«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2011-05-12 | #56, 2011-05-13 | #87, 2011-05-14


ԱՐՏԱԳԱՂԹԻ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Կազմակերպել էր «Սիվիլիթաս» հիմնադրամը

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Մայիսի 12-ին Գյումրու «Արաքս» հյուրանոցային համալիրի դահլիճում «Սիվիլիթաս» հիմնադրամը ներկայացրեց իր տարեկան «Հայաստան-2010. անորոշության տարի» զեկույցը, որին հաջորդեց քննարկում «Արտագաղթի նոր ալիք. ինչո՞ւ են մարդիկ լքում Հայաստանը» թեմայով: Բացելով քննարկումը, հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը մասնավորապես նշեց, որ «Սիվիլիթաս»-ը միշտ իր պարտքն է համարում նաեւ Երեւանից դուրս կազմակերպել միջոցառումներ, հանրապետության մարզերը, քաղաքները ներառել քննարկումներում, բանավեճերում, հնարավորինս նաեւ նրանց ձայնը լսելի դարձնել Երեւանում:

Ինչպես վերջին 20-25 տարիներին, այսօր էլ, ակնհայտորեն, Հայաստանի անվտանգությանը սպառնացող իրողություններից մեկը շարունակում է մնալ արտագաղթը: «Սիվիլիթաս»-ի փորձագետների գնահատմամբ` եթե 90-ական թթ. սկզբներին ու կեսերին արտագաղթում էին գերազանցապես Երեւանից եւ քաղաքներից ընդհանրապես, ապա այսօր արտագաղթում են առաջին հերթին գյուղերից: Վերջին մի քանի տարիներին մասնավորապես Շիրակի մարզի բնակավայրերից, կապված նաեւ Հայաստանի այս երեք տարիների տնտեսական ցուցանիշների ու գյուղատնտեսության ավելի քան 20 տոկոս անկման, մասամբ եւ` Ռուսաստանի որդեգրած հայտնի միգրացիոն քաղաքականության հետ, արտագաղթը նոր թափ է առնում: Ինչո՞ւ են մարդիկ թողնում իրենց բնակավայրերը եւ հեռանում երկրից: Ինչո՞ւ են մարդիկ երես թեքում հողից` թողնելով անմշակ: Ինչո՞ւ է Գյումրիից մանր բիզնեսը տեղափոխվում հարեւան Վրաստան: Ինչպե՞ս պետք է կանգնեցնել արտագաղթը մարզից: Կազմակերպիչներն այս եւ նման հարցեր էին առաջադրել քննարկման համար, որի հիմնական բանախոսներն էին Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը , Գյումրու «Արեւամանուկ» հիմնադրամի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Դերենիկ Մալխասյանը :

Գայանե Ավագյանը, նախ անդրադառնալով արտագաղթի պատճառներից մեկը հանդիսացող տնտեսական ճգնաժամի հետեւանքներին, նկատեց, որ դրանք մարզում այսօր ավելի սուր են զգացվում: Ասվածի արտահայտությունը նա համարեց առկա ֆինանսական դժվարությունները գրեթե բոլոր գործարարների մոտ: Ըստ բանախոսի` չնայած բանկերը սկսել են ավելի ակտիվ աշխատել, տրամադրում են ավելի շատ ֆինանսական միջոցներ, սակայն գործարարներից շատ քչերն են կարողանում օգտվել դրանցից: Որովհետեւ նախ բարձրացել են տոկոսադրույքները` կապված տնտեսական վիճակի վատթարացման եւ ռիսկայնության աճի հետ:

Արմինե Գմյուր-Կարապետյանը, մարզում առկա իրավիճակը գնահատելով որպես հոգեբան, զուտ անձնական դիտարկումների հիման վրա կարծիք հայտնեց, թե մի տեսակ կանգի վիճակ է ստեղծվել համարյա բոլոր ոլորտներում, ինչպես մի պահ երկրաշարժից հետո: Այդ զգացողությունը, երբ մանավանդ տեւական է, շատ ծանր ապրում է, որը նաեւ թողնում է շատ ու շատ խորքային հետեւանքներ: Տուժում են սոցիալական բոլոր, իսկ ամենից շատ` խոցելի խմբերը` աղքատ խավը, երեխաները, հաշմանդամները, որոնք հայտնվում են անելանելի վիճակում: Տուժում է ընտանիքը...

Այսօր մեր երկրի զարգացմանը խոչընդոտող եւ մարզերից բնակչության ակտիվ արտահոսքը խթանող գործոն է նաեւ ամեն ինչի կենտրոնացումը մայրաքաղաք Երեւանում: Մեր հարեւան վրացիները, ինչպես նշվեց քննարկման ժամանակ, Թբիլիսիից հանել կամ հանում են մի շարք կարեւորագույն խոշոր հաստատություններ. խորհրդարանը տանում են երկրորդ քաղաք Քութայիս, Բաթումը դարձել է Սահմանադրական դատարանի նստավայր եւ ընդհանրապես ծաղկուն մի օազիս ամբողջ Կովկասում: Մեր իշխանավորների կողմից, չնայած մերթ-մերթ հնչող հայտարարություններին, նման ապակենտրոնացում դժվար է ակնկալել, քանի որ դա պետական ապարատի մեկ կենտրոնից վերահսկողությունը կթուլացնի: Այսպիսի կարծիք հայտնեց Դերենիկ Մալխասյանը: Ըստ նրա վկայակոչած մամուլի մի հրապարակման` 2011 թվականի անցած ամիսների ընթացքում «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է եկածների համեմատությամբ 45 հազար մարդով ավելի: Գյումրիում այդ հեռանալու, երկիրը լքելու միտումն ավելի շատ է արտահայտված` պայմանավորված ոչ միայն եւ գուցե ոչ այնքան սոցիալական ամենավատ վիճակով, որքան տեսանելի հեռանկարի բացակայությամբ, երբ մարդն իր երեխայի համար Հայաստանում հեռանկար չի տեսնում: Եվ հիմա արդեն հեռանում են մարդիկ, որոնք սոցիալապես ապահովված են... Սա, ինչպես ճիշտ նկատվեց, իշխանություններին մտորելու տեղիք պետք է տա եւ մղի դեկլարատիվ հայտարարություններից գործնական քայլերի անցնելու, քանի դեռ ուշ չէ: Եթե Գյումրիում մարդը փակում է իր բիզնեսը եւ վերաբացում Վրաստանում, դա նաեւ նրանից է, որ հարեւան երկրում գործարարն առավել պաշտպանված է, կա օրենք եւ այդ օրենքը գործում է, բավական լուրջ քայլեր են արվել ընդդեմ կոռուպցիայի:

Քննարկման մասնակիցների կողմից անդրադարձեր եղան ու կարծիքներ հնչեցին նաեւ Գյումրիում աշխատանք գտնելու դժվարության, մարզի հատկապես սահմանամերձ Ամասիայի գյուղերի սակավ բնակեցվածության ու «ծերացման», կյանքի որակ հասկացության, մեր երկրում սոցիալական մեծ բեւեռացման, հայ քաղաքացու ձեւավորման հետ կապված եւ այլ խնդիրների մասին:

Արտագաղթը նաեւ բողոքի յուրատեսակ ձեւ է: Դրա հիմնական պատճառներից մեկը, Թաթուլ Հակոբյանի բանաձեւմամբ, հետեւյալն է. հայերը կարող են զրկանքներով ապրել երկար ժամանակ, բայց չեն հանդուրժում անարդարությունը: Այսինքն` երբ (իշխանությունները) մեկ բան ասում եւ իրենց նկատմամբ մեկ այլ բան են անում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4