Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանում քաղաքացիներից ստացված բողոքների, տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի զեկուցագրի համաձայն, թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդները որպես փոխադրավարձ ուղեւորներից գանձել են 200 դրամ: Ընկերության տնօրենը հաստատել է 200 դրամ ուղեվարձ գանձելը, ինչը ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրով նախատեսվածՙ երթուղին 100 դրամով սպասարկելու պարտավորության խախտում է:
Թիվ 69 երթուղին սպասարկող ընկերությունը խախտել է Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի մեկ այլ կետ, որի համաձայն նախատեսվում է երթուղին սպասարկել դեղին հիմնագույնի պետհամարանիշներով միկրոավտոբուսներով, եւ երթուղին սպասարկել է չհայտագրված փոխադրամիջոցներով:
Հիմք ընդունելով վերը նշված, ինչպես նաեւ իրականացված մոնիտորինգով արձանագրված մի շարք խախտումները, Երեւանի քաղաքապետի որոշմամբ մայիսի 20-ից լուծված են համարվում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, եւ վերջիններս նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից: «Երեւանտրանս» ընկերությանը հանձնարարվել է մինչեւ նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը թիվ 76 եւ 69 երթուղիներում սպասարկման նպատակով պայմանագիր կնքել տրանսպորտային միջոցներ ունեցող այլ կազմակերպության հետ:
Ա. Մ.