Վերահսկիչ պալատի բացահայտումները 2010 թվականի վերաբերյալ հատուկ հետաքրքրություն են առաջացնում նաեւ 2010 թվականի բյուջեի կատարողականի առումով, որը երեկ քննարկվում էր Ազգային ժողովի հանձնաժողովներում: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ քննարկման ժամանակ ելույթ ունենալով` անդրադարձավ նաեւ կառավարության` ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ երկու ելույթի հնարավորությունը չօգտագործելուն. «Ցավոք սրտի, մենք չենք օգտվել հարակից զեկույցով հանդես գալու մեր իրավունքից: Մեղավորները կպատժվեն, որ մեզ տեղյակ չեն պահել, որ մենք այդ իրավունքից օգտվենք, քանի որ մենք չափազանց կարեւորում ենք Վերահսկիչ պալատի աշխատանքները, եւ այն բացահայտումները, որոնք առկա են»: Ապա անդրադառնալով բուն կատարողականինՙ գնահատեց, թե 2009-2010 թվականների ընթացքում իրականացված հակաճգնաժամային միջոցառումները 2010 թվականի ծրագրերի առումով սկսեցին տալ իրենց դրական արդյունքները. «2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ եւ հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո»:
Նա նշեց 2010-ի մակրոտնտեսական ցուցանիշները. «Համախառն ներքին արդյունքի աճը ծրագրված 1,2 տոկոսի փոխարեն կազմեց 2,1 տոկոս, ընդ որում` չափազանց կարեւոր է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը. մասնավորապես արդյունաբերությունում մենք արձանագրեցինք 10,5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 13,6 տոկոս աճ, հանքարդյունաբերությունում` 19,1 տոկոս աճ»: Վարչապետի խոսքով` ծառայությունների ոլորտում ապահովվել է 4,5 տոկոս աճ, իսկ ընդհանրապես` մակրոտնտեսական ցուցանիշները կլինեին ավելի բարվոք, եւ ՀՆԱ-ի ցուցանիշը կլիներ կրկնակի բարձր, եթե գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ` 15,7 տոկոս անկում չլիներ, որը պայմանավորված էր, այլ հանգամանքներով, նաեւ բնակլիմայական պայմաններով: Առեւտրի հաշվեկշիռը շուրջ 1,3 տոկոսով բարելավվել է ի հաշիվ նրա, որ արտահանման տեմպերը գերազանցել են ներմուծման աճի տեմպերին, ինչպես նաեւ բարելավվել է ընթացիկ հաշիվը` 15,8 տոկոս ճեղքվածքից` հասնելով 13,9 տոկոսի, բարելավվել է նաեւ ընթացիկ հաշիվը` 16,8 տոկոսից ճեղքվածքը իջել է 14,7 տոկոսի: Այս դրական միտումներն, ըստ վարչապետի, պետք է պահպանվեն մոտակա երեք տարիների ընթացքում, որպեսզի նաեւ բյուջեի պակասուրդը նվազի` հասնելով ծրագրային ցուցանիշներին: Բյուջեի դեֆիցիտը 7,7 տոկոսային կետից 2010 թվականին էապես նվազել է եւ կազմել է 5 տոկոս:
2010 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը 13 %-ով, իսկ ծախսային մասը գերազանցել է 2009 թվականի նույնանուն ցուցանիշը մոտ 3%-ով. 2009-ին պետբյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար աննախադեպ մեծ ծավալի պարտքեր են ներգրավվել, իսկ 2010թ. արդեն հիմնականում ծախսերը կատարվել են եկամուտների հաշվին, եւ բյուջեի դեֆիցիտի կրճատման պայմաններում` շուրջ 3 տոկոսով ավելացվել են ծախսերը:
2010 թվականի վերջին գնաճի մակարդակը կազմել է 9,4%, որի պայմանավորող հիմնական գործոնները երկուսն են` հիմնական պարենային եւ հումքային ապրանքների միջազգային գների բարձրացումը եւ նախորդ տարի գյուղատնտեսական ապրանքների առաջարկի աննախադեպ անկման հետեւանքով` վերջիններիս բարձր գների պայմանները: Նշված գնաճի 5 տոկոսային կետը եղել է ի հաշվի գյուղմթերքների գների աճի, իսկ 2,4 տոկոսային կետը` ներմուծվող ապրանքների գների աճի:
Այնուհետեւ վարչապետը կատարողական բազմաթիվ ոլորտային թվեր բերեց` նշելով նաեւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ եւ տնտեսության իրական հատվածում կատարված քայլերը: Իր ելույթի վերջում, կրկին անդրադառնալով ՎՊ մեկ օր առաջ ներկայացված հաշվետվությանը, հատկապես սոցիալական ոլորտի բացահայտումներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց. «Նախագահի հանձնարարականի հիման վրա եւ դեռեւս 2010թ. մենք կայացրինք քաղաքական որոշում, որ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարման ծառայությունը պետք է լուծարենք, եւ այդտեղից էլ սկսվեց այս ամբողջ պատմությունը, երբ այդ լուծարման գործընթացում սկսվեցին փուլ առ փուլ բացահայտվել բոլոր կոռուպցիոն երեւույթները: Այդ կոռուպցիոն երեւույթները բացահայտվելու պարագայում` հանրապետության նախագահը հանձնարարական տվեց Վերահսկիչ պալատին եւ կառավարությանը` սկսել այս բնագավառում ստեղծված իրավիճակի լայնածավալ ուսումնասիրություններ: Այդ ուսումնասիրությունները բացահայտեցին այդ երեւույթները», ասաց վարչապետը` նշելով, որ ՎՊ-ի բացահայտած ուղղություններով աշխատանքները շարունակվում է այսօր ֆինանսների նախարարության աուդիտը, Երեւան քաղաքի արդյունքներն ամփոփված են եւ ներկայացված են դատախազություն` 500 էջից ավելի փաստաթղթերով. «Միեւնույն ժամանակ մենք 3 ամսվա ընթացքում պետք է ամփոփենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը»:
Եվ վերջում ավելացրեց. «Համենայն դեպս, մենք արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքների հիման վրա ընդունված որոշումները Հայաստանի Հանրապետությունում էապես կրճատում են կոռուպցիոն ռիսկերը: Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ, իհարկե, կան բազմաթիվ կետեր, որոնք վիճահարույց են, եւ մենք այդ բանավեճը շարունակում ենք Վերահսկիչ պալատի հետ, քանի որ դեռեւս գտնված չեն լուծումներ, որոնք կբավարարեն նաեւ գործադիր իշխանությանըՙ այս կամ այն գործառույթը կանոնակարգելու տեսակետից»:
Մ. Խ.