Վարչապետ Տիգրան Սարգսյանը պահանջեց փոխել մոտեցումները
Կառավարության նիստը սկսելուց առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ վարկային ծրագրերի ոլորտում Վերահսկիչ պալատի ստուգումներով հայտնաբերված խնդիրներին: «Խոսքը կառավարության աշխատակազմի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության տիրույթում գտնվող խնդիրների մասին է», ասաց նա:
Առաջին եւ գլխավոր խնդիրը վարկային ծրագրերի կառավարման ոլորտին է վերաբերում: «Համաշխարհային բանկից երբ մենք ստանում ենք վարկեր եւ այդ վարկերով ձեռք ենք բերում սարքավորումներ կամ ծառայություններ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հանձնաժողովներն աշխատում են շատ ֆորմալ եւ բովանդակության համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրում», ընդգծեց վարչապետը: Այդ մոտեցման պարագայում ձեռք են բերվում սարքավորումներ եւ ծառայություններ «շատ բարձր գներով, անընդունելի բարձր գներով»: Մինչդեռ, օրինակի համար միայն ինտերնետային կայքերից օգտվելով, ստանդարտների ինստիտուտի համար ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք առնվազն 2 անգամ ավելի էժան են եղել: «Եզրակացությունը հետեւյալն է. մենք պետք է փոխենք մեր մոտեցումն այս հարցում, եւ հանձնաժողովները պետք է պատասխանատվություն կրեն նաեւ մրցույթի բովանդակության համար: Դրա համար հանձնարարական է տրվում այսօր կառավարության աշխատակազմին` հրատապ ձեւով ներկայացնել կառավարությանը բոլոր այն փաստաթղթերը, որտեղ մենք պետք է կատարենք փոփոխություն եւ հանձնաժողովների վրա դնենք նաեւ բովանդակության համար պատասխանատվության խնդիրը», ասաց Տիգրան Սարգսյանը:
«Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների` գոյություն ունի նաեւ երկրորդ խնդիրը: Մենք ձեռք ենք բերում վարկային միջոցների հաշվին ոչ միայն սարքավորումներ, այլ նաեւ ծառայություններ, մասնավորապես գալիս են փորձագետներ մեր պահանջներին համապատասխան, գրում են հաշվետվություններ, տալիս են խորհուրդներ, պատրաստում են օրենքի նախագծեր, նորմատիվ ակտերի նախագծեր: Եվ փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ փաստաթղթերի կիրառությունն ապագայում, մեղմ ասած, ոչ պատշաճ մակարդակի վրա է», տեղեկացրեց վարչապետը, ավելացնելով, որ այսուհետեւ պետք է հրաժարվել վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց, վերանայել վարկային ծրագրերը Համաշխարհային բանկի հետՙ ծրագրերից ուղղակի հանելով տեխնիկական այդպիսի օժանդակության խնդրանքները: Մասնագիտական եզրակացությունների եւ հաշվետվությունների համար վարկային միջոցների ծախսերը բացառվելու են եւ դրանք իրականացվելու են նախարարությունների ռեսուրսներով: «Որեւիցե ծրագիր, որը ենթադրում է, որ մենք ստանալու ենք այդպիսի խորհրդատվություն, առանց վարչապետի համաձայնության Համաշխարհային բանկ չի ներկայացվելու», ասաց Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, նման աշխատանքը պետք է արվի միայն դրամաշնորհային միջոցների հաշվին, որովհետեւ վարկային միջոցների հաշվին բավական թանկ ծառայություններ են ձեռք բերվում, որոնք ապագայում իրենց չեն արդարացնում:
«Ինչո՞ւ ենք մենք օրենքների նախագծեր պատվիրում կամ նորմատիվ ակտերի նախագծեր պատվիրում, հետագայում չենք օգտագործում դրանք, որովհետեւ իրավիճակներ են փոխվում, որովհետեւ մենք հայտերն ենք սխալ ներկայացրել եւ այլն», հարցադրում արեց վարչապետը եւ եզրակացրեց, որ Համաշխարհային բանկի համար այդպիսի տեխնիկական առաջադրանքներ ձեւավորող մասնագետները իրենց տեղում չեն: Նա նաեւ հայտնեց, որ երկու շաբաթ հետո նորից անդրադարձ է կատարվելու այս խնդրինՙ տեսնելու, «թե ինչպիսին է ընդհանուր պատկերը»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ