Աշխատանքային խորհրդակցություն Գյումրիում
Մեր ժողովրդի մշակութային ժառանգության եւ մասնավորապես պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանությունն ու հաջորդ սերունդներին փոխանցումը կարեւորագույն խնդիր է, որի ուղղությամբ բավական աշխատանք է կատարվել նաեւ խորհրդային շրջանում: Հետխորհրդային տեւական ընդմիջումից հետո վերջին տարիներին այս աշխատանքը վերսկսվել, սակայն ավելի հաճախ ընթացել է ծագած հրատապ խնդիրները փուլային տարբերակով լուծելու ուղիով: Այժմ մշակույթի նախարարության կողմից խնդիր է դրվել արդեն հուշարձանների վերականգնման հարցին մոտենալ երկարաժամկետ համալիր ծրագրի միջոցով, նկատի ունենալով հուշարձանի ուսումնասիրում, պեղում, ամրակայում, վերականգնում, հանրահռչակում եւ մշակութային զբոսաշրջության համար օգտագործում ամբողջական շղթան: Այս մասին խոսվեց անցած շաբաթ օրը բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ Գյումրիում ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նախարար Հասմիկ Պողոսյանը , բացելով խորհրդակցությունը, հայտնեց, որ մարզ առ մարզ պետք է ամփոփվեն պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության, նորոգման ու դրա հետ կապված բոլոր խնդիրները եւ ընդհանուր պատկերը ստանալուց հետո ռազմավարական ծրագիր մշակվի, թե տվյալ մարզում ինչ պետք է արվի ըստ տարիների` մոտակա առնվազն տասը տարիների ընթացքում: Խնդիրները բավական շատ են:
Կոնկրետ Շիրակի մարզում, ըստ ներկայացված տվյալների, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը ներառում է 2349 հուշարձան` 824 պահպանական միավորով: Ներկայացված այլ տվյալով` հուշարձանների ընդհանուր քանակը մարզում 2564 է: Պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում ներառված է 1051 հուշարձան` 649 պահպանական միավորով: Դրանց պահպանությունն իրականացնում է Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայությունը: Անշուշտ, հուշարձանների պահպանվածության վիճակը տարբեր է: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար կազմվում են պահպանվածության առումով առավել վտանգված եւ հրատապ վերականգնման, ամրակայման խնդիր ունեցող հուշարձանների ցանկեր, որոնք ներկայացվում են մշակույթի նախարարություն` միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու կամ այլ միջոցներով վերականգնելու, ամրակայելու, ինչպես նաեւ մոնիտորինգ անցկացնելու համար: Այս աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար խորհրդակցությունում կարեւորվեց, մասնավորապես, պահպանական պարտավորագրերի կնքման ընթացակարգի կանոնակարգումը, պետական կառավարման եւ ՏԻ մարմինների կողմից հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի համաձայնեցման, հաստատման գործընթացի հնարավորինս սեղմ ժամկետում իրականացումը եւ այլն:
Վերջին տարիներին պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվել են ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ մարզի այլ բնակավայրերում: Մասնավորապես, 2008 թվականին նման աշխատանքներ են կատարվել Գուսանագյուղի դղյակ-ամրոցում, 2009-10 թթ. մոնիտորինգային ծրագիր է իրականացվել Պեմզաշենի ու Անիպեմզայի հուշարձանների տարածքում: Իսկ Արթիկի երկու կարեւորագույն հուշարձանների` Սբ Գեւորգ եւ Սբ Աստվածածին եկեղեցիների այս տարվա դիտանցման արդյունքներով արդեն միջնաժամկետ ծախսային ծրագրով դրանց վերականգնման նախագծային ու շինարարական աշխատանքների առաջարկություն են ներկայացվել: Համապատասխան գումարներ են նախատեսվում տրամադրել նաեւ Շիրակի երկրագիտական թանգարանի ու Գյումրու պատկերասրահի շենքի համար:
Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաեւ Գյումրիում, Շիրակում զբոսաշրջության զարգացման, «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի կարգավիճակի եւ այլ խնդիրներին, խոսվեց եվրոպական ծրագրով իրականացվելիք «Պատմական քաղաքներ» ծրագրի մասին, որին մասնակից կդարձվի Գյումրին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ