Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հաստատեց այն տեղեկությունը, որ մայիսի 12-ին Գ. Ծառուկյանը, իրեն պատկանող կոնյակի գործարանի սրահում հանդիպել է 70 գիտնականների եւ մշակույթի գործիչների հետ` քննարկելով ինչպես մշակույթի, արվեստի, գիտության, կրթության ոլորտային, անպես էլ ավելի լայն նշանակության հարցեր: Հանդիպման մասնակիցն են եղել ինստիտուտների տնօրեններ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, երաժիշտներ: Բոլոր այն հարցերը, որոնք բարձրացրել են հանդիպման մասնակիցները, ԲՀԿ-ում կուսումնասիրենՙ հնարավորության դեպքում լուծում տալով դրանց: Ըստ լրատվական կայքերի տեղեկությունների` նաեւ պետական նշանակության հրատապ հարցեր են քննարկվել: Գ. Ծառուկյանն ասել է, որ իր համար կուսակցական պատկանելությունը չէ կարեւորը, խնդիրը երկիրն այս վիճակից հանելն է, ինքը պաշտոնի ակնկալիք չունի. «Եթե մենք չլուծենք, դուք չլուծեք հարցերը, մեր փոխարեն դա ոչ ոք չի անի», ըստ կայքերի տարածած տեղեկատվության ասել է նա: Ոլորտային աշխատանքային խմբերում հետագայում քննարկումները պետք է շարունակվեն` մասնակիցների առաջարկների հիման վրա պետք է կազմվեն իրատեսական ծրագրեր, որոնց իրականացնելու վրա կաշխատեն Գ. Ծառուկյանն ու իր թիմը:
Մ. Խ.