Վերջին օրերին որոշ աղբյուրներ խոսում են Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի եւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջեւ ծագած լուրջ տարաձայնությունների մասին, ընդ որում, խոսակցություններ կան նույնիսկ, որ այաթոլլահը պահանջել է նախագահի հրաժարականը: Եթե հաշվի ենք առնում, որ Իրանում Ալի Խամենեիի ազդեցությունն ու իշխանությունը շատ ավելի մեծ են, քան նախագահինը, ապա տեսանելի է դառնում, որ հարեւան երկրում իրադրությունը կարող է բավական ուշագրավ շարունակություն ունենալ: Իսկ առայժմ նախագահ Ահմադինեժադը, հավանաբար հենց երկրի հոգեւոր առաջնորդի հետ բաց հակասության մեջ չմտնելու նպատակով, աշխատանքից ազատեց իր աշխատակազմի 25 աշխատակիցների, որոնք մեղադրվում են «մոգությամբ եւ կախարդությամբ» զբաղվելու մեջ: Այս ամենից հետո Ահմադինեժադը շտապեց հանդես գալ հայտարարությամբ, որ իր եւ այաթոլլահ Խամենեիի միջեւ որեւէ հակասություն չկա. «Իրանի կառավարությունն ու հոգեւորականությունը շարունակում են աշխատել հանուն իսլամական երկրի բարգավաճման», հայտարարել էր Ահմադինեժադը: Սակայն այս ամենը, ամենայն հավանականությամբ, «չբավարարեց» Ահմադինեժադի ընդդիմախոսներին. մասնավորապես 95 մեջլիսականների պահանջով նախագահը մայիսի 27-ին ստիպված կլինի ներկայանալ Իրանի Մեջլիս` «պարզաբանումներ տալու»:
Իրանական այս զարգացումների կապակցությամբ երեկ հրավիրած ասուլիսում որոշ պարզաբանումներ տվեց «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը : Բանախոսի ներկայացմամբ` իրանական վերոհիշյալ իրադարձությունները անմիջականորեն կապված են գալիք` 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններին: «Բացի նրանից, որ Իրանում քաղաքական պայքարի մեջ են իշխանությունն ու ընդդիմությունը, նաեւ իշխանության ճամբարը երկու բեւեռներից է բաղկացած: Առաջինըՙ այսպես կոչված «նոր սերունդը»` նախագահ Ահմադինեժադի գլխավորությամբ, որը վայելում է երկրի ռազմական ու տնտեսական շրջանակների լայն աջակցությունը, եւ «հին սերունդը»` «պայքարող հոգեւորականների ասամբլեան», որին դեմ է Ահմադինեժադը»: Խնդիրն, ըստ Սարուխանյանի, առաջացավ այն բանից հետո, երբ Իրանում հասկանալի դարձավ, որ Ահմադինեժադը 2013-ի նախագահական ընտրություններում նախապատրաստում է առաջադրել իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին: Վերջինս «վայելում է» երկրի հոգեւորականության հակակրանքը, քանի որ ոչ մի առնչություն չունի իսլամիստական հեղափոխությանը, եւ վերջերս հանդես եկավ հետեւյալ «նախընտրական» հայտարարությամբ. «Իրանը պետք է ընկերություն անի բոլոր ազգերի հետ, այդ թվում` Իսրայելի»: Սրանից անմիջապես հետո Ահմադինեժադի աշխատակազմի մշակույթի խորհրդի նախագահ Աբբաս Ամիրի Ֆարը հանդես եկավ գործընկերոջը պաշտպանող հայտարարությամբ: Ըստ իրանական «ՖԱՐՍ»-ի` վերջինս նշել էր. «Մաշային առանց նախագահի հետ համաձայնեցնելու ոչ մի քայլ եւ ոչ մի հայտարարություն չի կատարում, նա գիշերվա նամազը բաց չի թողնում եւ օրվա մեջ մեկ. երկու ժամ է քնում: Եթե ասում ենք Ահմադինեժադ` ապա հասկանում ենք Ռահիմ Մաշայի, եթե ասում ենք Ռահիմ Մաշայի, ապա հասկանում ենք Ահմադինեժադ: Ահա, այդ մաքուր եւ անկեղծ մարդկանց հնարավոր չէ միմյանցից բաժանել»: Մաշային եւ Ահմադինեժադը նաեւ խնամիներ են. նախագահի որդին Մաշայիի դստեր ամուսինն է:
Այս կապերը, սակայն, որոշիչ չեղան Ահմադինեժադի համար, որը ապրիլի 9-ի հրամանագրով Մաշայիին ազատեց աշխատակազմի ղեկավարի պաշտոնից` փոխարենը նշանակելով իր տեղակալ Համիդ Բաղային: Այժմ Մաշային տնային կալանքի տակ է առնված, մեղադրանքը, ինչպես եւ նախագահի աշխատակազմի այլ աշխատակիցների պարագայում` «բյուջետային վատնումներ», «մոգություն եւ կախարդություն»: Չնայած նախագահի այս քայլը եւս երկրի հոգեւորականությանն ուղղված բարի ժեստ էր, սակայն զուգահեռաբար Ալի Խամենեին շարունակում է իր բացառիկ ակտիվությունը երկրի քաղաքական, արտաքին եւ ներքին ոլորտներում: «Ահմադինեժադի մասնակցությունը Իրանի կառավարմանը այսօր մինիմալացված է», նկատում է Սեւակ Սարուխանյանը` 55 տոկոսով վստահություն հայտնելով, որ Ահմադինեժադին ի վերջո կստիպեն հրաժարական տալ: Սարուխանյանի խոսքերով` «Ահմադինեժադի հրաժարականը կարող է լուծել մեկ այլ կարեւոր հարց: Երկրի ընդդիմությունն այլեւս փողոց ելնելու պատճառ չի ունենա, եւ գալիք ընտրությունները կանցնեն առանց ավելորդ լարվածության»: Բացի սրանից` արտաքին քաղաքականության մեջ Իրանի հին պահպանողականները, ըստ Սարուխանյանի, մեղադրում են Ահմադինեժադին, որ վերջինս ակտիվորեն չի միջամտում արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես դժգոհություն կա, թե ինչո՞ւ շիա Իրանը չի զինում, օրինակ, Բահրեյնի ժողովրդի շիա մեծամասնությանը` ընդդեմ այդ երկրի սուննի իշխանության»: «Այնինչ նախագահ Ահմադինեժադը սահմանափակվում է միայն հայտարարություններով, որ արաբական երկրների հեղափոխությունները «ամերիկյան նախաձեռնություններ են», որոնց նպատակն է սեպ խրել շիա եւ սուննի մահմեդականների միջեւ», ասաց բանախոսը:
Ահմադինեժադի հայտարարությունների մասին Սարուխանյանը մի դիտարկում եւս արեց: Ըստ բանախոսիՙ Իրանի նախագահի ամենատարբեր ամբիոններից հնչեցրած խոսքերը` «Մահ` Ամերիկային», «Մահ` Իսրայելին» բովանդակությամբ, այսօր ոգեւորում են միայն Իրանի շրջանների բնակիչներին, բայց ոչ քաղաքների. «Մասնավորապես այն քաղաքներում, որտեղ ուսանողությունը շատ է, այդքան էլ ձեռնտու չեն նման հայտարարությունները», նկատեց Սարուխանյանը:
Իրան-Հայաստան-Ադրբեջան
Արձանագրելով, որ Իրանը երբեք չի եղել ու այժմ էլ ադրբեջանամետ պետություն չէ, ինչպես եւ Ադրբեջանը իրանամետ չէ, Սարուխանյանը, ընդգծելով, որ Ահմադինեժադը Հայաստանի համար Իրանի լավ նախագահ է, նշեց, որ եթե անգամ Ահմադինեժադը հրաժարական ներկայացնի, հաջորդ նախագահի օրոք Իրան-Հայաստան հարաբերություններն էական փոփոխությունների չեն ենթարկվի. «Փոփոխություններ կարող են լինել միայն Իրան-Արեւմուտք հարաբերություններում», նշեց Սարուխանյանը: Կոնկրետ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների մասով բանախոսը ընդգծեց, որ Թեհրանին ձեռնտու է թույլ Ադրբեջանը, քանի որ այդ երկրի ամրացումը կնշանակի նաեւ Արեւմուտքի ամրացում Իրանի հենց հարեւանությամբ. «Իսկ ադրբեջանա-իրանական բազմապիսի ու բազմաթիվ երկկողմ ֆորումները ոչ թե նպատակ ունեն զորեղացնել Բաքվին, այլ ուժեղացնել իսլամական գործոնը Ադրբեջանում», նկատեց Սարուխանյանը:
ԼՂ հիմնահարցի առումով բանախոսը նկատեց, որ Իրանը այժմյան ստատուս քվոյի աջակիցներից է, քանի որ որքան երկար պահպանվի այն, այնքան երկար ժամանակ տարածաշրջանում չեն տեղակայվի օտար, այդ թվումՙ արեւմտյան ուժեր կամ ռազմական կայաններ: Սարուխանյանը տվեց նաեւ հարց պատասխանը, թե ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հանկարծ սկսի նոր պատերազմ. «Թեհրանն անմիջապես հանդես կգա կողմերին ուղղված հայտարարությամբ` ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, երբեք չի փակի Հայաստանի հետ սահմանը, ինչը նշանակում է, որ Հայաստանին չի զրկի, ասենք, վառելիք ստանալու հնարավորությունից: Երբեք չի զինի հայ զինվորներին եւ հանդես կգա կողմերի միջեւ միջնորդ լինելու պատրաստակամությամբ: Այսինքնՙ ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան պատերազմի տարիներին ու դրանից հետո»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ