«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքը, ինչպես եւ ավելի վաղ իր առաջին ասուլիսում խոստացել էր արդարադատության նորանաշնակ նախարար Հրայր Թովմասյանը, փոխվում է, կառավարության նախաձեռնությամբ ամուսնության գրանցման ժամկետը դիմումը ներկայացնելուց հետո մեկ ամսվա փոխարեն սահմանվում է 7 օր: Երեկ այս օրինագիծը քննարկվում էր խորհրդարանում: Վերացվում է նաեւ ամուսնության գրանցման տարածքային սահմանափակումը, Երեւանում ապրող մարզերի բնակիչներն այլեւս չեն վերադառնա իրենց գրանցման վայր` ամուսնությունը գրանցելու համար, այլ դա կանեն Երեւանում: ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք եւս իրենց բնակության վայրի գրասենյակ դիմելու խնդիր չեն ունենա: Մի խոսքով` սիրահարվեք եւ ամուսնացեք` ամուսնությունն այսուհետեւ շատ արագ գրանցվելու է, քանի դեռ չեք փոշմանել: Սա քաղաքացիական կացության ակտերի գրասենյակներում առկա կոռուպցիոն ռիսկերի դեմ է ուղղված իր ենթատեքստով: Սակայն օրինագծին անսպասելի արձագանքեց ԲՀԿ-ից Էռնեստ Սողոմոնյանը, որը նկատեց, թե դեմ է էդպիսի նախագծին` միանգամից երկու-երեք օրում ամուսնանալու օրինագիծը հայկական կեցվածքին հարիր չէ. թող գնան-մտածեն, հետո ամուսնանան: Ասաց` հիմա խոր սեր չկա, մարդիկ հեռախոսով են իրար առաջարկություն անում, զագս հրավիրում, հետո էլ արագ ամուսնալուծվում են` վերջին շրջանում ամուսնալուծությունների աճ կա: Օրինագիծը ներկայացնող Հ. Թովմասյանը համաձայն չէր` դանդաղ գրանցելով ուզում ենք ամուսնալուծությանունները կանխե՞լ, ամուսնալուծությունների այնպիսի վիճակագրության էլ չէր տիրապետում, որ արագ ամուսնությունները արագ ամուսնալուծությունների են բերում: Հարակից զեկուցող Արտյուշա Շահբազյանն էլ համաձայն էր Թովմասյանի հետ` քաղաքացիական ակտերի գրանցման գործընթացում միշտ էլ ձգձգումներ են եղել, գյուղական բնակավայրերից եկածները չեն կարողացել ամուսնություն գրանցել այստեղ, երեխա գրանցելու խնդիր է եղել. այդ եւ նման կարգի խնդիրները լուծվում են այս օրինագծով: Մի խոսքով` սիրահարվեք, ամուսնացեք եւ գրանցվեք` ձեզանից գրանցում արագացնելու համար այլեւս կաշառք չեն ուզի:
6 հազար 12-րդ դասարանցու տարկետում կտրվի զինվորական ծառայությունից
Երեկ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի օրն էր Ազգային ժողովում, ի թիվս այլ օրինագծերի` նա ներկայացրեց նաեւ «Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որով նախատեսվում է կրթական համակարգի բարեփոխման արդյունքում եւ միջնակարգ կրթության 12 տարվա համակարգին անցնելու առիթով 1 տարով տարկետում սահմանել բոլոր այն 6 հազար պատանիների համար, ովքեր եկող տարի զինակոչային տարիքում լինելու են 12-րդ դասարանում: Այդպիսով` օրենքով լուծում է տրվում այս խնդրին, որպեսզի կառավարությունը դա չանի 6 հազար առանձին որոշումներով: Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մի երեք տարի նույն դասարանում մնացողների ճակատագրով հետաքրքրվեց. չի նախատեսվում նրանց ազատել, օրենսդիրն այդ լուսանցքը չի թողնում` 19 տարին լրացածները բանակ կգնան, այլապես դա բանակից ազատվելու ճանապարհ կդառնա: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի Հրայր Կարապետյանը տեղյակ պահեց, որ հանձնաժողովում քննարկվել է խնդիրը եւ այստեղ կողմ են եղել խնդիրն օրենքով կարգավորելուն, որպեսզի կառավարությունը հազարավոր որոշումներով դա չանի: Իսկ թե ինչպես է լուծվելու զորակոչին հարկավոր թվի լրացման խնդիրը, ըստ Հ. Կարապետյանի, ռեսուրս լրացնելու այլ միջոցներ կան, այս դեպքում առաջնային է համարվել դպրոցն ավարտելու հնարավորություն տալը պատանիներին:
Եկամուտների հայտարարագրման մասին փոփոխությունը մի անգամ տապալվեց, այս անգամ` տեսնենք
«Հանրային ծառայության մասին» օրենքի այն փոփոխությունների օրինագիծը, որն անցած քառօրյայում քվեարկությամբ տապալվեց, նորից բերվել էր խորհրդարան եւ երեկ առաջին ընթերցմամբ քննարկվեց: Ըստ այն ներկայացնող Հ. Թովմասյանի, դա համարյա նույն տեսքով է բերվել, օրինագծի սահմանման առարկա են հանրային ծառայության բոլոր կարգերն ու նորմերը, բարձրաստիճան անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման կարգը: Թովմասյանն այս օրինագիծն էլ դիտարկում էր հակակոռուպցիոն միջոցառումների շարքում, թեեւ այն չի տարածվում բոլոր ծառայողների վրա, այլ նշում է 500-600 ծառայողների շրջանակ, որոնք օրենքի ենթակայության տակ կհայտնվեն: Այս պաշտոնյաներն ամեն տարի իրենց հայտարարագրերը կներկայացնեն նոր ձեւավորվելիք էթիկայի հանձնաժողով (որը Հայաստանի նախագահն է ձեւավորելու, սակայն անդամներին առաջադրելու են ԱԺ, ՍԴ նախագահները, վարչապետը, գլխավոր դատախազը, վճռաբեկ դատարանի նախագահը): Այս հանձնաժողովը անկախ է լինելու, թեեւ եթե նայենք առաջադրող ինստիտուտներին` էլ ինչ անկախ: Հայտարարագրման ընթացքը թափանցիկ է լինելու, համացանցում արտացոլված: Որոշ սուբյեկտներ (այդ թվումՙ Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահ, վարչապետը), կարող են էթիկայի նորմերի խախտման դեպքում դիմել հանձնաժողովին` քննարկելու խախտման դեպքերը, սակայն այդ քննարկումների շրջանակներից դուրս են Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ եւ ՍԴ նախագահները, նրանց համար այլ ընթացակարգեր են նախատեսված, սակայն որոշ դեպքերում ԱԺ նախագահի էթիկայի նորմերի խնդիրը կարող է քննարկվել այս հանձնաժողովում: Այս դեպքի համար ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անհամաձայնություն հայտնեց, թե Հայաստանի նախագահի, վարչապետի կամ ՍԴ նախագահի` սուրբ լինելու կանխավարկածն է գործում օրինագծում, ԱԺ-ի նախագահի դեպքում` ոչ, բացի դրանից` երաշխիք չկա, որ այդպիսի հանձնաժողովը քաղաքական հետապնդման գործիք չի դառնա: Այնպես որ` ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այս օրինագծին, քանի որ նորից բերված օրինագծում լուրջ փոփոխություն չի արվել, հակակոռուպցիոն մարմինը չի կարող այն դերը կատարել, ինչ տվյալ օրենքով սահմանված է: ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանն էլ անընդունելի համարեց ստացած նվերների մասին տեղեկություն տալը եւ նվերի արժեքի`որոշակի գումարաչափ գերազանցելու դեպքում` վերադասին կամ էթիկայի հանձնաժողովին հայտնելը (խոսքը լիազորությունների իրականացման շրջանակում նվեր ստանալու մասին է):
Տեսնենք, թե այս անգամ ինչ ճակատագրի կարժանանա օրինագիծը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ