Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունըՙ համագործակցությամբ Գյոթեի ինստիտուտի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, հրավիրում է անսովոր մի համերգի.
2011 թ. մայիսի 14-ինՙ շաբաթ, ժամը 20:00-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում ելույթ կունենա «New Generation» կվարտետըՙ ներկայացնելով դասական եւ ժամանակակից երաժշտություն: Ծրագրում ընդգրկված են կատարումներ Կալդինիի, Հենդելի, Չայլդսի եւ այլոց ստեղծագործություններից:
Չորս երիտասարդ ֆլեյտահարուհիները, նվագելով չորս տարբեր ֆլեյտաներով, քննադատաբար են մոտենում ունկդրման սովորույթներին եւ կոտրում են դրանք: Նրանք կարողանում են բացել անսպասելի հնչյունային աշխարհներ եւ շարունակ զարմացնում են իրենց ունկնդրին: Կվարտետը նվաճել է բազմաթիվ առաջին մրցանակներ եւ մեծ հաջողությամբ բազմաթիվ համերգներ ունեցել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում: Այժմ ֆլեյտահարուհիները համերգային շրջագայություն են կատարում Հարավային Կովկասով: Նրանց առաջին կանգառը Երեւանն է:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ