Գնաճի զսպումը այս պահին նախընտրելի է համարվում տնտեսական աճից
Դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի կանխատեսումներում Կենտրոնական բանկն այն եզրակացությանն է հանգել, որ առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածում արտերկրից գնաճային ճնշումները կթուլանան, թեեւ դրանց ազդեցությունը որոշ չափով կպահպանվի: Միեւնույն ժամանակ նշվում է, որ «առկա ռիսկերը հիմնականում գների աճի ուղղությամբ են»:
Առավել հանգամանորեն ներկայացնելով կանխատեսումները գնաճի վերաբերյալ ըստ եռամսյակների, 2011-ի երկրորդ եռամսյակի համար նշվում է, որ անցյալ տարվանից փոխանցված աննախադեպ բարձր գնաճով, դրա երկրորդային ազդեցություններով եւ գնաճային սպասումներով պայմանավորված, բարձր գնաճի մակարդակը կպահպանվիՙ գտնվելով 9,2 տոկոսի մոտ: Սակայն երրորդ եռամսյակից գնաճը կսկսի նվազել: Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, տարեվերջին գնաճը կմոտենա իր սահմանած նպատակային միջակայքինՙ 4 տոկոս գումարած-հանած 1,5 տոկոս:
Տարեվերջին գնաճի մակարդակը ավելի քան 86 տոկոսի հավանականությամբ կգտնվի 4-7,5 տոկոսի միջակայքում, իսկ 4-5,5 տոկոսի միջակայքում գտնվելու հավանականությունը 41 տոկոս է: Ինչ վերաբերում է 2012-ի առաջին եռամսյակին, ապա դարձյալ հավանական է 4-7,5 տոկոս գնաճի միջակայքը, բայց արդեն 60 տոկոս հավանականությամբ: Մյուս կողմից էլ 3-4 տոկոս գնաճի հավականությունը 2012-ի առաջին եռամսյակի համար մոտ 23 տոկոս է: Իսկ ԿԲ-ի կանխատեսած գնաճի միջին ցուցանիշը եկող տարվա առաջին եռամսյակի համար 4,2 տոկոսն է:
Բացի գնաճի կարեւոր պատճառներից համարվող արտերկրից եկող գնաճային ճնշումների թուլացումից, Կենտրոնական բանկը, տարվա երկրորդ կեսին գնաճի նվազման ակնկալիքը պայմանավորում է նաեւ իր կողմից իրականացվող վերաֆինասավորման տոկոսադրույքի 1,25 տոկոսային կետով բարձրացմամբ:
Գնաճի այս լավատեսական կանխատեսումներին հակառակ, ԿԲ-ն կանխատեսում է տնտեսական աճի որոշակի նվազում նույն ժամանակահատվածի համեմատ: Նախկին 4,1-5,7 տոկոսի փոխարեն այս տարվա տնտեսական աճը կանխատեսվում է 3,7-4,8 տոկոսի շրջակայքում: Հարկ է նշել, որ սպասումների նման բացասական փոփոխությունը պայմանավորված է այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված գրեթե զրոյական (ճշտված տվյալներով 0,3 տոկոս) տնտեսական աճով: Իսկ նման տնտեսական աճի պատճառներից մեկն էլ հենց ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունն է, ավելի կոնկրետ` վերաֆինասավորման տոկոսադրույքների բարձրացումը, ինչը թանկացնում է փողը եւ բարձրացնում վարկավորման տոկոսները: Հասկանալի է, որ դրանք խանգարում են տնտեսական ակտիվության աճին: Սակայն այս պահին երկրի ղեկավարությունը նախապատվությունը տվել է գների աճի զսպմանը, մյուս կողմից էլ հայտարարելով ազգային արժույթի աստիճանական թուլացման մասին, որին կանդրադառնանք այլ անգամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ