«Կարեւորելով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրը, Հայաստանի ճանապարհաշինարարության ոլորտում տեղի են ունենում բարեփոխումներ, իրականացվում են անվտանգության տեսանկյունից համապատասխանության ուսումնասիրություններ, անվտանգության ապահովման նպատակով հատուկ ինժեներական լուծումների մասով կիրառվում են նորարարություններ», ՄԱԿ-ի հայտարարած ճանապարհային երթեւեկության անվտանգության «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագրին հղած ուղերձում նշել է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Նախարարությունից ստացած հաղորդագրության համաձայն, նախարարը բերել է անվտանգության հատուկ ինժեներական լուծումների առաջին հաջող փորձարկման օրինակը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: «Գյուղի միջով անցնող ճանապարհի վերանորոգումից հետո որոշ կարգազանց վարորդներ, անտեսելով երթեւեկությունը սահմանափակող ճանապարհային նշանները, երթեւեկում էին առավել վտանգավոր արագությամբ հատկապես դպրոցի մոտով անցնող ճանապարհի հատվածում: Ճանապարհային երթեւեկության անվտանգության աուդիտի համապատասխան ուսումնասիրություններով ստացված առաջարկների կիրառումից հետո, մասնավորապես արագությունը իջեցնող արհեստական անհարթությունների կառուցումից, լրացուցիչ ճանապարհային նշանների տեղադրումից եւ գծանշումներից հետո պատկերը զգալի փոխվել է: Նմանօրինակ վտանգավոր ճանապարհային հատվածներ շատ են նա- մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում: Ճանապարհային անվտանգության աուդիտի կիրառումը հնարավորություն կտա առավելագույնս խուսափելու պատահարներից եւ կապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը», նշել է Մանուկ Վարդանյանը:
Ա. Մ.