Հազվադեպ է աշխատանքային առօրյան հոգեկան բավարարության վերածվում. երբ սիրածդ գործով ես զբաղվում, տաղտուկ չի սպառնում: Այդպիսին է Սեւան Տեյիրմենճյանի աշխատանքը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթում, որտեղ նա խմբագիր եւ գրական աշխատող է միաժամանակ: Իր կերպարը արեւմտահայ գրականությունից ու մամուլից մեզ ծանոթ անցած դարասկզբի պոլսահայ մտավորական միջավայրն է հիշեցնում: Իր հետաքրքրությունները, վերաբերմունքները գրի-մշակույթի մարդու այդպիսին են եւ այնքան բնական, որ կյանքը ուրիշ ճանապարհ չէր կարող ընտրել նրա համար: Տունը մոտ էր խմբագրությանը, թերթի հայկական մթնոլորտը ձգում էր իրեն ու հաճախ այնտեղ պահում. առաջին հոդվածը 14 տարեկանում տպագրվեց ու այդպես շարունակվեց մինչեւ հիմա: Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ ասպիրանտուրան ավարտելուց հետո նա վերադարձավ եւ աշխատանքի անցավ «Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում, որտեղ խմբագրական-լրագրական գործերին զուգահեռ նաեւ գրականագիտական պրպտումներ է անում: Հավաքչական այն աշխատանքները, որ տարիներ արդեն կատարում է նա, արեւմտահայ մամուլում սփռված հայտնի եւ անհայտ գրողների գործերի ժառանգության ամբողջացմանն ու հրատարակմանն է ուղղված: Այդ ժառանգությունը մոռացության չտալու, նրանց վաստակի հանդեպ հարգանքի, երախտիքի ծնունդ էր արեւմտահայ ամենաինքնատիպ բանաստեղծներից մեկիՙ Եղիա Տեմիրճիպաշյանի «Հրայրք մութին» ժողովածուի լույս աշխարհ գալը Ստամբուլում, որի աշխատանքներին մասնակցեց նաեւ Հայաստանից Սիրանուշ Դվոյանը: Հաջորդը, որ նախաձեռնեց Սեւան Տեյիրմենճյանը փարիզահայ գրող, գրականագետ Գրիգոր Պլըտյանի հետ, Զապել Եսայանիՙ 1895-1908 թվականների մամուլում տպագրված գեղարվեստական արձակ գործերի ժողովածուն էրՙ «Սկիւտարի վերջալոյսները» խորագրով: Երկու տարի առաջ Ստամբուլում հրատարակեց «Ժամանակ» թերթի հիմնադիր-խմբագիր Միսաք Գոչունյանի «Կեանքի տեսարաններ» հատորը: Այս ծրագիրը մտահղացվել էր գրականագետ Գրիգոր Հակոբյանի հետ միասին: Ցավոք, նա չհասցրեց դրա իրագործումը տեսնել. կյանքից վաղաժամ հեռացավ: «Նա իմ ուսուցիչը չի եղել, բայց ես ինձ համարում եմ իր ուսանողը: Գրիգոր Հակոբյանը փափագում էր տպագրված տեսնել Միսաք Գոչունյանի «Կրակին մէջէն» վեպը: Ինքը, ցավալիորեն, շուտ լքեց մեզ: Ես դա ամբողջացրի, պարտքս էր, որով եւ կատարվեց գրականագետի կտակը»:
Միսաք Գոչունյանի «Կրակին մէջէն» վեպը որպես թերթոն տպագրվել սկսվեց իր հիմնադրած «Ժամանակ» օրաթերթի հենց առաջին համարիցՙ 1908-ի հոկտեմբերի 26-ից մինչեւ 1909 թ. մարտ ամիսը: Ամբողջական գրքով հրատարակվեց 100 տարի անց, Երեւանում 2010-ին, «Տիգրան Մեծ» տպագրատանը, տնօրեն Վրեժ Մարկոսյանի մեկենասությամբ, նվիրված «Ժամանակ» թերթի 100-ամյակին: Հատորը հրատարակության է պատրաստել Սեւան Տեյիրմենճյանը, հավաքել-ամբողջացրել վեպի բոլոր հատվածները, կատարել տեղանունների ծանոթագրությունները, ուղղագրություն-կետադրությունը համապատասխանեցնել ժամանակակից լեզվական պահանջներին, հեղինակել գրքի առաջաբանը:
Անցյալի ժառանգության նկատմամբ հարգանքը եւ գրահրատարակչական գործի սերն է նրան մղում խորամուխ լինելու անցյալի մամուլի էջերում, հատ-հատ հավաքել ամենատարբեր թերթերում սփռված նմուշներ. աշխատատար եւ ժամանակատար մի գործ, որ ինչպես ինքն է վկայում, շատ հաճախ պակասավոր է լինում: Հայաստանի ազգային գրադարանում, որի արխիվներից նա օգտվել է, թերթի մեկ համարի բացակայությունն արդեն խոչընդոտ էր գրքի հրատարակության համար: Այդ պակասավոր հատվածը հայթայթվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության մամուլի արխիվներից: Հետաքրքրական է, որ ավելի ուշ նա դա գտել է Ստամբուլի ազգային գրադարանում:
- Անդրադառնանք «Կրակին մէջէն» վեպին: Ժանրային ինչ առանձնահատկություններ են բնորոշ թերթոն-վեպին:
- Թերթոն-վեպը ամենօրյա թերթում հաջորդաբար տպագրվող գործեր են, որոնց բնորոշ է իրական եւ հորինվածքային շարադրանքՙ ամենօրյա ընթերցողական հետաքրքրությունը պահպանելու համար ոճային ակտիվ հնարքներ, դետեկտիվի տարրեր պարունակող: Մամուլում երբեմն շատ տեւական տպագրություն են դրանք ունենումՙ կախված ընթերցողական արձագանքից:
Միսաք Գոչունյանը այդ շրջանի արեւմտահայ գրականության եւ մամուլի պատմության մեջ մեծ դեր է ունեցել թերթոն-վեպ ժանրով: Ժանրի ամենանշանավոր ներկայացուցիչը Երվանդ Օտյանն էր: Մինչեւ «Կրակին մէջէն» վեպիՙ «Ժամանակ» օրաթերթում տպագրվելը նա արդեն մի շարք վեպերի հեղինակ էր, որոնք լույս էին տեսնում մամուլում եւ որպես առանձին հատորներ հետագայում հրատարակվեցին («Վրեժխնդիրը, Բախտախնդիրը», «Ժառանգորդը», «Կնճռոտ հանգոյց մը»): Զարմանալի է, որ թերթը 1908-ին իր առաջին համարը սկսեց այս վեպի տպագրությամբ: Ինքըՙ Մ Գոչունյանը, պահպանողական հայացքների տեր անձնավորություն էր համարվում, սակայն դրվատանքով է ներկայացնում հեղափոխական այնպիսի գործողություն, ինչպիսին Բանկ Օտոմանի գրավումն է: Այս վեպը փաստորեն Բանկ Օտոմանի գրավման եւ 1896-ի պոլսահայ կոտորածների վերաբերյալ գեղարվեստական առաջին երկն է: Ժամանակի խիստ գրաքննության պատճառով, միայն 1908-ի համեմատական ազատությունը հնարավորություն տվեց հեղինակին հրապարակել այսպիսի վեպ, որ կես-իրական, կես- հորինվածքային սյուժե ունի, հենված վավերական իրողությունների վրա: Վեպի վեցերորդ գլուխն, իմ կարծիքով, առանցքային է, որտեղ հեղինակը նկարագրում է հայկական թաղամասերում կատարված ջարդերը, որոնց ինքը ականատես է եղել: Թեեւ Բանկ Օտոմանի գրավումը ներկայացված է փոքր-ինչ վիպականացված, հերոսները բանկ ներս են մտնում իբր փող չեյնջ անելու, մինչդեռ իրականում ուղղակի խուժել եւ ռմբակոծել են, եւ Բաբկեն Սյունին էլ նահատակվել է:
Միսաք Գոչունյանը սիրված եւ ընթերցվող հեղինակ էր եւ ազդեցիկ դեմքՙ Ստամբուլում: Նա արեւմտահայ ամենատարբեր թերթերին է աշխատակցել («Բյուզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Մանզումէի էֆքեար»), արեւմտահայ վիպերգության անվանի դեմքերից է, ազգային-ընկերային կյանքը, մարդկային փոխհարաբերություններ, հոգեբանական վիճակներ ներկայացնող գրող:
- Եվ ինչպես ինքդ ես գրում գրքի առաջաբանում, 1913-ին երբ մահացավ, Մայր եկեղեցում նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ նախկին պատրիարք Մաղաքիա Օրմանյանի նախագահությամբ, Եղիշե արք. Դուրյանի ներկայությամբ: Կերոնակիրների մեջ էին Տիրան Քելեկյանը եւ Վահան Թեքեյանը, դամբանախոսներն էին Մ. Օրմանյանը, Թեոդիկը, Երվանդ Օտյանը:
Սեւան, Ի՞նչ զգացողություն ես ունենում, երբ թիկունքիդ ունես այնպիսի հարուստ կենսագրություն ու հին պատմություն ունեցող խմբագրատուն, ինչպիսին «Ժամանակ» օրաթերթն է:
- Մեծ պատասխանատվություն է պահանջում, որովհետեւ նախՙ ապրում ես մի գաղութում, որտեղ ստեղծագործել են մեծ դասականներՙ թե քաղաքական մտքի, թե մշակույթի ու գրականության եւ ցավ է տեսնել այդ համայնքը այսօր, որ գրեթե ոչինչ ունի ազգային:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ.- Միսաք Գոչունյանի «Կրակին մէջէն» գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր Թեքեյան կենտրոնում, ժամը 14.00-ին: