«1988-92թթ. ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման եւ հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության» թեմայով միջազգային համաժողովը երեկ բացվեց Երեւանում, որին մասնակցում էին նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը :
Բացման խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ 1988-92 թթ. Ադրբեջանի Հանրապետության իրենց մշտական բնակավայրերից տեղահանվեցին ավելի քան կես միլիոն հայեր, որից 360 հազարը ապաստանեցին Հայաստանում: 1992-94 թթ.-ին էլ փախստականներին ավելացան մշտապես գնդակոծվող սահմանամերձ բնակավայրերից մոտ 72 հազար ներքին տեղահանվածները: Այսօր էլ, ըստ վարչապետի, փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների քանակը, ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է գործազրկության մակարդակը: «Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս չեն մնա ավելի վաղ ծագած հիմնախնդիրները, որոնցից է Հայաստանի փախստականների հիմնախնդիրը», հույս հայտնեց Տիգրան Սարգսյանը:
Ըստ վարչապետի, Հայաստանում դեռեւս 4000 անօթեւան ընտանիքներ կան աղետի գոտում, շուրջ 1200 փախստականների ընտանիքներ նույնպես բնակարանի են սպասում: Այդ ընտանիքներն ավելի քան 20 տարի շարունակում են ապրել տարրական պայմաններից զուրկ, ավելի քան 30 տարի չվերանորոգված շինություններում, որոնց բնակարաններով ապահովելու համար կպահանջվի 40-45 մլն դոլար: Հայաստանի կառավարությունն ակնկալում է այդ աջակցությունը ստանալ միջազգային դոնոր կառույցներից:
Միաժամանակ տեղեկացվեց, որ սկսած 2005-իցՙ պետբյուջեի միջոցների հաշվին լուծվել է փախստականների 782 ընտանիքների բնակարանային խնդիր: ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի եւ փախստականների հարցերով նորվեգական խորհրդի միջոցների հաշվին էլ փախստականների 215 ընտանիքների համար կառուցվել են քոթեջատիպ տներ: Փախստականների 359 ընտանիքների սեփականաշնորհվելու են իրենց զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքները:
«Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության կոչին եւ պետք է աջակցության միջոցով վերջնական լուծում տանք այս խնդրին: Կա լուծում այս իրավիճակին, բոլորը համաձայն են դրան, ընդամենը պետք են միջոցներ», իր ելույթում ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը: Նա նշեց, որ համաժողովը ճիշտ ժամանակին է կազմակերպվել եւ պետք է լուծի շուրջ երկու տասնամյակ առաջ տեղահանված անձանց խնդիրները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ