«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


ԿՐԱԿՈՑ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ ՎՐԱ

Երեկ ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից տեղեկացրին, որ «Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը` տարբեր տրամաչափի զինատեսակներից ՊԲ-ի դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ, հայկական կողմը ունեցել է կորուստ: Մայիսի 11-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, Հադրութի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրառատ գյուղի բնակիչ, 1978-ին ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են»:

Միջադեպի հաջորդ օրն արդեն` մայիսի 12-ին, ճիշտ ղարաբաղյան հրադադարի եռակողմ համաձայնության օրը, ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ` «ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից դիտարկման առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»:

Տարօրինակ կլիներ, եթե այն պահին, երբ դիտորդներն անցկացրել են դիտարկում, հրադադարի ռեժիմը խախտվեր: Ուշագրավն այստեղ բոլորովին «այլ հարցեր» են: Նախ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը այս անգամ դիտարկումն իրականացրել է Ադրբեջանից: Ղարաբաղ բազմիցս այցելած լեհ դիվանագետը շատ այլ անգամներ է դիտարկում իրականացրել Ադրբեջանից, բայց, ինչպես վերը նշեցինք` այս դիտարկման նախօրեին` նույն Հադրութի ուղղությամբ ադրբեջանական գնդակից սպանվել է ղարաբաղցի քաղաքացիական անձ: Իհարկե, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ուներ մի շարք հարցեր «ճշգրտելու» հենց ադրբեջանական կողմում: Մյուս ուշագրավ հանգամանքը այս ամենում այն է, թե հասկանում կամ գիտակցում են արդյոք միջազգային դիտորդները` կոնկրետ ԵԱՀԿ գործող նախագահն ու նրա անձնական ներկայացուցիչը, թե շփման (այլ ոչ թե ռազմաճակատի-Հ. Ա.) գծում զոհերի պատճառ կրակոցները ո՞ւմ դեմ են: Տուժող կողմի՞, միա՞յն տուժող կողմի: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են արվում եւ ո՞ւմ են պետք արդեն 17 տարի պարբերաբար հնչող հայտարարությունները «բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծում գտնելու» մասին: Եթե «կողմերի՞ն», ինչպես ամեն առիթով, կողմերից մեկին, թերեւս «հարգանքից ելնելով հոգնակիացնելով», դիմում են համապատասխան միջազգային կառույցներն ու մարմինները` հորդորելով զերծ մնալ սադրանքներից ու ռազմատենչ հայտարարություններից, ապա այդ պարագայում ինչո՞ւ են նույն այդ «կողմերը» շարունակում կրակել ու սպանել միմյանց: Ի վերջո, ե՞րբ, ԵԱՀԿ ո՞ր գործող նախագահողի պաշտոնավարման տարում պիտի հասկացվի, որ արդեն 17 տարի հրադադար պահպանելու պարտավորություն ստանձնած «կողմերի», ոչ ռազմաճակատային, այլ շփման գծում արձակած կրակոցները` զինվորների, կամ քաղաքացիական անձանց մահվան ելք ունեցող, նաեւ իրենց դեմ են: Ուրեմն խնդիրն իրենց «հորդոր-կոչ»-ի մեջ է, այն եւ չափազանց երկար է նույն բառերով կրկնվել պարզապես «հորդոր-կոչ» մնալու համար, եւ չափազանց շատ են ապացույցները, թե «կողմերից» հատկապես ո՞ր «կողմ» դրանք պիտի ուղղվեն:

Ի դեպ, երեկ Բաքու ժամանեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն: Վերջինս օրեր առաջ Երեւանում էր եւ նախարար Նալբանդյանի հետ հանդիպմանը ընդգծելով «վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման միջոցով», վերահաստատել էր արդեն «պատմական» դարձող ճշմարտությունը` «հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի»: Նույն Էֆտիմիուն երեկ Բաքվի օդանավակայանում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ընդգծելով, որ` «Ադրբեջանը հարավկովկասյան տարածաշրջանի կարեւորագույն պետությունն է», այնուհետեւ նշել է. «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ընդլայնում է գործակցությունը Ադրբեջանի հետ, այդ թվումՙ միջխորհրդարանական մակարդակով: Մեր միջեւ արդյունավետ կապեր կան, եւ իմ` Բաքու այցելության նպատակը հենց այդ կապերի առավել ակտիվացնումն է»: Վերջում Էֆտիմիուն «հատուկ ընդգծել է» ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ակտիվությունը` Բահար Մուրադովայի ղեկավարությամբ: Հավանաբար Պետրոս Էֆտիմիուն չգիտի, որ վերջինս` նույն ինքը Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակը, ինչպես երեկվա համարում տեղեկացրեց «Ազգը», «մեկնաբանելով» ՀՀ նախագահի` Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ արտահայտած տեսակետը, նշել էր. «Մենք կշարունակենք մեր` սեփական տարածքներն ամեն գնով ազատագրելուն ուղղված քաղաքականությունը: Մենք առայժմ մասնակցում ենք խաղաղ բանակությունների, բայց դա չի նշանակում, թե դրանք կարող են անվերջ շարունակվել, մեր համբերությունն էլ անսահման չէ»: Կասի՞ «մուրադովաներին» Էֆտիմիուն, որ «հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի», հավանաբար: Ուրիշ եւ իսկական հարցը, սակայն, ոչ թե ասելն է, այլ պարտադրելը, ոչ թե «կողմերին», այլ «կողմին», եւ, ցանկալի է` ոչ թե եւս 17 տարի անց, այլ հիմա: Հակառակ պարագայում, ճիշտ այն ժամանակ, երբ շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները կավարտեն կամ կսկսեն իրենց մոնիտորինգը, «կողմերն» էլի կկրակեն ու կողմերում էլի մարդիկ կզոհվեն:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4