Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ մամլո դիվանից, երեկ Իսրայելի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու «Մերեց» կուսակցության առաջարկը: Նիստին ներկա պատգամավորներն ու կառավարության անդամները միաձայն որոշել են հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին: Նախկինում խորհրդարանը որոշել էր «հայկական հարցը» քննարկել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որն իր նիստերը գումարում է դռնփակ: Այստեղ, սակայն, կար մտահոգություն, որ հանձնաժողովը կարող է խորհրդարանին բացասական կարծիք տալ: Այդ իսկ պատճառով այժմ Ցեղասպանության հարցը կրթության հանձնաժողովին փոխանցելը Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Սեւանը գնահատել է որպես «դրական տեղաշարժ»: Իսկ քննարկումների ժամանակ բոլոր ելույթ ունեցողները, այդ թվումՙ Իսրայելի կրոնի նախարարը, որը փոխանցել է երկրի ԱԳՆ տեսակետը, վարչապետի` «Լիքուդ» կուսակցության ներկայացուցիչները կողմ են արտահայտվել առաջարկին: Նրանք շեշտել են, որ «Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները չպետք է պատճառ հանդիսանան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը»: Ավելին, երկրի կրոնի նախարարը, արտահայտելով իր անձնական տեսակետը, հայտարարել է. «Ժամանակն է, որ այս հարցի (Հայոց ցեղասպանության) շուրջը հստակ որոշում կայացվի, եւ այդ նպատակով անհրաժեշտ է հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին»:
«Հարցն» այժմ արդեն կրթության հանձնաժողովում է, մնում է, որ Իսրայելն իրոք «հստակ որոշում» կայացնի` հաշվի առնելով միայն պատմական իրողությունը:
Հ. Ա.