Մայիսի 12-ին ԵԱՀԿ մշտական խորհրդում տարածվել է Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումների վերաբերյալ Եվրոպական միության հայտարարությունը:
«Եվրոպական միությունն արձանագրում է Հայաստանում տեղի ունեցած վերջին դրական քաղաքական զարգացումները: Եվրոպական միությունը, մի շարք առիթներով մտահոգություններ է հայտնել երկրում հավաքների ազատության առնչությամբ: Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Երեւանի քաղաքային իշխանությունները թույլատրեցին քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Հուսով ենք, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն արձագանքին: Այս հանրահավաքի ընթացքում պահպանվեց կարգ ու կանոնը` ինչը, ըստ ամենայնի, արդյունք էր իրավապահ մարմինների եւ ընդդիմադիր խմբերի արդյունավետ համագործակցության: Հաշվի առնելով, որ 2012թ. Հայաստանում մեկնարկելու է նոր ընտրաշրջանը, հատկապես կարեւորում ենք հավաքների ազատության հարգումը: Եվրոպական միությունը նաեւ ողջունում է նախագահ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում առավել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել 2008թ. մարտյան դեպքերի առնչությամբ: Այդ նույն համատեքստում ողջունում ենք, որ վերջին շաբաթների ընթացքում, այդ դեպքերից հետո դատապարտված եւ կալանավորված երեք ընդդիմադիր ակտիվիստներ` Հարություն Ուռուտյանը, Ռոման Մնացականյանը եւ Արամ Բարեղամյանը, վաղաժամ ազատ են արձակվել: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններինՙ շուտ ազատ արձակել բոլոր մնացյալ ակտիվիստներին: Եվրոպական միությունը գտնում է, որ 2008թ. մարտյան դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը եւ այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատարձակումը կօգնեն Հայաստանի իրական առաջխաղացմանը»:
Հ. Ա.