանաչելի կերպարում: Գեղանկարչական հարթությունները լայնածավալ են եւ առավելապես գծապատկերային: Սա ստեղծագործական անհատականության ինքնատիպ դրսեւորում է, որն, անշուշտ, հարստացնում է գեղարվեստական միջավայրի դիտահայեցողականությունը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մեծ թվով ուսանողներ, անվանի արվեստագետներ, արվեստաբաններ, որոնք մեկ անգամ եւս համոզվեցին, որ նման ստուգատեսներ անհրաժեշտ են բոլորինՙ թե՛ դիտողին եւ թե՛ ստեղծագործողին:
ՎԱՐԴԻԹԵՐ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ, արվեստաբան
Նկար 1. Ստեղծագործությունը` Սոս Հարությունյանի