ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
ՀՀ նախագահի` ներկաներին ուղղված ուղերձով երեկ բացվեց Երեւանում մեկնարկած ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ քարտուղարության եւ ՀԱՊԿ հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային երկօրյա խորհրդաժողովը: Աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ անդամ պետությունների հետազոտական, քաղաքական-վերլուծական կենտրոնների ղեկավարներ եւ փորձագետներ:
Ինչպես նկատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը . «Երեւանում էլ ինչի՞ մասին պետք է խոսենք. իհարկե` Ղարաբաղի»: Երեկվա զեկուցողների հիմնական թեման իսկապես հենց ԼՂ հիմնահարցն էր, դրա ներկա վիճակը, հնարավոր զարգացումները, եւ հատկապես պատերազմական զարգացումների պարագայում ՀԱՊԿ-ի կատարելիք դերը:
Նախ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , ընդգծելով, որ «Հայաստանը հատուկ շահագրգռված է տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու գործում», կարեւորեց, որ ՀԱՊԿ-ում հենց մեր երկրի նախագահության օրոք որոշում կայացվեց ստեղծել արագ արձագանքման զորքերը, որոնք պետք է ռազմական օգնություն տրամադրեն ՀԱՊԿ անդամ այն երկրին, որը ենթարկվել է հարձակման կազմակերպության ոչ անդամ այլ երկրի կողմից: Դաշնակից երկրների առջեւ բարձրաձայնելով, որ Ադրբեջանը շարունակում է իր անթույլատրելի չափերի հասնող սպառազինումն ու ռազմական հռետորաբանությունը` նախարար Օհանյանը ընդգծեց, որ «Հայաստանը խիստ կարեւորում է իր դիրքորոշման ընկալումը` ՀԱՊԿ-ում գործընկեր պետությունների կողմից». «ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման պարագայում Հայաստանը ստիպված է լինելու միջամտել, քանի որ մենք ԼՂ անվտանգության երաշխավորն ենք:
Հենց նույն սկզբունքով էլ մենք գործել ենք 1991-ին` Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Այստեղ մենք ակնկալում ենք նաեւ ՀԱՊԿ-ում մեր գործընկերների աջակցությունը, որոնք ունեն համապատասխան պարտավորություն»:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ Հայաստանը մշտապես եղել է եւ կա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության աջակցողը, մինչդեռ Ադրբեջանն ու նաեւ Թուրքիան` իրենց ոչ կառուցողական քայլերով մշտապես լարվածություն են մտցնում տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ` Բաղդասարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի դերը տարեցտարի բարձրանում է, եւ Հայաստանը ամեն ինչ կանի, որպեսզի կազմակերպության հետ գործակցությունը էլ ավելի նպաստի տարածաշրջանային անվտանգությանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան , ընդգծելով, որ իրավիճակը Հարավային Կովկասում, որն ավելի է սրվում «Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունից», ինքնին հրավիրում է ՀԱՊԿ ուշադրությունը, նշեց. «Այդ իրավիճակի ինչ-ինչ զարգացումները մեր հայ գործընկերներն ընկալում են որպես իրենց ուղղված վտանգ»: Թերեւս առաջին անգամ միջազգային կազմակերպության պաշտոնատար անձը հրապարակավ ընդգծեց, որ հակամարտության միայն «մեկ կողմն» է օգտվում ռազմատենչ հայտարարություններից, եւ որ «ինչ-ինչ զարգացումները իրենց հայ գործընկերոջ համար ներկայացնում են վտանգ»: Ինչպես մենք արդեն գիտենք ՀԱՊԿ կանոնադրությունից` «Կազմակերպության անդամներից մեկի վրա ռազմական ագրեսիան կամ վտանգը ագրեսիա է ամբողջ կազմակերպության դեմ»: Բորդյուժան ընդգծեց նաեւ, թե ՀԱՊԿ-ը կարծում է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված միջազգային իրավունքի վրա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հատկապես կարեւորեց ուժի չկիրառման, կամ դրա սպառնալիքի բացառման սկզբունքի պահպանումը: Այս համատեքստում Բորդյուժան ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի` հատկապես Ռուսաստանի ակտիվ դերակատարումը: Ելույթի վերջում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց. «Մենք կարծում ենք, որ ինչպիսինն էլ լինի իրավիճակը, որեւէ երկրի շրջափակումը անթույլատրելի է»:
«Ես ներողություն եմ խնդրում Բաքվից, որովհետեւ պետք է քննադատեմ», այսպես սկսեց իր զեկույցը Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` ընդգծելով, որ «ԼՂ հակամարտության հիմքերը Բաքուն շարունակում է քողարկել «օկուպացիայի» տակ»: Կազիմիրովը, զուգահեռներ տանելով հայր եւ որդի Ալիեւների միջեւ, նկատեց. «Հայրը ավելի իրատես էր. նա երբեք չէր շռայլում ռազմատենչ հայտարարություններ, մինչդեռ որդին, չնայած երդվում էր, որ հոր քաղաքական շարունակողն է, այդ սկզբունքը չի պահպանում»: Կազիմիրովը հիշեցրեց նաեւ, որ կողմերը, ընդ որում հակամարտության հիմնական կողմ ԼՂ-ն, հրադադարի ռեժիմի անցնելու վերաբերյալ գրավոր համաձայնության են եկել, ինչը կարծես թե Բաքվում մոռացության են մատնել: «Այնինչ առանց հրադադարի ռեժիմի ամրապնդման անհնար կլինի հակամարտության հետեւանքները լուծելը», նկատեց Կազիմիրովը: «Ինչո՞ւ է անտեսվում ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի բացառման սկզբունքի խախտումը», հռետորական հարցով հանդես եկավ Մինսկի խմբի նախկին համանախագահը: Անդրադառնալով հավանական նոր պատերազմին` Կազիմիրովը նկատեց, որ սա ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի համար լուրջ փորձություն կարող է լինել. «Հաշվի առնելով մեր երկրում ապրող հայկական ու ադրբեջանական համայնքների հավանական պահվածքը նոր պատերազմի ժամանակ, Հյուսիսային Կովկասի առանց այն էլ անկայուն իրավիճակը, ինչպես նաեւ Սոչիի գալիք օլիմպիադան, Ռուսաստանը պարզապես չի կարող չմիջամտել այդ նոր` հավանական պատերազմում, չնայած, կարծում եմ, Իլհամ Ալիեւն էլ լավ հասկանում է, որ այն կարող է լուրջ վտանգ լինել Բաքվում իշխող էլիտայի համար»:
ՀԱՊԿ գործընկերները անդրադարձան նաեւ այսօր ԼՂ հիմնահարցի կարգավորման խաղաղ բանակցությունների սեղանին դրված հիմնական առաջարկությունների փաթեթին` այսպես կոչված մադրիդյան սկզբունքներին: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վիկտոր Շեյնիսը , առանձնացնելով մադրիդյան սկզբունքներից մի քանիսը, դրանց վերաբերյալ տվեց որոշ հարցեր: Մասնավորապես «ԼՂ շրջակա տարածքների վերադարձ` Ադրբեջանի իրավասության տակ» սկզբունքի առնչությամբ Շեյնիսը նկատեց. «Բայց չէ՞ որ այդ շրջանների պահումը ԼՂ անվտանգության երաշխիքն է»: «Տրամադրել ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակ» սկզբունքի առնչությամբ Շեյնիսը հարցրեց. «Ո՞ւմ կողմից տրամադրել, ո՞վ է երաշխիք տվողը, որ այդ ժամանակավոր կարգավիճակը կհարգվի հակամարտ բոլոր կողմերում: Բացի դրանից` ի՞նչ է սա նշանակում` ԼՂ-ի ներկա կարգավիճակի ճանաչո՞ւմ»: Եվ վերջապես` «ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշում` բոլորի համար պարտադիր ընդունելի կամարտահայտության միջոցով» սկզբունքի կապակցությամբ Շեյնիսը նախ «աբսուրդ» որակեց Ադրբեջանի դիրքորոշումը, որ «Ամբողջ Ադրբեջանում պետք է հանրաքվե անցկացվի` ԼՂ կարգավիճակը որոշելու համար», այնուհետեւ նկատեց. «Իսկ ո՞ւմ կամարտահայտության` կոնկրետ»:
Շարունակելով «մադրիդյան թեման», «Քաղաքակրթությունների եկխոսություն» միջազգային կոորդինացիոն կոմիտեի անդամ Արամ Գասպարի Սարգսյանը , ընդհանուր առմամբ համաձայնելով Շեյնիսի դիտարկումներին, առանձնացրեց նաեւ «խաղաղապահ ուժերի տեղակայումը` հակամարտության գոտում». «Կարծում եմՙ ոչ Հայաստանն ու Ադրբեջանը, ոչ էլ մանավանդ ԼՂՀ-ն չեն ցանկանա տեսնել կասկածելի քաղաքական նախասիրություններով խաղաղապահներ», ասաց Սարգսյանը: ԼՂ-ի վերջնական կարգավիճակի առնչությամբ նա նկատեց, որ եթե այսօր «անիմաստ» է համարվում ԼՂ-ի ժողովրդի արդեն իսկ արտահայտած կամարտահայտությունը ԽՍՀՄ սահմանադրությանը համաձայն, ապա ի՞նչ երաշխիք, որ անհայտ ժամկետներում անցկացվող նոր հանրաքվեն պետք է որեւէ արդյունք տա, մանավանդ որ Իլհամ Ալիեւից չենք դադարում լսել` «Ադրբեջանը երբեք չի համաձայնի Ղարաբաղի անկախությանը»»:
Ի դեպ, Ղարաբաղը` Ադրբեջանի կազմում կամ իրավասության տակ դիտելը` Վիկտոր Շեյնիսը դեռ սովետական տարիներից «սխալ եւ վտանգավոր» է համարում: «Հակամարտության հիմքը Կոմկուսի Կովկասյան բյուրոյի որոշումն է` հանձնել առավելապես հայերով բնակեցված Ղարաբաղի մարզը Ադրբեջանին: Այս որոշմանը հայերը արդարացիորեն երբեք չեն հաշտվել, բազմիցս, այդ թվումՙ սովետական տարիներին բարձրաձայնել են: ԽՍՀՄ իշխանությունները` ի դեմս Գորբաչովի, հնարավորություն ունեին լսելու ղարաբաղցի հայերի արդար պահանջը, բայց այդպես չեղավ», նշեց Շեյնիսը: