«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


«ՈՉ ԹԵ ՄԵՂՐՆ ԵՆ ԼԻԶԵԼ, ԱՅԼ ՏԱԿԱՌՆ ԻՐ ՕՂԱԿՆԵՐՈՎ ԿԵՐԵԼ ԵՆ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ոչ թե մեղրն են լիզել, այլ բոչկեն օբրուչներով կերել են». սա ասել է ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2010 թվականի հաշվետվությունը լսելուց հետո: Երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ամփոփ տեսքով ներկայացրեց այն բոլոր խախտումները, որոնք ՎՊ-ն բացահայտել էր 2010 թվականի ընթացքում 40 հաշվետվությունների միջոցով (եւ մամուլն էլ, այդ թվում` «Ազգը», մանրամասն ներկայացրել է դրանք): Ընդ որում` տարեկան ամփոփ հաշվետվությանը պատգամավորները գովեստներով եւ ողջունելով արձագանքեցին. «Համարձակ, հետեւողական եւ նպատակասլաց», գնահատեց Վիկտոր Դալլաքյանը, Գագիկ Մինասյանն առանձնացրեց ՎՊ-ի օգնելու եւ ոչ թե պատժելու գործառույթը, Լիլիթ Գալստյանի բնորոշումը սոցիալական ոլորտի խախտումների վերաբերյալ դաժան էր` «կազմակերպված հանցագործություն»: Իսկ ԱԺ նախագահն էլ հաշվետվությունը լսելուց հետո հետաքրքրվեց` կառավարությունը համաձա՞յն է արդյունքին, քանի որ կառավարությունն արտահերթ երկու ելույթի հնարավորություն ունի եւ չի օգտվում դրանցից` հաշվետվության մասին կարծիք հայտնելու համար: Ի. Զաքարյանի պատասխանի իմաստն այն էր, որ բոլոր հաշվետվությունները ժամանակին ուղարկվել են կառավարություն, եւ տվյալների անհամաձայնության վերաբերյալ արձագանք չի եղել:

Վ. Դալլաքյանը մտքերի փոխանակության ժամանակ քաղաքական լուրջ հնչեղություն ունեցող հարց անվանեց քննարկվողը` նշելով, թե չինովնիկները թիրախ են ընտրել սոցիալապես անապահով խավերին, եւ իրականացվել է չինովնիկական տեռոր` աղքատների նկատմամբ: Ըստ նրա` որ մահացած կենսաթոշակառուների վրա գումարներ են գրվել, սա ոչ միայն սոցիալական, այլեւ քաղաքական հարց է, մեռած հոգիները նաեւ քվեարկվում են` ընտրությունները կեղծվում են: Որ գումարները հետ են վերադարձվել, դրական է, բայց կա՞ չինովնիկ, որ հրաժարական է տվել այդ յուրացումների արդյունքում, հռետորական հարց տվեց նա (բա Խաչիկյա՞նը): Այս բոլորը վերաբերում էր սոցիալական ծառայությունների ընտրանքային ստուգման արդյունքներին: Թարմացնենք ընթերցողի հիշողությունը` Իշխան Զաքարյանի ներկայացրած ամփոփ հաշվետվության որոշ պահերի անդրադառնալով:

Պետական եւ համայնքային բյուջետային միջոցները անարդյունավետ եւ ոչ նպատակային օգտագործման բազմաթիվ խախտումները նշելով` ՎՊ նախագահը մի քանի հատկանշական օրինակ բերեց` Վայոց ձորի մարզպետարանում 10, 5 մլն դրամի անարդյունավետ ծախս է արձանգրվել: Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն թուջե խողովակի 104, 9 մլն դրամի կցամաս է ձեռք բերել, թուջե խողովակ` ոչ:

Շինարարության ոլորտում վերահսկողությունը ծավալային հավելագրումներ, անորակ աշխատանքի բազմաթիվ օրինակներ, գնի արհեստական թանկացում, փաստաթղթերի բացակայություն եւ այլ խախտումներ է արձանագրել: Անմխիթար պատկեր է եղել հուշարձանների վերականգնման գործընթացի վերահսկողության արդյունքում` վերականգնման վերջնական գումարի չափը նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայության պատճառով հայտնի չի լինում, հայտնի չեն նաեւ վերականգնվող հուշարձանի ընտրության չափորոշիչները, նախագծային փաստաթղթերը հաստատվում են առանց փորձաքննության. այս եւ բազմակետանոց այլ խախտումներ են առկա ոլորտում: Գույքահարկի գծով համայնքներում ընտրանքային կարգով ստուգված ժամանակաշրջանում բյուջե չի վճարվել 181 մլն 927 հազար դրամ, հողի հարկի գծով` 114 մլն 657 հազար դրամ (սրանք համատարած ստուգում չեն, այլ մի շարք մարզերում ընտրանքով իրականացված վերահսկողության արդյունքը): Տեղական տուրքերի գծով ընտրանքային կարգով ստուգված համայնքներում բյուջե չի վճարվել 60 մլն 242 հազար դրամ: Օրինակներ բերելով` ՎՊ նախագահը եզրակացնում է, որ համայնքային սեփականությունն օտարվում եւ վարձակալության է տրվում շուկայականից զգալիորեն ցածր գներով:

Սակայն, ինչպես եւ ընթացիկ հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ, երեկ էլ պատգամավորներն առավել հետաքրքրված էին սոցիալական ոլորտի խախտումներով (դրանք ավելի վաղ «Ազգը» ներկայացրել է), որտեղ սոցիալական ապահովության պետական ծառայության 51-ից 14 տարածքային բաժիններում ընտրանքային ստուգմամբ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ. մահացած կենսաթոշակառուներին վճարվել է դեպոնենտային գումար, մահվանից հետո կենսաթոշակառուի անվամբ պարբերաբար վճարվել է ամենամսյա թոշակ, առանձին դեպքերում տարածքային բաժիններից բացակայել են կենսաթոշակառուների գործերը, վճարումներ են կատարվել կեղծ աշխատանքային ստաժի հիման վրա, պատվովճարներ են վճարվել Հայրենական պատերազմի վետերան չհանդիսացող անձանց: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը համապատասխան պետական մարմիններում առկա տեղեկության հիման վրա կենսաթոշակառուների վերաբերյալ իրական տվյալները չի ճշտել, չի համադրել եւ սխալները չի ուղղել` նախադրյալներ ստեղծելով նշված խախտումների համար: 2011թ. հունվարից թոշակների վճարումները ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է «Հայփոստ» ընկերությունը: ՎՊ նախագահը նշեց, որ Վերահսկիչ պալատի եւ «Հայփոստի» միջեւ աշխատանքային համագործակցության արդյունքում, արդեն 2011 թ. հունվար ամսին չի վճարվել 20 650 թոշակառու, որը հնարավորություն է տվել պետական բյուջեից տնտեսել 1 մլրդ 365 մլն դրամ:

Փետրվար ամսին չի վճարվել 19 816 թոշակառու, որը հնարավորություն է տվել պետական բյուջեից տնտեսելու 1 մլրդ 601 մլն դրամ` պատկերացրի՞ք յուրացումների չափը: Մարզպետարաններում եւ համայնքներում կեղծ փաստաթղթերի հիման վրա նպաստներ են ստացել նպաստառու չհամարվող ընտանիքներ, որոնք հիմնականում թաքցրել կամ կեղծել են հաշվառման համար կարեւոր հանգամանքները: Կեղծ նպաստառուների ցուցակներն այժմ մաքրվում են, ընդ որում` Հայաստանի նախագահի հանձնարարությամբ ողջամիտ ժամկետներում:

Հաշմանդամության թոշակառուների տվյալները վերահսկելու արդյունքում, տարերային աղետների եւ պատերազմի բացակայության պայմաններում 2008-2010 թվականների ընթացքում հաշմանդամների թվի ավելացում է նկատվել 27395 մարդով, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, այս ոլորտում ՎՊ-ն այս ոլորտում շարունակում է վերահսկել:

Ոլորտի ստուգման արդյունքում 500 փաստ ուղարկվել է դատախազություն:

Մյուս հետաքրքրություն առաջացնող ոլորտն ընդերքի օգտագորման ոլորտն է, որտեղ նույնպես ընտրանքային վերահսկողությամբ բացահայտվել է, որ ընդերքօգտագործման լիցենզիաների տրամադրումը, ժամկետների երկարաձգումը եւ լիցենզային պայմանագրերի կնքումը որոշ դեպքերում իրականացվել է ՀՀ օրենսդրության խախտումներով եւ այս ոլորտում եւս խոսք է գնում միլիարդավոր դրամներով բյուջե չվճարված կոնցենսիոն վճարների, կես տոննայով պակաս կորզված ոսկու (Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի դեպքում) եւ այլ խախտումների մասին (չմանրամասնենք, այս մասին «Ազգը» ժամանակին է գրել է):

Գիտության, գիտական հիմնարկների վերահսկողության արդյունքում էլ խախտումները շատ են` հողատարածքների եւ շինությունների անարդյունավետ վարձակալություններ, գույքի ցածր գներով տրամադրում եւ այլն: Կրթության եւ վարկային ծրագրերի ոլորտում եւս բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:

ՎՊ նախագահը կարեւորեց հաշվետվության առաջարկների բաժինը. Ազգային ժողովին առաջարկվում է մի շարք օրենսդրական փոփոխություններ` վերահսկողության արդյունքում բացահայտված օրենսդրական բացերը վերանայելու, իսկ կառավարությանը` տարբեր ոլորտներում կարգեր սահմանելու եւ գործառույթները հստակեցնելու առումով: Ի. Զաքարյանի խոսքով` կոռուպցիոն ռիսկերն ու ուղղություններն արդեն բացահայտված են, որտեղ շարունակվում են ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության աշխատանքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4