Անցյալ դարասկզբի պոլսահայության ազգային կյանքի ակտիվությունը շատ առումներով պարտ է տեղի մամուլին, եւ անպայմանորեն «Ժամանակ» օրաթերթին, որը հիմնադրվեց 1908-ին եւ շարունակվում է լույս տեսնել արդեն 100 տարի եւ ավել: Թերթի անդրանիկ համարից սկսվեց հրապարակվել նրա հիմնադիր եւ առաջին խմբագիր Միսաք Գոչունյանի «Կրակին մէջէն» թերթոն-վեպը` հնգամսյա տեւողությամբ: Որպես առանձին հատոր այն լույս տեսավ 2010-ին, Երեւանում, թերթի գրական խմբագիր Սեւան Տեյիրմենճյանի աշխատասիրությամբ` վեպին կից Զապել Եսայանի «Գնունի» հավելվածով: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ շաբաթ օրը, Թեքեյան մշակութային կենտրոնում: Ցերեկույթը վարեց գրականագետ Գուրգեն Գասպարյանը: Ժանանակաշրջանի գրական կյանքին, թերթոն-վեպի ժանրային առանձնահատկություններին, հեղինակին` նրա ընդհանուր անդրադարձին հետեւեցին Նելլի Անանյանի եւ Նարինե Պետրոսյանի հանգամանալի վերլուծումները, որոնցում վեպը արժեւորվեց նախ` որպես հեղափոխական գրականության նմուշ, Գումգաբուի հայտնի դեպքերի, Բանկ Օտոմանի գրավման մասին առաջին փաստագեղարվեստական երկ, նաեւ կարեւոր` հայ ազգային-ընկերային կյանքի, տարբեր ազգերի ներկայացուցիչների, կնոջ ազատական հայացքների եւ հանրային այլ հարցերի արծարծմամբ:
Տպավորիչ էր Սեւան Տեյիրմենճյանի շնորհանդեսային ներկայացման լուսապատկերային ցուցադրությունը. ներկայացվեցին Պոլսի այն տեսարանները` թաղամասեր, շենքեր, որտեղ ծավալվել է սյուժեն, եւ որոնց առնչվում են վիպական գործողությունները-Սամաթիայի Ս. Գեւորգ եկեղեցին, Գալաթասարայի վարժարանը, Բերա թաղամասը, Անգլիայի դեսպանատունը, Բանկ Օտոմանը եւ դրա գրավման մասնակիցները, նաեւ վեպի` օրաթերթում տպագրված հատվածներ, ինչպես եւ այս թեմային հետագայում անդրադարձած երեք հեղինակները եւ նրանց գրքերը: Նրանցից Ալեքսանդր Թոփչյանը իր «Բանկ Օտոման» վեպը տպագրեց վերջին տարիներին` բավականին հետաքրքրություններ առաջացնելով հայ եւ օտար ոչ միայն գրական, նաեւ քաղաքական շրջանակներում: Գիրքը լույս տեսավ նաեւ ֆրանսերեն թարգմանությամբ, Փարիզում: Ալ. Թոփչյանի դիտարկումների մեկնակետը նկատելիորեն տարբեր էր նախորդ բանախոսներից` հարցը միտված ներկայացնելու անցյալի եւ ներկայի միջազգային հարաբերությունների, գերտերությունների աշխարհաքաղաքական շահարկումների համատեքստում, որը ներկայացնում է գրողի հստակ, պրագմատիկ վերաբերմունքը:
Իր գիրքը գրելիս նա տեղյակ չի եղել «Կրակին մէջէն» վեպի գոյության մասին, եւ ինչպես ասաց, սկզբունքորեն չի տեղեկանում նախորդող գեղարվեստական գործերին, ազդեցություններից խուսափելու համար. գերադասում է ճերմակ էջից սկսել: Այս նույն մոտեցումով է գրել Ռուբեն Սեւակին նվիրված «Եվ մահից հետո...» վեպը: Մ. Գոչունյանի վեպի մասին տեղեկացել է Փարիզում, Արա Գոչունյանից: Վարպետ գրչով գրված վեպ, վավերագրություն եւ հորինվածք միաժամանակ, իրականության հավաստիությունը պահպանելու վավերագրողի առաքելություն, որտեղ ակնհայտ է խմբագիր-լրագրողի ներկայությունը. Թոփչյանի վերաբերմունքը «Բանկ Օտոման»-ի գործողության հեղինակների հանդեպ նույնքան դրական է, որքան դեպքերի ժամանակակից նախորդ հեղինակի: «Եթե գնում էին մեռնելու, ուրեմն հերոսներ էին, ասում է` համոզված, որ անհնար էր այդ գործողությանը հետեւող ծրագրեր մշակված չլինեին»:
Ալ. Թոփչյանը նշեց լուսապատկերային ցուցադրության մեջ չընդգրկված երկու հեղինակի անուն, որոնք եւս անդրադարձել են պատմական այս դեպքին` Վահե Քաչա («Մի դաշույն այս պարտեզում») եւ Ժիլբեր Սինուե («Երեւան»):
Ցերեկույթի ավարտին Գուրգեն Գասպարյանը կրկին անդրադարձավ «Ժամանակ» օրաթերթին եւ մեր մամուլի պատմության մեջ նրա բացառիկ դերին. «Պոլսի մյուս թերթերի տպաքանակը ավելացավ, երբ սկսեց լույս տեսնել «Ժամանակը», պոլսահայերի մեծ մասին նա գրագետ դարձրեց, ստիպեց մարդկանց գրավոր խոսք կարդալ եւ դա խմբագրի հրապարախոսական-լրագրողական տաղանդի շնորհիվ»: Թերթի երկարակեցությունը նա պայմանավորեց Գոչունյան գերդաստանի ներկայությամբ նաեւ: Այդ ավանդույթները այսօր շարունակում է հիմնադրի ծոռը` թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, որի վերջաբան խոսքն ամբողջովին երախտագիտություն էր` Գարեգին 2-րդին, հոբելյանական ծրագրերին կաթողիկոսական օրհնության, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` աջակցության համար, վեպի բնագիրը պատրաստող գրչեղբորը` Սեւանին: Օրաթերթի սահմանած հատուկ Շնորհակալական գրերով պատվեցին Ռուբեն Միրզախանյանին, Նելլի Անանյանին, Նարինե Պետրոսյանին, Գայանե Մուրադյանին, Գուրգեն Գասպարյանին, չմոռացվեց վաղամեռիկ գրականագետ Գրիգոր Հակոբյանը` գրքի հրատարակման առաջին ջատագովներից մեկը: Հիշատակվեցին բոլոր այն լրատվամիջոցները հայաստանյան, որ արձագանքեցին «Ժամանակի» հոբելյանին:
Մ. Բ.