«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2011-05-12 | #56, 2011-05-13 | #87, 2011-05-14


ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ, ԻՍԿ ԱՎԵԼԻ ՃԻՇՏ` ՓՈԽՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ

Երբ մի երկրում ձերբակալվում է 5ամյա աղջնակ, որը պարզապես քաղաքի այգում մոր ձեռքը բռնած «ազատություն» է բղավում, ապա զարմանալ ամենեւին պետք չէ, որ նույն այդ երկրում, ի թիվս այլ լրատվամիջոցների, փակվում են «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանների կայքերը:

Հինգշաբթի երեկոյան Եվրոխորհրդարանը բանաձեւ ընդունեց Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության վերաբերյալ: Բանաձեւը բավականին կոշտ է, մասնավորապես` եվրոպական խորհրդարանը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել վերջին հանրահավաքների ժամանակ ձերբակալված ընդդիմադիրներին, երիտասարդ ակտիվիստներին ու բլոգերներին, ինչպես նաեւ հարգել իր իսկ վավերացրած կոնվենցիաները խոսքի ու հավաքների ազատության վերաբերյալ: «Իրավիճակն այդ երկրում իսկապես բավական մտահոգիչ է», ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բանաձեւի քննարկումների ժամանակ հայտարարել է բրիտանացի պատգամավոր Չարլզ Թանոքը ` հավելելով. «Այժմ մենք լսում ենք հաղորդագրություններ լրագրողների եւ ընդդիմադիրների նկատմամբ հարձակումների ու բռնությունների մասին: Սա նոր զարգացում չէ, այնուամենայնիվ, եւս մեկ անգամ հիշեցնում է մեզ Ալիեւի վարչակազմի իրական դեմքը: Թեեւ այդ երկիրը պարտավորություններ է ստանձնել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ, իրականությունը բոլորովին այլ է: Ադրբեջանը բյուրավոր նավթադոլարներ է ծախսում` ապացուցելու միջազգային հանրությանը, որ ժողովրդավար է, սակայն մենք այդ խայծը կուլ չենք տա»: Իր հերթին հոլանդացի պատգամավոր Սչակե Մարիետյեն , կոչ անելով Եվրոմիությանը առավել խիստ արձագանքել գործընկեր երկրներում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտումներին, ընդգծել է. «Վախի, սպառնալիքի ու ճնշումների այս մթնոլորտին պետք է վերջ դրվի»:

Ի դեպ, ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում իր փոքրիկ տանն այժմ գիտական գործունեությամբ զբաղվող 83-ամյա Ջին Շարփը, որին միջազգային մամուլն անվանում է «արաբական աշխարհում շարունակվող հեղափոխությունների ոգեշնչող», իր աշխատությունների, օրինակՙ «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքի համար, դեռեւս այս տարվա փետրվարին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել էր. «Երբ մարդիկ այլեւս չեն վախենում, բռնապետությունը մեծ վտանգի մեջ է»: Այս ֆոնում, անշուշտ, Եվրոխորհրդարանի հոլանդացի պատգամավոր Մարիետյեի դիտարկումը հատկանշական է: Ինչեւէ. երեկ երեկոյան Եվրոխորհրդարանի «ադրբեջանական» քննարկումներից առանձնացնենք նաեւ նույն Մարիետյեի խոսքերը, որ «Ադրբեջանի իշխանությունները կորցնում են իրենց վստահությունը», իսկ թե ինչ է լինում այն ժառանգական իշխանությունների հետ, որոնք Արեւմուտքի առջեւ կորցնում են վստահությունը, վերջին ամիսներին բոլորս ականատես եղանք: Հոլանդացի պատգամավորը նկատել է նաեւ, որ «Եվրոպան նույնպես կորցնում է իր վստահությունը, երբ չի արձագանքում այս խախտումներին: Դրանք հստակ հետեւանքներ պետք է ունենան Եվրոմիության եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա»:

Հետաքրքրական զուգադիպությամբ, ավելի վաղ` մայիսի 10-11-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ «Ազատության» հերթական ֆորումը: Ադրբեջանական «Թուրան»-ի տեղեկացմամբ` ֆորումին Ադրբեջանը ներկայացրել է Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում գործող «Ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ժողովրդավարության զարգացման ղեկավար, «Ռաֆտո» հեղինակավոր միջազգային մրցանակի դափնեկիր Մալախատ Նասիբովը: Օսլոյի ֆորումի ոչ միայն անվանումը, այլեւ այնտեղ Ադրբեջանի ներկայացուցչի հասցեն վկայում են միայն Բաքվի ունեցած ահռելի խնդիրների բարձրաձայնման մասին: Մանրամասնենք, որ ֆորումի ներկայացուցիչները Ադրբեջանի մասով ծանոթացել են Նախիջեւանում մարդու ազատության եւ իրավունքների իրավիճակի մասին պատմող լուսանկարների եւ տեսանյութերի: Կրկին անդրադառնալով Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւին, նշենք, որ «լրիվ պատահականությամբ» դրա տեքստը ԵԽ-ի պաշտոնական կայքում զետեղվեց մայիսի 10-ին: Ճիշտ այդ օրը «ամբողջ Ադրբեջանը» տոնում էր «առաջնորդ, ադրբեջանական պետություն ստեղծող» Հեյդար Ալիեւի ծննդյան օրը: Ալիեւ որդին հոր ծննդին առավել մեծ շուք տալու նպատակով այդ օրը կազմակերպում է նաեւ «Ծաղիկների տոն»: Ադրբեջանական «Ազադլիգը», ի դեպ, բոլրովին այլ անվանում է գտել. «Ստրուկների տոն». «Ադրբեջանի շարքային քաղաքացին ստրկորեն ենթարկվում է ավտորիտար ռեժիմին: Ենթարկվելու պատճառները վախը եւ հանապազօրյա հացից չկտրվելու ցանկությունն են: Այսօրվա Ադրբեջանում ստեղծվել է մի քաղաքական համակարգ, որը նման է տոտալիտար երկրների համակարգերին: Պետական բարձր մակարդակով նշվում է ավագ Ալիեւի ծննդյան օրը, ինչն ավելի շատ անձի պաշտամունք է հիշեցնում: Տեղադրվում են հուշարձաններ, անվանակոչվում են դպրոցներ, անգամ Բաքվի միջազգային օդանավակայանը կրում է նրա անունը: Դա խորհրդանշական է, քանի որ ով վայրէջք կատարի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, անմիջապես կհասկանա, թե ում է պատկանում այս երկիրը»:

«Ազադլիգը», «շնորհավորելով եւս մեկ անգամ առաջնորդի ծննդյան տոնը», փաստում է. «Ադրբեջանցի ժողովրդի լայն մասսաները չեն ընդունում Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքը, քանի որ նրա կառավարման ժամանակաշրջանը համընկավ երկրի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներում պարտությունների հետ: Հասարակ ժողովրդի համար խորթ է քրդական ծագում ունեցող «ալիեւյան կլանի» շքեղ կյանքը համատարած աղքատության պայմաններում»: Ադրբեջանական պարբերականը` ավելի վաղ, անդրադառնալով, Եվրոխորհրդարանում «ադրբեջանական բանաձեւի» քննարկմանը, նկատել էր բավական ուշագրավ մի հանգամանք: Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցը եվրոպացի պատգամավորները քննարկել են Բելառուսի եւ Շրի Լանկայի նույն հարցերի հետ համատեղ: «Նշված երկրների հետ (Բելառուս, Շրի Լանկա-Հ. Ա.) նույն հարթությունում «քննարկվելը» լուրջ ազդանշան է Ադրբեջանի իշխանությունների համար: Մասնավորապես Բելառուսը գտնվում է եվրոպական կառույցների լուրջ պատժամիջոցների տակ (Բելառուսին վերջերս դուրս հրավիրեցին` ԵՄ «Արեւելյան գործընկերությունից», որի անդամ է նաեւ Ադրբեջանը-Հ. Ա.): Այդ երկրի պաշտոնյաների մուտքը Եվրոպա արգելված է: Ադրբեջանական կառավարության դեմ նման պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն արդեն մի քանի անգամ քննարկվում է: Այժմ Ադրբեջանի հարցը Բելառուսի հետ քննարկման դնելը հենց դրա վկայությունն է», գրում է ադրբեջանական թերթը` կարեւոր հավելումով. «Ի տարբերություն Բելառուսի, Ադրբեջանի չինովնիկները շատ ավելի մեծ եւ բազմաթիվ բիզնես թելերով են կապված Եվրոպայի հետ: Հետեւաբար` նման պատժամիջոցների ու քաղաքական սահմանափակումների դեպքում ադրբեջանցի չինովնիկները կարող են կանգնել նաեւ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ»: Դե իսկ այն, որ Ալիեւ կրտսերը բավական սերտ, մտերմիկ հարաբերություններ ունի Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, մենք գիտենք նաեւ այն հանգամանքից, որ Մինսկի համալսարանի պատվավոր դոկտոր են երկու հոգի` Իլհամ Ալիեւն ու...Մուամար Քադդաֆին` ի դեպ: Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունը, վերջին ամիսների հայտնի «արաբական դեպքերից» հետո լայն թափով սկսեց հակակոռուպցիոն գրծողություններ: Ադրբեջանական հակակոռուպցիոն շոուն բրիտանական The Economist-ը «իմիտացիա» է որակավորել: Պարբերականը, մեջբերելով Transparency international կազմակերպության զեկույցը, արձանագրում է, որ կոռուպցիայի մակարդակով Ադրբեջանը Զիմբաբվեի հետ կիսում է աշխարհում 134-րդ տեղը. «Ալիեւն ու նրա շրջապատը մեծաքանակ կապիտալ են ձեռք բերում երկիր մտնող եկամուտներից: Եկամուտների մի փոքր մասն էլ ծախսում են որոշ ենթակառուցվածքային նախագծերի վրա: Այսպիսի կառավարման մեթոդը երկար ժամանակ չի կարող շարունակվել», գրում է The Economist-ը: Այս ամենի մասին բարձրաձայնում է հատկապես Բաքվի «իշխող ընտանիքի» հետ ամուր կապեր ունեցող Բրիտանիայի պարբերականներից մեկը:

Ինչեւէ, Ադրբեջանում հետաքրքրական իրադարձությունները շարունակվում են: Ադրբեջանում շարունակում են նաեւ այդ հետաքրքրական իրադարձությունները բարձրաձայնողներին ձերբակալել: Ըստ միջազգային տվյալների` հարեւան երկրում 7 տասնյակի հասնող քաղբանտարկյալներ կան: Ադրբեջանական ընդդիմությունը խոսում է 100-ից ավելիի մասին: Ուշագրավ է, որ նրանց մեծամասնությունը, «փաստորեն», թմրամոլ են: Ժամանակը չէ՞ արդյոք որ Բաքուն կողմնորոշվի, թե ի՞նչ երկիր է վերջապեսՙ ազատ խոսքը բռնաճնշո՞ղ, թե՞ թմրամոլների. երկուսն էլ պաշտոնապես հերքվում են, բայց Բաքվի հրապարակներում միանգամից տասնյակներով մարդկանց ձերբակալելը «ազատություն» բառի համար խոսում է առաջինի, իսկ հետագայում` միայն ոստիկանությունում նրանց գրպանում թմրանյութ հայտնաբերելը` երկրորդի մասին: Ամեն դեպքում` ընտրությունը, իսկ ցանկալի է` փոփոխությունը, Բաքվինն է:

Իսկ մինչ այդ` նորից ընթերցենք 15,2 տոկոսով Թուրքիային պատկանող Euronews-ի դիտարկումը. «Մարդիկ դեմ են նախագահական աթոռն իր հորից ժառանգած Իլհամ Ալիեւի իշխանությանը»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4