«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


ՉՈՒԶԵԼՈՎ` ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ

Երեկ Ազգային ժողովը նախ շարունակեց «Հանրային ծառայության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկումը, որից հետո այն դրվեց քվեարկության: Սակայն մինչեւ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեցին ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի ներկայացուցիչներ, որոնք բոլորն էլ խնդիրներ էին տեսնում փաթեթում: Հեղինե Բիշարյանը տեղյակ պահեց, որ ՕԵԿ-ը նախագծին դեմ չէ, սակայն որոշ դրույթների համաձայն չէ եւ առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկում, որպեսզի երկրորդ ընթերցման ընթացքում կառավարությունն ՕԵԿ-ի առաջարկների հետ հաշվի նստի: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նույնպես խոսեց ԲՀԿ-ի համար անընդունելի դրույթների մասին. «Մեր ներկայացնելիք առաջարկները եթե չընդունվեն` երկրորդ ընթերցման ժամանակ դեմ կքվեարկենք», խոստացավ նա: Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ-ի դեմ լինելու մասին նորից հիշեցրեց` դեմ են քվեարկելու, քանի որ իր դիտողություններին Հրայրը Թովմասյանը չանդրադարձավ անգամ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց` կառավարությունն անհետաձգելի է ճանաչել այս փաթեթը, այնպես որ պատգամավորները թող մի քիչ օպերատիվ աշխատեն եւ առաջարկությունները գրավոր ներկայացնեն. երբ առաջարկները ձեւավորվեն եւ դրանց կառավարությունը դեմ կլինի` կոալիցիոն խմբակցությունները փաթեթի վերջնական տեսքի վերաբերյալ դիրքորոշումը երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ կհայտնի: Այնպես որ` այս օրինագծի առիթով դիմակայության լիցքը պատգամավորների մեջ դեռ չի պարպվել: Համենայն դեպս` առաջին ընթերցմամբ քվեարկությունը երեկ 59 կողմ ձայն հավաքեց ընդամենը: Հիշեցնենք, որ այդ փաթեթով ստեղծվելու է էթիկայի հանձնաժողով, որը կարգավորելու է բարձրաստիճան անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց գույքի, եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Ընդ որում` ավելի քիչ պաշտոնյա է հայտարարագրելու իր ունեցվածքը` նրանց թիվը սահմանափակվել է մինչեւ 500-ի, քննվելու են պատգամավորների, ՍԴ անդամների, դատավորների եւ դատախազների դիմումները, որոնք վերաբերելու են փաթեթով սահմանված էթիկայի կանոնների խախտումներին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4