«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2011-05-10 | #84, 2011-05-11 | #85, 2011-05-12


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում երեկ տեղի ունեցավ Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) բացումը: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կենտրոնի գործունեությունն ու հետագա ծրագրերը: Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Նորագույն տեխնոլոգիաներով համալրված կենտրոնի հիմնական նպատակը Հայաստանում նորարարության խթանումն է, նոր գաղափարների բացահայտումը եւ ՏՏ լուծումների ստեղծումն ու ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության առավել արագ, դինամիկ զարգացող ոլորտներից է: Ըստ նրա, կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի ամբողջ տնտեսության վրա:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով, «Մայքրոսոֆթ»-ի ծրագրերն ու արտադրանքը լիցենզավորված է եւ Հայաստանի կրթական ոլորտը օգտվում է այս ընկերության արտոնագրված արտադրանքից: «Կրթությունն այն տեղն է, որտեղ արժե ներդրումներ անել: Այս կենտրոնի բացման արդյունավետությունը զգալի կլինի հինգ տարի հետո», նշեց կրթության նախարարը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենահաջող եւ արագ զարգացող ոլորտներից է Հայաստանումՙ հաշվի առնելով Հայաստանի որակյալ մասնագետների եւ մարդկային մեծ կապիտալի ներուժը: «Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միացյալ ջանքերի շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտում բարձր զբաղվածության աճ է ապահովվել, որը կշարունակվի, քանի որ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի ոչ միայն այստեղ, այլեւ ամբողջ աշխարհում», ասաց դեսպանը:

«Այսօր մեզ համար ուրախ օր է, եւ այս օրվա համար մենք երկար ճանապարհ ենք անցել. 4 տարուց ավելի սպասել ենք այս օրվան», հայտարարեց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը : Ըստ նրա, իրենք այս նոր կենտրոնով կաջակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոփոխություններին եւ նորություններին: «Մայքրոսոֆթը» կաջակցի բոլոր նորություններին, այստեղ հնարավոր կլինի համագործակցել պետական, մասնավոր, հանրային եւ միջազգային հատվածի միջեւ», ընդգծեց Բարսեղյանը:

Միջոցառման ավարտին «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4