«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸՙ ԳԻՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼ

Ըստ Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Դ-ր Բրյուս Պողոսյանի

Դ-ր Բրյուս Պողոսյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնեց անցած տարի սեպտեմբերի 1-ից: ՀԱՀ-ի 20-ամյա ընթացքի երրորդ նախագահն է նա:

Ամերիկյան, եվրոպական եւ այլ նշանավոր համալսարաններում աշխատանքային հարուստ փորձը եւ գիտական հետազոտությունները ներկայացնում են ճշգրիտ գիտությունների ոլորտում պատկառելի ներդրում ունեցող մասնագետի եւ պրոֆեսորի վաստակը:

Ֆիզիկայի ասպարեզում բակալավրի եւ միջուկային ինժեներիայի բնագավառում մագիստրոսի աստիճանները նա ստացել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանում (MIT), դոկտորական աստիճանըՙ Կալիֆոռնիայի համալսարանում (Դեյվիս):

Մինչեւ Հայաստանի Ամերիկյան համալսարան տեղափոխվելը Բրյուս Պողոսյանը տասը տարի ղեկավարել է Մասաչուսեթսի Թաֆթս համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ նաեւ դասավանդում էր, միաժամանակ կից-պրոֆեսոր էր համակարգչային գիտությունների եւ ֆիզիկայի բաժանմունքի: Ավելի վաղ նա ավագ գիտաշխատող է եղել Քեմբրիջի (Մասաչուսեթս) «Մտածող մեքենաների ընկերության» հետազոտական խմբում, նաեւ Բոստոնի համալսարանի հաշվողական գիտությունների կենտրոնի եւ ֆիզիկայի բաժանմունքում:

Բրյուս Պողոսյանի հետազոտությունները նվիրված են հիդրոդինամիկայում տուրբուլենտության հիմնարար հասկացությունների զարգացմանը, որտեղ կիրառվել են ինչպես տեսական, այնպես էլ հաշվողական այնպիսի մեթոդներ, որոնք Մ. Նահանգներում երբեւէ դեռ չէին օգտագործվել: Հետամուտ իր հետազոտություններինՙ նա որպես այցելու պրոֆեսոր եւ հետազոտող եղել է աշխարհի մի շարք հայտնի համալսարաններումՙ Փարիզի Էկոլ Նորմալ Սուպերիոր, Պեկինի, Կալիֆոռնիայի, Բերկլիի, Տրիեստի, Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա), Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ այլ:

Բրյուս Պողոսյանը ավելի քան 80 հրապարակումների հեղինակ է, 150 անգամ որպես հրավիրյալ դասախոս ելույթներ է ունեցել տարբեր համալսարաններում: Նա միջազգային գիտական մի շարք ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է (Journal of Computational Science, Physica A, Computing in Science and Engineering, International Journal Of Modern Physics C - Physics and Computers): Բազմաթիվ մրցանակների է արժանացել ԱՄՆ-ումՙ որպես գիտնական եւ մանկավարժ, 2010-ին Թաֆթսի համալսարանի կողմից` Distinguished Scholar Award, 2008թ. ՀՀ ԳԱ ակադեմիայի արտասահմանյան անդամ է եւ Ամերիկյան ֆիզիկայի ընկերակցության անդամ:

Մեր երկրի դժվարագույնՙ հետանկախության հենց առաջին տարում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրումը նշանակալի երեւույթ էր մեր կրթական համակարգում` ուսուցման արեւմտյան չափանիշների ու մեթոդների ներդրմամբ, միեւնույն ժամանակ նաեւ խորհրդանշական էր: Կարճ ժամանակամիջոցում համալսարանական սահմանափակ ծրագրերն ընդլայնվեցին, եւ կրթօջախը զարգացումների հաստատուն ճանապարհ անցավ: Մեր զրույցը համալսարանի նախագահի հետ հաստատության ներկայիս գործընթացների, հնարավոր փոփոխությունների եւ զարգացումների շուրջն է, մեր երկրի կարեւորագույն համալսարանների ռեկտորների հետ հարցազրույցների շրջանակում:

- Դ-ր Պողոսյան, ինչպիսի՞ դիտարկումներ ունեք Հայաստանի Ամերիկյան համալսարանի յոթամսյա աշխատանքային Ձեր փորձից, եւ ինչպիսի՞ նոր զարգացումներ են սպասվում:

- Համալսարանը, որ բացվեց Հայաստանի անկախության օրըՙ սեպտեմբերի 21-ին, ընդամենը երկու ուսումնական ծրագիր եւ 101 ուսանող ուներ, այժմ ընդլայնվել եւ 7 մասնագիտացված բաժիններ ունի: Բացի սրանցից յուրաքանչյուր բաժին ունի իր հետազոտական կենտրոնը եւ խաչաձեւվող մեկ կենտրոնՙ միջավայրի ուսումնասիրության «Հակոբյան» կենտրոնը, որտեղ ամեն ուսանող պետք է պարտադիր որեւէ թեմա ունենաՙ ինքնազարգացման համար, անշուշտ, այն համոզմամբ, որ շատ լուրջ մարտահրավերներ կան շրջակա միջավայրի պահպանման:

Հայաստանի Ամերիկյան համալսարանը մինչ այսօր շուրջ 1800 շրջանավարտ է տվել: Իմ հանդիպումները նրանցից շատերի , կառավարության ներկայացուցիչների եւ տարբեր այլ շրջանակների հետ այն տպավորությունը թողեցին, որ դրական գնահատական կա համալսարանի գործունեության նկատմամբ: Թե բիզնեսի, թե բանկային, եւ թե այլ ոլորտներում ներգրավված են շատ շրջանավարտներ. շոշափելի է համալսարանի տված արդյունքը մեր երկրի տնտեսության մեջ:

- Ի՞նչ եք կարծում, խոցելի չէ՞ հենց այդ խնդիրը, Հայաստանի թերզարգացած տնտեսական համակարգը նրանց բոլորին աշխատանքով կարո՞ղ է ապահովել, եւ արդյոք ավելի չե՞ն հիմնավորվում, հասունանում ուսյալ այդ երիտասարդներիՙ երկրից արտագաղթելու նախադրյալները:

- Տարիների վիճակագրությունն արձանագրում է, որ մեր շրջանավարտների 75-80 տոկոսը Հայաստանում է մնում, արտերկիր մեկնած 20-25 տոկոսի մի մասը դոկտորանտուրայի համար է այնտեղ, հուսով ենքՙ կվերադառնան:

- Ինչպիսի՞ն եւ որքա՞ն է համալսարանի դասախոսական կազմը:

- Պրոֆեսորական կազմը 30 աշխատողից է բաղկացած, նրանց մեջ ինչպես արտերկրի, այնպես էլ տեղի մասնագետներ են: Այդպիսի միաժամանակյա գործունեությունը շատ արդյունավետ է եւ առողջ միջավայր է ստեղծում: Սա հայ-ամերիկյան համագործակցության դրսեւորումներից է: Մեր միսիայի կարեւոր մասն է անցկացնել վերապատրաստման դասընթացներ, հայ դասախոսներին ծանոթացնել ամերիկյան ուսուցման մեթոդներին ու չափանիշներին, պրոֆեսորներ պատրաստել: Շատ ցանկալի է, որ դոկտորանտուրայի համար արտերկրում գտնվող ՀԱՀ-ի շրջանավարտները վերադառնան եւ աշխատանքի անցնեն հենց մեր համալսարանում:

- Որքանով տեղյակ եմ, շրջանավարտներին աշխատանքով ապահովելու համակարգող մեխանիզմ է համալսարանում գործում:

- Այո, շրջանավարտների եւ կարիերայի զարգացման գրասենյակը աշխատանքներն այդ ուղղությամբ է կազմակերպում, եւ շրջանավարտները մշտապես էլեկտրոնային կապի մեջ են, տեղեկանում են բոլոր նորություններին եւ առաջարկներին: Ինքս հանդիպել եմ նրանց եւ իմ կարծիքներն եմ հայտնել, նաեւՙ խորհրդատվություններ, թե՛ աշխատանքի որոնման ձեւերի, թե՛ հարցազրույցներին բարձր մակարդակով պատրաստվելու, գործատուին իրենց գիտելիքները, կարողությունները ճիշտ ներկայացնելու առումներով:

Կուզեի, որ համալսարանն իր շրջանավարտների հետ ավելի սերտացներ կապերը եւ փոխադարձ լինեին այդ հարաբերությունները, այնպես, որ նրանք կյանքի ընթացքում իրենց զգան համալսարանական ընդհանուր դաշտի մեջ, որպես այդ ընտանիքի անդամ: Դրսում գտնվող ոււսանողներին նույնպես փորձում ենք կապել համալսարանի ասոցիացիայի հետ, նրանց մի մասը Նյու Յորքում է, Վաշինգտոնում, Կալիֆոռնիայում:

- Համալսարանը նյութական դժվարություններ, անշուշտ, ունի: Չնայած կրթավճարները բարձրացան, բայց, ենթադրում ենք, բավարար չէՙ հաղթահարելու տնտեսական ճգնաժամի եւ այլ գործոնների հարուցած բարդությունները: Այսպիսի իրավիճակներում ի՞նչ եք պատրաստվում անելՙ ծրագրերի կամ աշխատատեղերի կրճատո՞ւմ, թե՞...

- Անշուշտ, տնտեսական ճգնաժամը ազդում է համալսարանական ընթացքների վրա: Գոյություն ունեցող անձեռնմխելի ֆոնդերի տոկոսներից եւ դրանցից գոյացած եկամուտներից նույնպես ստացվում են մեր նյութական միջոցները: Ճգնաժամի պատճառով այդ եկամուտները նվազել են, նույնիսկ 2008-ի ճգնաժամից առաջ էլ այդպես էր, միշտ դեֆիցիտ կար բյուջեի մեջ: Եվ մենք անհրաժեշտություն ենք ունեցել դրամահավաքներ կազմակերպելու: Անշուշտ, սա իդեալական ձեւը չէ, լավ կլիներ հավաքված գումարը ավելացվեր դրամագլխին, դա եկամուտը ավելի տեւական կդարձներ: Վերջին տարիների դժվարությունները ստիպել են համալսարանի ղեկավարությանը որոշակի կրճատումների գնալ, որն ազդել է նաեւ աշխատավարձերի վրա, այսինքնՙ պահպանվել է միեւնույն մակարդակը, բայց չի բարձրացվել:

Նման իրավիճակներում երկու հիմնական արձագանք է լինում սովորաբար. կամ կրճատել ընդհանուր ծրագրերըՙ այդ սահմաններում տեղավորվելու, եւ երկրորդ տարբերակըՙ ավելի ագրեսիվ մոտեցում ցուցաբերելՙ ընդլայնել ծրագրերը, դրանք առավել հետաքրքական դարձնելով` նոր ինվենստիցիաներ բերել:

- Պարզ է, ընտրել եք երկրորդը:

Իսկ բյուջեի ո՞ր մասն է կազմում կրթավճարներից ստացված գումարը:

- Համալսարանական ուսանողը իր ստացած կրթության դիմաց վճարում է դրա մեկ երրորդը միայն, որ տարեկան շուրջ 960.000 դրամ է կազմում: Համալսարանի քաղաքականության ամենակարեւոր կետը որեւէ ուսանողիՙ անվճարունակության պատճառով դուրս չթողնելն է: ՀԱՀ-ի պարտականությունն է հայթայթել այդ անհրաժեշտ գումարը: Համալսարանը ընդունելությունը բացառապես գիտելիքների հիման վրա է անցկացնում , ավելի ուշ անդրադառնում է սոցիալական պայմաններին: ԱՄՆ-ում սա կոչվում է «կարիքների դիմաց կույր որոշում», այնտեղ շատ քիչ համալսարաններ կան այս սկզբունքով գործող. կարելի է սա ձեւակերպել որպես `վճարողականության անտեսման ընդունելություն: Հայաստանի Ամերիկյան համալսարանը որդեգրել է նման սկզբունք, որը նույնպես մեր միսիայի կարեւորագույն մասն է: Համալսարանի ուսանողների մոտ կեսը տարբեր տեսակի ֆինանսական աջակցություն է ստանում:

Արտերկրի ուսանողների ուսման վճարը ամբողջական է գանձվում, մոտ 3.300.000 դրամ:

- Եվ քանի՞ տոկոսն են նրանք կազմում:

- Շատ չեն, 399-ից 35-ը միայն, եւ մեծ մասը հայեր են: Կարծում եմ, այս թիվը պետք է մեծացնել, կարեւոր է ուսանողներ ներգրավել Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից եւ այլ երկրներից, սա փոխում է համալսարանական միջավայրը, ինտերնացիոնալ դարձնում, որը կօգնի հաստատության վարկանիշի ավելի բարձրացմանը: Կրթության համար շատ կարեւոր է նման միջավայրը: Ինքս կարող եմ վկայել, թե ուսմանս տարիներին որքան մեծ նշանակություն ունեցավ այլազգի ուսանողական միջավայրը: Հայաստանի համար առավել եւս կարեւոր է, մանավանդ որ 98 տոկոսը տեղի բնակչության էթնիկ հայեր են, եւ այս շփումները, հարաբերություններն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում:

Ուզում եմ անդրադառնալ կարեւոր մի խնդրի եւսՙ համալսարանը ամերիկյան հավատարմագրում ունի, առավելագույնՙ 7 տարի ժամանակաընթացքով տրված: ՀԱՀ-ը կարողացավ այդ առավելագույնը ստանալ: Դա շարունակական, անընդհատական ընթացք է եւ ժամկետն ավարտվելուց հետո, վերսկսվելու է: Սա ուսանողներին գրավելու կարեւորագույն գործոն է, որովհետեւ նրանց հնարավորություն է տրվում ամերիկյան կրթություն ստանալ ավելի ցածր գներով, քան Միացյալ Նահանգներում:

Եթե կարող եմ վերադառնալ նախկին հարցինՙ թե ֆինանսական դժվարությունների դեպքում ծրագրերը պիտի կրճատե՞լ, թե՞ ընդլայնել, ապա վերջինիս պարագայում երկու առաջարկ ունեմ:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի միսիան հայ ժողովրդին, Հայաստանի կառավարությանն օգնելն էՙ նոր կրթական ձեւեր ներմուծել, դրանք ներգրավել, ընդգրկել ընդհանուր կրթական համակարգի մեջՙ ակնկալելով նոր արդյունքներ: Այդ նոր ծրագրերն ու ձեւերն ի հավելումն են, ոչ թե ի մրցակցություն գոյություն ունեցողների: Հաստատությունն իր կառուցվածքով եւ մոտեցումներով լինելով ինքնատիպ, որպես ամերիկյան համալսարան, միաժամանակ Հայաստանի Ամերիկյան համալսարան է, որի իմաստը, նշանակությունը Հայաստանի կառավարության, հայկական բիզնես շրջանակների, կրթական մյուս հաստատությունների, մտավորական, մշակութային միջավայրերի հետ համագործակցություններն են, որն էլ հետագա զարգացումների հիմնական երաշխիքն է:

Ինքնատիպ, ունիկալ ասելով չպետք է ներփակված մնալ, այլ` արձագանքել Ազգային ակադեմիայի, գիտության եւ կրթության, մյուս նախարարությունների պահանջներին, արդյունավետ համագործակցել: Երկրորդ ուղղությունը` ծրագրերի ընդլայնման, ամերիկյան հատվածին է վերաբերում, հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ավելի սերտացմանը: Իմ փորձառությունը վկայում է, որ սփյուռքում շատ հայեր տեղյակ չեն ՀԱՀ-ի գոյության, հատկապես նրա կարեւորության եւ Հայաստանին տված արդյունքների մասին: Սփյուռքի հայ ակադեմիականների, բիզնեսմենների, դոնորների շրջանակներում , ՀԱՀ-ի կարեւորությունը գիտակցողների մեջ նրանց ներգրավման համապատասխան աշխատանքներ է հարկավոր տանել:

- Այսպիսի ծրագրերը ռեսուրսներ են պահանջումՙ մարդկային, աշխատանքային, միջավայրայինՙ կամեցողություն, աջացկություն եւ այլ:

- Սա մարտահրավեր է, մենք դրամահավաք ենք կազմակերպում ԱՄՆ-ում եւ հույս ունենք արժեքավոր այլ ծրագրերով եւս ապահովել զարգացումները: Չեմ ասում, թե հեշտ է լինելու, մենք պետք է տքնաջան աշխատենք: Սահմանափակ ռեսուրսներ ունենք, ցանկություններ, ծրագրեր կան, բայց զգուշորեն է պետք ֆինանսական ծրագրերն իրագործել:

- Հիմնադրման առաջին օրերից համալսարանը ստանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությունը: Ակնկալիքներ ավելին կա՞ն:

- Տարիների ընթացքում, որպես հիմնադիր մարմին, Հայկական բարեգործականը մշտապես օգնել է համալսարանին եւ հիմնական բարերարներից է` ֆինանսական մասով: Ամերիկյան կողմից, Կալիֆոռնիայի համալսարանը տրամադրում է ակադեմիական խորհրդատվություններ, փորձագետների, ծրագրերի փոխանակմամբ է աջակցում: ՀԱՀ-ի խորհրդի մոտ կեսը Կալիֆոռնիայի համալսարանական համակարգի տարբեր բաժանմունքների ղեկավարներ են, իսկ փոխնախագահըՙ ոսումնական գծով պրոռեկտորն է:

Կրթության որակն ավելի բարձրացնելու համար հարկավոր է ավելի ամրապնդել կապերը ՀԱՀ-ի, Կալիֆոռնիայի համալսարանի եւ Հայաստանի կառավարության միջեւ: Հայաստանի ապագայի տնտեսությունը գիտության վրա հենված տնտեսություն է լինելու: Դա է միտումը ամեն առումով. մենք չունենք հանքային բավարար ռեսուրսներ, բնական հանածոներ, նաեւ առեւտրի ժողովուրդ չենք: Իսկ գիտական տնտեսություն զարգացնելու հիմնական հնարավորությունը, նախադրյալը փայլուն կրթական համակարգ ստեղծելն է: Հստակ երեւում է, որ այս ուղղությամբ մեծ ջանք է թափվում: Կրթական հաստատությունները վերարժեւորում են իրենց գործունեությունն ու դերը: Գիտության եւ կրթության նախարարությունը շատ ավելի ուշադրություն դարձնում է կրթության արդյունավետությանը, տարբեր ծրագրեր, գաղափարներ են մեջտեղ հանվում, թե ինչպես կրթությունը տնտեսության հետ ուղղակիորեն կապել:

Հուսամ, որ մոտակա տարիները շատ ոգեւորիչ շրջան է լինելու կրթության համար: Ամենակարեւորը, որ դա մեր տնտեսությունը կզարգացնի եւ աշխատանքի հնարավորություն կտա մեր ժողովրդին, այնպիսի աշխատանքի, որ իրեն պահի այս երկրում:

- Այո, շատ կարեւոր պայման եւ հրատապ խնդիր:

ՀԱՀ-ի ուսումնական կառուցվածքը, ծրագրերը հետբուհական կրթության համար են նախատեսված: Հնարավո՞ր են այս առումով փոփոխություններ:

- Համալսարանի նպատակը կրթական որակը առավելագույնին մոտեցնելն է: Այսպիսի հիմնավոր փոփոխությունները պետք է դիտարկել կրթական ընդհանուր համակարգի պահանջի շրջանակներում: Առայժմ նման որոշում չկա, ապագայի խնդիր է:

- «Փարամազ Աւետիսեան» նոր մասնաշենքը, սփյուռքահայ բարերարի նվիրատվությամբ կառուցված, ուսումնագիտական կենտրոնի վերածելու հեռանկար կար, նաեւ հարակից այգին կա, որ վերականգնվելու էր կառուցապատումից հետո: Ի՞նչ աշխատանքներ են տարվում:

- Շինարարական աշխատանքները հիմա էլ շարունակվում են, հարստացրել ենք նոր կառույցի ինտերիերը, հիմնովին վերանորոգվել է հին շենքը. հատակը, պատուհանները, որ ջերմամեկուսիչ չէին, եւ կորուստն էր շատ, փոխարինվեցին նորերով: Ընդլայնվելու է գրադարանը, արդիականացվելու են խոհանոցային պայմանները: Ինչ վերաբերում է այգու աշխատանքներին, այնտեղ արդեն շատ ծառեր տնկվել են, ունենք այգեգործ, որ մշակում եւ խնամք է տանում: Թաղապետարանի, քաղաքապետարանի հետ կապի մեջ ենք, ճարտարապետը շատ գեղեցիկ ծրագրեր ունի: Սակայն դեռեւս լուծված չէ ջրամատակարարման հարցը, եթե թաղապետարանը ոռոգումն ապահովվի, այգու աշխատանքներն ավելի կարագացվեն: Շինարարությունից առաջ եղած ճանապարհը մնացել է, համալսարանը կտրում-դուրս է գալիս. բաց է: Նոր շենքի ներսում, այգուն հարող մի հատվածում սրճարանային անկյուն է նախատեսվում, որը, ինչպես եւ այգին, որպես հանգստի գոտի, ծառայելու է հանրությանը:

- «Փարամազ Աւետիսեան» մասնաշենքում բացված «Ագեան» պատկերասրահը նորություն էր, շարունակակա՞ն են արդյոք մշակութային ծրագրերը:

- Պատկերասրահը մշտապես գործում է: Պարբերաբար լինում են ցուցահանդեսներ, հանրային բանախոսություններ, համերգներ, շատ լավ դաշնամուր կա այնտեղ: Չնայած արվեստի ուղղությամբ համալսարանը ակադեմիական ծրագիր չունի, բայց լավ է, որ այս ճանապարհով մշակույթը մտնի համալսարանական կյանք:

- Եվ վերջին հարցըՙ նախկինում եղե՞լ էիք Հայաստանում եւ ինչպիսի՞ն են տպավորությունները հիմա:

- Վերջին տարիներին մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, ամենաերկարըՙ երեք շաբաթով, երբ ընտանիքով էի այստեղ: Շատ հաճելի վայր է: Վայելում եմ կյանքիսՙ այստեղ ապրելու օրերը: Երեւանը շատ մտերիմ միջավայր ունի, մարդիկ ջերմ են, տաք. քաղաքի կենտրոնըՙ օպերան, ֆիլհարմոնիկը, սրճարանները - շատ լավ են տպավորությունները: Երբ վերադառնում եմ, սփյուռքահայ ընկերներիս հորդորում եմ` գնան-տեսնեն Հայաստանը: Շատ բարեկամներ ունեմ տարբեր երկրներում, երբ այցելում եմ նրանց Մ. Նահանգներում, Լոնդոնում, Փարիզում, Բեյրութում կամ այլուր, տեսնում հրաշալի վայրեր, փայլուն ճարտարապետություն, տպավորիչ եկեղեցիներ. այս ամենը երբ տեսնում եւ Հայաստանը չես տեսնում, նման է նրան, որ տիեզերքի բոլոր մոլորակներում լինես, բայց արեւը չտեսնես: Երբ վերադառնում եմ Հայաստանից, բոլորին այս մեսիջն եմ ուղարկում:

Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4