«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԵՐՐՈՐԴ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Գյումրիում ավարտվեց երիտասարդ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» երրորդ միջազգային մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին: Շաբաթ երեկոյան Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ գլխավոր մրցանակների հանձնումը եւ մրցույթի հաղթողների ու դափնեկիրների գալա համերգը:

Ավանդական դարձած այս փառատոնին, որն անցկացվում էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, յոթ անվանակարգերում մասնակցեցին չորս տարիքային խմբերի 1218 կատարողներ աշխարհի 23 երկրներից, իսկ գնահատող մասնագիտական հանձնախմբերում ընդգրկված էին արվեստի 77 ճանաչված գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Իսպանիայից, Հունաստանից: Փառատոնն ի հայտ բերեց բազմաթիվ նոր շնորհալի երաժիշտների: Ըստ տարբեր անվանակարգերի հաղթողներ դարձան եւ փառատոնի Մեծ մրցանակին արժանացան Գեորգի Աբուլաձեն (դաշնամուր, Վրաստան), Դավիթ Կոսեմյանը (լարային գործիքներ, Երեւան), Յուլիա Շոսնոբիչը (փողային գործիքներ, Բելառուս), Անի Բեկջանյանը (մեներգեցողություն, Գյումրի), Երեւանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային քառյակը (կամերային անսամբլ), Ահմադ Յահյազադեն (ժողովրդական գործիքներ, Ֆրանսիա), Արման Խաչատրյանը (ազգային երգեցողություն, Երեւան): Մեծ մրցանակներից բացի տարբեր անվանակարգերում ու տարիքային խմբերում հանձնվեցին նաեւ առաջին, երկրորդ, երրորդ եւ այլ մրցանակներ, կազմկոմիտեի կողմից սահմանված հատուկ մրցանակներ: Հաղթողները եւ մասնակիցները պարգեւատրվեցին նվերներով ու դիպլոմներով:

Փառատոնի հիմնական նպատակներից էին դասական երաժշտության քարոզչությունն ու տարածումը, միջազգային ստեղծագործական նոր կապերի հաստատումն ու համագործակցության շրջանակների ամրապնդումը, հայ մշակույթի պրոպագանդումը, երիտասարդ երաժիշտ-կատարողների համար նոր հնարավորությունների ստեղծումը: Մրցույթների օրերին մասնակիցների համար նաեւ անցկացվեցին հանդիպումներ, կլոր սեղաններ, այցելություններ պատմամշակութային վայրեր եւ վարպետության դասեր, նաեւ` միջազգային գիտաժողով «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» խորագրով` նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակին:

«Վերածնունդ» երրորդ միջազգային փառատոնի կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել ՄՏՍ-ը, հովանավորները` «Հայաստանի էլեկտրական ցանցերը», Հարավկովկասյան երկաթուղին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Տեղեկատվական հովանավորներն էին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եւ «Շանթ» ՀՌԸ-ն:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4