ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պարբերաբար Վերահսկիչ պալատի բարձրագոչ բացահայտումները լսելուց հետո լրագրողները չեն դադարում իրավասուներին հարցնել` բացահայտումների արդյունքում քանի՞ գործ է հայտնվել դատախազությունում, քանի՞ պաշտոնյա է պատժվել: ՎՊ նախագահն ասում էր, որ իր գործը չարաշահված գումարները բյուջե վերադարձնելն է, իսկ միլիոնավոր դրամներ շռայլած պաշտոնյաները գումարները վերադարձնում էին եւ հանգիստ հաջորդ տարի շարունակում անարդյունավետ շռայլումները (հիմա արդեն ՎՊ-ն իրավասու է նյութեր ուղարկել դատախազություն): Սակայն այդ գործելակերպը հասարակության ցանկությունների մեջ չի տեղավորվում, հասարակությունը պահանջում է տեսարաններ, պահանջում է պատժվողներ, մի խոսքով` ինքնախաբեություն, քանի որ ի վիճակի չէ արմատապես նայել ցավի արմատին: Հասարակությունն ինչ-որ ամորֆ բան է, նա չի կարող հետեւողական լինել, չի կարող պահանջել եւ մասնակից դառնալ կոռուպցիայի դեմ իրական պայքարի, դա պետք է նշանակեր փոփոխություն վերից վար, փոփոխություն մեր մենթալիտետում, փոփոխություն մեր մտքում եւ հոգիներում, եւ ի վերջո` ապահովված պետություն, որտեղ բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաները կդողան իրենց պաշտոնի եւ աշխատավարձի վրա եւ ոչ մի խախտում թույլ չեն տա, որ չկորցնեն դրանք: Հայաստանն աղքատ պետություն է, այստեղ պաշտոնյան միայն թոշակառուի թոշակի երեք չափ աշխատավարձ է ստանում հիմնականում, գայթակղությունները մեծ են, կրթության ու դաստիարակության պակասն ու ընտանիք պահելու հոգսն էլ իրենցն են անում: Այսինքն` ինքնին հասկանալի է, որ Հայաստանի տասնյակ հազար պաշտոնյաները հաստատ իրենց աշխատավարձով իրենց ընտանիքները չեն պահում, այդ միտքն անգամ ծիծաղ կհարուցեր: Բայց աղքատ հասարակություն ունեցող երկրում մարդկանց պետք է խաբել, սնել նրանց երեւակայությունը, որ այստեղ կոռուպցիայի դեմ պայքարում են: Ահա եւ երբեմն-երբեմն հասարակությանը սնունդ է նետվում` միտք զբաղեցնող, հույսը չմեռցնող: Դրա համար քավության նոխազներ են պետք: Քավության նոխազների ինստիտուտը միշտ էլ լայնորեն աշխատել է, օրինակներն էլ բոլորիս աչքի առաջ են: Այս համատեքստում պետք է փնտրել սոցապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ գուցե ծառայության այլ պաշտոնյաների դեմ գործ հարուցելու հասարակական պահանջի ֆենոմենը: Գուցե եւ արդարացի պահանջի, որովհետեւ ուրիշի գումարները յուրացնողի տեղն իհարկե բանտում է:
Ահա եւ Հայաստանի գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, հասարակության պահանջը սնելով, տեղեկացնում են, որ պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
Ուսումնասիրելով ֆինանսների նախարարությունից ստացված, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման եւ վճարման ճշտության ստուգման արդյունքներով կազմված ակտերի հիման վրա նախապատրաստված նյութերը, վերոնշյալ վարչությունը պարզել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է: Պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Մի խոսքով` իշխանական մեծամասնությունը, ում մաս էր կազմում Խաչիկյանը, հանձնում է նրան:
Սակայն եկեք ավելի խորքից նայենք խնդիրներին` առանց տրվելու կոռուպցիայի դեմ պայքարը շոուի վերածողների քամուն տրվելու: Այս պետությունը հիմքից իմացող մարդու համար, իհարկե, պատրանք չկա, որ պաշտոնյաները բաժանվում են կաշառակերների եւ բարեխիղճների: Միայն միամիտ մարդը կարող է հավատալ, որ երիտասարդ հանրապետականը, ով գլխապտույտ արագությամբ կարիերա արեց, ավելին` նրա եւ նրա հանրապետական տիկնոջ անձերի շուրջը գոյություն ուներ մի չարդարացված աժիոտաժ, կարող էր ինքնագլուխ 300 հազար դոլար ուտել: Առավել հավանական է այն, որ քվոտաներով տարբեր կուսակցությունների հանձնված նախարարությունները մեղր լիզելու պատուհան են տվյալ կուսակցությունների համար, մանավանդ նախընտրական շրջանում: Բա ո՞նց պետք է կուսակցությունները փակեն իրենց քարոզչական եւ մյուս հսկայական ծախսերը, եթե պաշտոնի նշանակած իրենց կուսակցի միջոցով այդ պատուհանից չսնվեն: Անշուշտ` կուսակցին էլ հնարավորություն է տրվում իր բաժինը լիզելու` այդպես լռեցնելով նրան եւ ստիպելով աչք փակել դեպի վեր հոսող դրամական հոսքերից: Ահա եւ Խաչիկյանի ֆենոմենը, որին շատ կարճ ժամանակում փուչիկի էֆեկտով փչեցին, վերջինս գլխապտույտ ունեցավ սեփական փառքի արագությունից, այնպիսի գլխապտույտ, որ ժամանակ չուներ գնահատելու վերեւից ընկնելու ցավագնության աստիճանը: Բայց քանի՞ գլուխ ուներ Խաչիկյանը` ինքնուրույն Պզոյի մակարդակի «աֆյորա» պլանավորելու եւ իրականացնելու համար: Ավելի շուտ` դա փող լվանալու ի սկզբանե գոյություն ունեցած եւ հետզհետե կատարելագործված համակարգ է, որի խողովակից օգտվել են կենտրոնացված ձեւով, իսկ այժմ զոհ են տալիս` կոռուպցիայի դեմ պայքարելու եւ եվրոպական պահանջների ինչ-որ տոկոս իրականացնելու համատեքստում: Մի խոսքով` Խաչիկյանի ձեռամբ փողեր են կերվել, նա ինքն էլ թաթախել է ձեռքերը մեղրի մեջ, իսկ հիմա նրան փչացնում են, քանի որ ամեն ինչի համար պետք է վճարել. հարյուրավոր արժանի երիտասարդներ այդքան արագ չեն հայտնվում կարիերայի աստիճանահարթակին, նրանցից ոչնչով չտարբերվող Խաչիկյանը հայտնվել է: Բայց եթե կարծում եք` համակարգը նրան դատելով եւ բանտ նստեցնելով կմաքրվի` զուր հույսեր են: Մի՞թե, ասենք, Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում բազմազավակ ընտանիքին նպաստ նշանակելիս առաջին նպաստը էլի սոցծառայությունում չի մնալու, կամ գործազրկության 6-ամսյա նպաստ նշանակելու գինը մեկ ամսվա նպաստը ծառայությանը թողնելը չի լինելու: Օրինակները կարող եք ինքներդ շարունակել: Հասարակությունն էլ ստացել է պասը` նրան տեսարաններ են հարկավոր, ահա եւ զոհ են տալիս Խաչիկյանին: Թե չէ հիմա քանի՞ քրեական գործ պետք է հարուցված լիներ` Վերահսկիչ պալատը որքա՜ն բացահայտումներ է արել տարբեր ոլորտներում: Չէ, մենք չենք ասում, թե կոռուպցիայի դեմ չպետք է պայքարել: Պետք է, անգամ համակարգված ու լայնամասշտաբ մոտեցմամբ: Բայց ոչ թե այսպես ընտրողաբար, «ցուցադրական կախաղաններով» եւ իմիտացիայով: Մենք կհավատանք դրան, եթե սկզբունքորեն ինչ-որ բան փոխվի այս երկրում, եթե հեռուստացույցով չխոսեն մի բան, իսկ կյանքը լրիվ ուրիշ չլինի: Կեսարինը կեսարին, աստծունն` աստծուն: