Երեկ հերթական աժիոտաժն էր ԱԺ հերթական քառօրյայի նիստի սկզբում, որովհետեւ կորեացիների հերթական նորոգումից հետո պատգամավորների գրանցման եւ քվեարկության կոճակները դուրս են բերված նրանց առջեւ դրված համակարգիչներից եւ գրանցումն ու քվեարկությունը նոր կարգով են իրականացվում: Երեկ անգամ անխաթար գրանցում եւ քվեարկություն իրականացնելու համար գծագրեր էին բաժանված պատգամավորներին: Պատգամավորները փնթփնթում էին` սխալ կոճակ սեղմելով, ինչն արժանացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բուռն արձագանքին, թե` «ձեր մուննաթները ձեզ պահեք, 10 րոպե շուտ գայիք, սովորեիք»:
Օրակարգը հաստատելիս պարզ դարձավ, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Ռուզան Առաքելյանի այն օրինագծին (ԱԺ գլխադասային հանձնաժողովը նույնպես բացասական եզրակացություն էր տվել), որով աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում էր բարձրացնել բարձրլեռնային գոտում աշխատողների աշխատավարձը: Սա ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դիտեց կառավարության գործելակերպի ծիրում, երբ սկզբում կառավարությունը հավանություն է տալիս նման առաջարկներին, հետո մոռանում է, որպեսզի նույն բանի վերաբերյալ սեփական նախաձեռնությունը բերի: Ի վերջո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու Հակոբ Հակոբյանն առաջարկեցին 30 օրով հետաձգել օրինագիծը, ինչին դեմ չեղավ նաեւ Ռ. Առաքելյանը, մի խոսքով` օրակարգն անվթար հաստատվեց, եւ ԱԺ-ն անցավ իր սովորական լիագումար առօրյային:
Երեկ քննարկվող հարցերից հնչեղություն ուներ «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի հերթական փոփոխության քննարկումը, որով երկարաձգվեց հայ խաղաղապահների առաքելության ժամկետն ու ավելացավ թվակազմը: Աֆղանստանում հայ խաղապահների մասնակցության իրավական հիմքերը ստեղծվել են 2009 թվականին` ՆԱՏՕ-ի հետ այդ հարցերը կարգավորող վերը նշված համաձայնագրով: Սկզբում հայ խաղաղապահները եղել են 40-ը եւ առաքելություն են իրականացրել 12 ամիս, ապա` ե՛ւ համաձայնագիրն է թարմացվել եւս 12 ամսով, ե՛ւ թիվը հասցվել է 45-ի, հերթափոխի ժամանակ` 90-ի: Երեկ քննարկված համաձայնագրի նոր փոփոխությամբ գերմանական հրամանատարության ներքո գործող մեր խաղաղապահների մասնակցությունը կրկին երկարաձգվում է մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, եւս երկու հետեւակային դասակ ապագայում ներգրավելու նպատակ է դրվում: Հիմնավորումների մեջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բերում էր արեմտյան ռազմարվեստի, նորագույն արդիական սպառազինություններին վարժվելու, ծանոթ լինելու, եւ ռազմարվեստի նոր մեթոդներով հայ զինվորների կրթվելու գործոնը, բացի դրանից` Հայաստանի մասնակցությունը դրական ազդեցություն է ունենում նրա միջազգային վարկի վրա: Հայ խաղապահների թիվը հասցվելու է 130-ի, հերթափոխի ժամանակ` 260-ի: Մեր խաղաղապահները գերմանական հրամանատարությամբ Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունն են իրականացնում: Նշենք, որ մեր հարեւան Վրաստանն Աֆղանստանի միջազգային ուժերի կազմում այժմ ունի 924, իսկ Ադրբեջանը` 94 խաղաղապահ: Չնայած Աֆղանստանից վերջին խաղաղապահը պետք է դուրս գա 2014-ին, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարի կարծիքով` այդ թվականից հետո էլ այդ երկրի ռազմավարական կարեւոր շրջաններում խաղաղապահներ կմնան:
Համաձայնագրի փոփոխությունը կքվեարկվի այսօր:
Մ. Խ.