Առավել հավանական է, որ աստիճանաբար արժեւորվի
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին հրավիրված տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ խոսեց նաեւ ազգային արժույթի հետագա վարքագծի մասին: Մասնավորապես, ըստ նախագահի, դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է: «Բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ եւ կայուն արժեզրկումՙ առանց նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում», ասաց Սերժ Սարգսյանը:
Ի՞նչ տեղի ունցավ նախագահի այս ելույթից հետո: Դրամի փոխարժեքը կտրուկ նվազեցՙ 1 դոլարի դիմաց 360-365 դրամից հասնելով մինչեւ 1 դոլարի դիմաց 370-375 դրամի: Պատճառն այն էր, որ երկրի ղեկավարի այս հայտարարության հետեւանքով բնակչության մեջ ձեւավորվեցին համապատասխան սպասումներ: Այսինքն, եթե երկրի նախագահն ասում է, որ դրամը արժեզրկվելու է, անկախ նրանից, թե ինչ է նկատի ունեցել եւ ինչ ժամկետի համար, բնակչությունն անմիջապես նետվում է այն փոխանակելու եւ դոլար դարձնելու: Այդ գործընթացն այնքան աշխույժ էր, որ անգամ մարտ ամսին իրանցի զբոսաշրջիկների զանգվածային հոսքը Հայաստան, որն իր հետ բերում էր կարճ ժամանակահատվածի համար բավականանին մեծ դոլարային մուտքեր, դրամի կտրուկ արժեզրկման ընդհանուր պատկերը չփոխեց:
Հայտնի է, որ մեր երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող ամենաիրական վտանգներից է դոլարիզացիան: Դրա համար, առանց նախագահի ելույթի էլ, բարենպաստ միջավայրն առկա էՙ ի դեմս մեր բնակչության դոլարի հանդեպ ունեցած ինքամոռաց սիրո: Դրա մասին են վկայում դոլարիզացիայի բարձր ցուցանիշները: Ըստ Կենտրոնական բանկից մեզ տրամադրած տեղեկատվության, անցյալ տարվա երկրորդ կեսից սկսված դոլարիզացիայի նվազման տեմպերը այս տարվա առաջին եռամսյակում կրկին սկսել են ավելանալ: Երկու հիմնականՙ արտարժութային ավանդների ու փողի զանգվածի հարաբերակցության եւ արտարժութային ավանդների ու ընդհանուր ավանդների հարաբերակցության ցուցանիշներն այդ են վկայում:
Արտարժութային ավանդների ու փողի զանգվածի հարաբերակցությունը 2010-ի հունիս-հուլիսից սկսեց նվազել: Եթե մայիսին արտարժութային (դոլարային) ավանդները փողի զանգվածում կազմել էին 47 տոկոս, ապա հունիս-հուլիսից նվազեցին եւ դեկտեմբերին հասան 42,8 տոկոսի: Գրեթե նույնն է պատկերը նաեւ արտարժութային ավանդների ու ընդհանուր ավանդների հարաբերակցության ցուցանիշի դեպքում: Այստեղ մայիսից դոլարային ավանդները, ընդհանուր ավանդները սկսեցին նվազել, ապրիլի 71,2 տոկոսից իջնելով 69,5 տոկոսի, իսկ դեկտեմբերին հասնելով 64,3 տոկոսի:
2011-ի առաջին եռամսյակում արդեն երկու ցուցանիշների մասով էլ դոլարիզացիայի ցուցանիշները կրկին բարձրացել են: Հունվարին արտարժութային (դոլարային) ավանդները փողի զանգվածում կտրուկ բարձրանալովՙ կազմել են 45,5 տոկոս, փետրվարինՙ 45,2 տոկոս, մարտինՙ 45,6 տոկոս: Դոլարային ավանդները ընդհանուր ավանդների մեջ այս տարվա հունվարին կազմել են 66,1 տոկոս, փետրվարինՙ 65,3 տոկոս, մարտինՙ 65,1 տոկոս: Թեեւ մարտին հունվարի համեմատ դոլարային ավանդները 1 տոկոսով նվազել են, բայց բարձր են անցյալ տարվա վերջին եռամսյակի ցուցանիշի համեմատ:
Նկատենք, որ սրանք այս տարվա մարտի ցուցանիշներն են, իսկ նախագահի հայտարարությունն արվել է մարտին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ դրա ազդեցությունը կերեւա հաջորդող ամիսների ցուցանիշների մեջ: Իսկ թե ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել դոլարիզացիայի մակարդակի բարձրացումը մեր տնտեսության համար, թերեւս լրացուցիչ բացատրության կարիք չունի: Բավական է հիշել մի քանի տարի առաջ Արգենտինայի տնտեսության փլուզումը, որը հենց բարձր դոլարիզացիայի հետեւանքն էր:
Նախագահի վերեւում նշված հայտարարության կապակցությամբ, Կենտրոնական բանկի նախագահին վերջին ճեպազրույցի ժամանակ հարց ուղղեցինք, թե դա նշանակո՞ւմ է, որ ԿԲ քաղաքականությունը փոփոխություն է կրել: Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ նախագահի ասածը վերաբերում էր երկարաժամկետ մակարդակին, բայց կան սեզոնային գործոններ, օրինակՙ գյուղմթերքների, արտերկրից փոխանցումների հետ կապված, երբ դրամը արժեւորվում է: Ըստ ԿԲ նախագահի, Կենտրոնական բանկը ազգային արժույթի թուլացման քաղաքականություն չի վարում:
Հասկանալի է, որ ԿԲ նախագահը չի կարող հակառակվել երկրի նախագահին, բայց երբ վերջինիս հայտարարությունից հետո մարդիկ նետվեցին դոլար գնելու, գոնե այդ ժամանակ հայտարարեր, որ Կենտրոնական բանկը դրամի թուլացման քաղաքականություն չի վարելու: Դա գուցե որոշ չափով կասեցներ դրամը դոլար դարձնելու հետ կապված իրարանցումը:
Այժմ էլ անհասկանալի եւ անորոշ իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից Սերժ Սարգսյանն ասում է, որ «ունենալու ենք դրամի շատ դանդաղ եւ կայուն արժեզրկում», մյուս կողմից Արթուր Ջավադյանըՙ «ազգային արժույթի թուլացման քաղաքականություն չենք վարում»: Հավանաբար, բնակչության մեջ գերակշելու են նախագահի հայտարարության ազդեցությունն ու դրանով պայմանավորված սպասումները: Սակայն առավել հավանական է, որ դրամի արժեզրկումը չի շարունակվի: Ինչը ոչ այնքան ԿԲ նախագահի հավաստիացմամբ կամ ԿԲ դրամավարկային քաղաքականությամբ է պայմանավորված, որքան տնտեսական բնական գործընթացներով:
Նախ, աշխարհում վերջին մեկ ամսվա ընթացքում դոլարի դիրքերը թուլացել են, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել նաեւ դրամ-դոլար հարաբերակցության վրա: Սեզոնային գործոններից ամռանը, գյուղմթերքների բերքով պայմանավորված, դրամը սովորաբար արժեւորվում է: Արտահանման խրախուսման քաղաքականությունը, որը մտադիր են իրականացնել նախագահն ու կառավարությունը, բերելու է արտարժույթի ներհոսք Հայաստան, նույնպես ազդելով դրամի արժեւորման վրա: Արտերկրից մասնավոր փոխանցումների ծավալները ավելանում են, ինչը նույնպես նպաստում է դրամի արժեւորմանը:
Գնաճի զսպման նպատակով ԿԲ-ի կողմից դրամավարկային քաղաքականության կոշտացումը, այսինքնՙ վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը եւս նպաստում է դրամի արժեւորմանը: Կենտրոնական բանկի կողմից բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվներում վերջերս կատարված փոփոխությունը, ըստ որիՙ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափից, որը կազմում է 12 տոկոս, այսուհետեւ 9 տոկոսը պետք է կատարվի հայկական դրամով, իսկ 3 տոկոսըՙ արտարժույթով, նույնպես նպաստելու է ազգային արժույթի արժեւորմանը: Հիշեցնենք, որ մինչ ԿԲ-ի այս որոշումը, ներգրավված միջոցների դիմաց հայկական դրամով եւ արտարժույթով պահուստավորումը հավասարապես 6-ական տոկոսով էր:
Վերոնշյալ գործոններն անառարկելիորեն խոսում են առաջիկա ամիսներին դրամի ոչ թե աստիճանական արժեզրկման, այլ աստիճանական արժեւորման մասին: Այլ բան է, եթե Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս որոշի անձամբ միջամտել եւ իր հայտարարությամբ բնական գործընթացներին հակառակ սպասումներ ձեւավորել: Սակայն հուսով ենք, որ նման բան նա այլեւս չի անի: Իսկ տեղական արտադրողներին ճիշտ կլինի աջակցել այլ ձեւերով, որպիսիք հենց նախագահն է առաջարկել գործարարների հետ իր վերջին հանդիպումների ժամանակ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ