Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան, «մեկնաբանելով» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի վերաբերյալ արտահայտած տեսակետը, նշել է, որ «Ադրբեջանը, բնականաբար, դեմ է այդ կարգի հայտարարություններին եւ գտնում է, որ դրանք չեն ծառայի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործին... Մենք կշարունակենք մեր` սեփական տարածքներն ամեն գնով ազատագրելուն ուղղված քաղաքականությունը, մենք առայժմ մասնակցում ենք խաղաղ բանակցություններին, բայց դա չի նշանակում, թե դրանք կարող են անվերջ շարունակվել, մեր համբերությունն էլ անսահման չէ»:
Սույն թվականի մայիսի 6-ին ես եղել եմ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւելյան ուղղության զորամասերից մեկում եւ կարող եմ վստահեցնել, որ ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների եւ սպաների համբերությունն, ի տարբերություն Բահար Մուրադովայի, իրոք սահման ունի. նրանք մարտական հերթապահություն են իրականացնում եւ չեն տրվում հակառակորդի սադրանքներին:
Իսկն ասած, հիմնականում հենց դա էլ հավասարակշռությունից հանում է ադրբեջանցի տարբեր տրամաչափի պաշտոնյաներին, որոնք կարծում էին, թե ղարաբաղյան կողմը, «չդիմանալով հոգեբանական ճնշմանը, կձեռնարկի անհավասարակշիռ քայլեր»:
Հաշվարկն, ինչպես միշտ, «փուստ» դուրս եկավ. հակահարվածը` հակահարված, բայց ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ միջազգային հանրությունն ի դեմս վերջինիս, գործ ունի ոչ թե «ապօրինի զինված խմբավորումների» կամ «օկուպացիոն ուժի», այլ կայացած պետության քաղաքական իշխանության կողմից առաջադրված մարտական խնդիր իրականացնող կազմակերպված զինուժի հետ, որն, ի հեճուկս ադրբեջանական «քաղտեխնոլոգների», չի տրվում որեւէ այսրոպեական գայթակղության:
Պարզ ասած` ունենալով հանդերձ շատ ավելի հուժկու հարված հասցնելու հնարավորություն, ԼՂՀ պաշտպանության բանակը գերադասում է հակառակորդին իր կամքը թելադրել` լիովին պահպանելով զինադադարի համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները եւ այն բնագծերը, որ ձեռք են բերվել` ապահովելու Արցախի խաղաղ բնակչության անվտանգությունը:
Տվյալ դեպքում Բահար Մուրադովայի կողմից «ոչ անսահման համբերության» մասին արված ակնարկի հասցեատերը դիրքերում կանգնած արցախցի զինվորներն ու սպաները, ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը չեն: Քանի որ այդ «ակնարկներն» ադրբեջանական զինուժն անում է ամեն օր ու ժամ:
Խնդիրը բավական հստակեցված է. պատրա՞ստ է արդյոք միջազգային հանրությունը Բահար Մուրադովային եւ նրա պատվիրատուներին միանշանակ ասել, որ «համբերությունը կյանք է», թե՞ ինչ-որ բան, այնուամենայնիվ, միջնորդական նախաձեռնություններում այնպես չէ, որպես ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահ երկրներն են հրապարակավ ներկայացնում:
Մեծ հաշվով, իհարկե, դրանից էլ քիչ բան է փոխվում: Քանի որ այս դեպքում եւ առհասարակ ջնջվում է «փոխզիջման սահմանը», որովհետեւ եթե կողմերից մեկը, այս իրավիճակում` Ադրբեջանը, խնդիր է դրել «ամեն գնով հասնել հողերի ազատագրմանը», ապա մյուսի` ԼՂՀ-ի համար ակնհայտ է դառնում, որ այն, ինչ ասվել է զինադադարի հաստատումից ի վեր, այն է` Արցախի ժողովրդի անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան պաշտպանության բանակն է` իր կողմից վերահսկվող բնագծերով հանդերձ, գոյություն չունի, շարունակում է մնալ անայլընտրանքային: Այսինքն` առկա ստատուս քվոն անհնար է փոփոխության ենթարկել, եթե հակամարտության կողմ Ադրբեջանը պետականորեն չի հրաժարվում Արցախի հանդեպ ամեն գնով ինքնիշխանություն «վերահաստատելու» նպատակադրվածությունից:
Այս կերպ դատելիս, Բահար Մուրադովայի «ոչ անսահման համբերությունը» երեւակվում է որպես 1988թ. ի վեր Ադրբեջանում գերիշխող մտայնություն, որ «հայերն ո՞վ են, որ մեզնից ազատ ապրեն»:
Այդ «ոչ անսահման համբերությամբ» է սկսվել պատերազմը: Իսկ դրա հետեւանքներն աչքի առաջ են: Մայիսի 6-ին մենք ջուր խմեցինք մի ականափոր աղբյուրից, որ, ինչպես վստահեցրին տեղանքին քաջածանոթ սպաներն ու նախկին ազատամարտիկները, ժամանակին զարդարել է հայտնի Խուրաման Աբասովայի «ֆազենդան»:
Եվ երբ ես նրանցից մեկին ակնարկեցի, որ Ադրբեջանում «ոչ անսահման համբերության» հանգամանք կա, նախկին ազատամարտիկը, որ դիրքեր էր եկել` մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորելու ժամկետային ծառայության զինվորներին, ասաց.
- Բարդա Անահիտի աղբյուր կա:
Այս դեպքում, իրոք, մեկնաբանություններն ավելորդ են:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ