Արձագանք Մելգոնյան վարժարանի 85-ամյա հոբելյանի հանդիսությանը
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
2005 թ. սփյուռքահայությունը նոր տագնապ ու խռովք ապրեց. փակվում էր հայկական սփյուռքի ամենահին կրթարաններից մեկըՙ Կիպրոսի Մելգոնյան վարժարանը, եւ հայության ընդդիմացող ստվար հատվածըՙ արտերկրի եւ Հայաստանի, արդյունքի չհասավ: Ութ տասնամյակ շարունակ հայ ոգուն նվիրաբար ծառայող հայապահպան այդ դպրանոցը, հայապաստան բերդ-ամրոցը փակվեցՙ հիմնադրված մեր ժողովրդի դժվարագույնՙ հետեղեռնյան առաջին շրջանումՙ 1924-ին, ազգային բարերարներ Գրիգոր եւ Կարապետ Մելգոնյանների կտակովՙ նախապես որպես որբանոց-նախակրթարան: Երեք տարի անց այն վերածվեց բարձրագույն նախակրթարանի եւ 1934-ից արդեն լրիվ միջնակարգ գիշերօթիկ վարժարան էր: Հայկական մթնոլորտի, կրթական-մանկավարժական հարուստ ավանդույթների շնորհիվ այս վարժարանը սփյուռքահայության համար իսկապես որ «կտոր մը Հայաստան» դարձավ, եւ սփյուռքի այն քիչ կրթարաններից էր, որին ծանոթ էին շատերըՙ անգամ Սով. Հայաստանում:
Մելգոնյան վարժարանի սաներըՙ աշխարհի տարբեր երկրներից մեկ հարկի տակ հավաքված հայ պարմանի-պարմանուհիներ, ուսանում էին ինչպես հայագիտական, նաեւ բնագիտական առարկաներ, օտար լեզուներ: Ժամանակակից կրթության համար վարժարանն օժտված էր բոլոր միջոցներով, ուներ համապատասխան սարքավորումներով լաբորատորիաներ, հարուստ գրադարան, ակումբներ, մարզադաշտ, լողավազան, հիվանդանոց, համակարգչային սրահ, ձեւավորվել էին արվեստի տարբեր խմբակներ, քառաձայն երգչախումբ, փողային նվագախումբ, հրատարակում էր սեփական պարբերականը («Ցոլք»), դպրոցական տարեգիրքը («Այգ»):
Ազգային մթնոլորտ եւ մանկավարժական ավանդույթներ Մելգոնյանը ձեւավորել էր տեւական աշխատանքային փորձի կուտակումով, այն վառ անհատականությունների շնորհիվ, ովքեր ղեկավարում էին հաստատությունը եւ դասավանդում այստեղ, ինչպեսՙ Հակոբ Թոփչյանը, Հակոբ Օշականը, Բարսեղ Կանաչյանը, Վահան Թեքեյանը, Վահրամ Մավյանը, Պողոս Գեւորգյանը, Հովհաննես Շեոհմելյանը, Գերսամ Ահարոնյանը, Վահե-Վահյանը, Սեպուհ Աբգարյանը եւ ուրիշներ:
Վարժարանի տարբեր տարիների շուրջ 1500 շրջանավարտներ տարբեր մասնագիտություններով նպաստել եւ շարունակում են նպաստել իրենց երկրների տնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական եւ այլ ոլորտների զարգացումներին: Նրանցից երկուսիՙ Կարպիս Սուրենյանի եւ Հակոբ Հակոբյանի արվեստը արդի հայ գրականության եւ գեղանկարչության ամենաբարձր նվաճումներից է, մեր մշակույթի պատմության լուսավոր ու մնայուն էջերից:
Ցավոք, արդեն 6 տարի է, գոց են Մելգոնյան վարժարանի դռները: Այլապես հաստատության 85-ամյա հոբելյանի հանդիսությունը պիտի որ նրա հայաշունչ կամարների ներքո անցներ: Այդպես չեղավ: Եվ ահա վարժարանի 1968-ի երախտապարտ շրջանավարտները գտան այլընտրանքըՙ հարազատ կրթարանի 85-ամյակը տոնելու լավագույն վայրը եւ տարբեր երկրներից խմբվեցին Երեւանում, մայիսի 18-ին, երեկոյան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հյուրասեր ու մտերմիկ սրահում:
Բանախոսության եւ համերգային երկու մասերից բաղկացած հանդիսությունն անցավ պատշաճ կազմակերպությամբ, ազգային-հոգեւոր բարձր մթնոլորտում, ավարտինՙ հյուրասիրությամբ: Երեկոյի հաջողությունը պայմանավորված էր բանախոսներիՙ Կարպիս Սուրենյանի, Բյուզանդ Ագպաշյանի, Սեպուհ Աբգարյանի ելույթների հագեցվածությամբ, ճիշտ ընտրված հանդիսավարիՙ փորձառու հեռուստամեկնաբան Արթուր Բախտամյանիՙ մթնոլորտը շահեկանորեն հարստացնող խոսքի ոչ միայն հանդիսավոր երանգով, այլեւ վերաբերմունքային շեշտադրությամբ եւ, իհարկե, գեղարվեստական ծրագրի մասնակիցՙ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգային ներկայությամբ, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
ՀՀ պետական հիմներգից եւ Մելգոնյան կրթական հաստատության քայլերգից հետո Արթուր Բախտամյանի առաջարկով բեմի էկրանին ցուցադրված լուսապատկերները ներկայացրին վարժարանի պատմության տարբեր դրվագներ: Հանդիսավարն անդրադարձավ Մելգոնյան կրթարանի կարեւոր շրջաններին, հիշատակեց հիմնադրինՙ Կարապետ Մելգոնյանին եւ մի դրվագ ներկայացրեց, երբ վարժարանը կառուցելու տեղ էր նա փնտրում եւ ամեն անգամ շատ արագ հեռանում: Երբ հարցնում են պատճառը, ասում է, որ պիտի այնպիսի տեղ լինի, որտեղից որեւէ մզկիթ չերեւա: «Իսկ մենք այսօր, XXI դարում Եվրոպայի կենտրոնում հայկական վարժարան ենք փակում»:
Դժվար ժամանակ է ապրում այսօր Մելգոնյանը, դադարել է նրա սրտի բաբախը: Բայց դժվարություններ անցյալում էլ ունեցել է: 1939-1945-ի պատերազմական շրջանում վարժարանում ուսանում էր գրող, թարգմանիչ, էսսեագիր Կարպիս Սուրենյանը: Կարճ խոսեց Կարպիս Սուրենյանը: Բայց ընթերցողներին հայտնի է 2005-ին հրատարակված նրա երկհատոր ծավալուն Օրագրերը («Սարգիս Խաչենց» հրատ., հովանավորությամբՙ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության), որի առաջին հատորի մի զգալի մաս նվիրված է Մելգոնյան վարժարանի ուսումնառության տարիներին: Երբ նա տակավին պատանի, բայց արդեն կյանքի ու գոյի որոնումներում ու լուրջ բացահայտումներում, օրագրություն էր անումՙ թղթի կտորտանքներին, հաշվապահական թղթերի բաց տեղերին գրառումներով:
Նա պատմեց, որ 1942-ին, երբ ռազմական իշխանությունները դպրոցի շենքը գրավեցին եւ զորանոցի վերածեցին, իրենք ստիպված եղան բարձրանալ մոտակա լեռները եւ պատսպարվել Մակարավանքում եւ վրանների տակ: Բայց, պատմում էր նա, որեւէ ռումբ չպայթեց դպրոցի վրա, մինչդեռ 1974-ին, երբ Թուրքիան մտավ Կիպրոս, 40 ռումբ նետեց կրթարանի վրա:
«Ի՞նչն էր պահում մեզ եւ մղում զոհողությունների», հետահայաց հարց է տալիս գրողը, որի պատասխանը շատ վաղուց ունիՙ «Հայկական ոգին պահպանող ավանդույթները, հայկական շունչը, մթնոլորտը», ինչն, իհարկե, ստեղծում էին իրենց ուսուցիչները, մի մասը եվրոպական բարձրագույն ուսում ստացած, ինչպեսՙ Պողոս Գեւորգյանը, «որ դաստիարակում էր, առանց դաստիարակելու», Գերսամ Ահարոնյանը, Հովհ. Շեոհմելյանը եւ ուրիշներ: «Մելգոնյանն ըստ էության չի փակվել եւ չի կարող փակվել, որովհետեւ պատմություն ունի եւ հայ մշակույթի անբաժանելի մասն է»:
1968-ի շրջանավարտ է Բյուզանդ Ագպաշյանը, որիՙ հանդիսությանը շուք հաղորդող ելույթի սկիզբը հարգանքի տուրք էր կյանքից հեռացած մելգոնյանցի ուսուցիչներին եւ ընկերներին. մեկ րոպե լռությամբ դահլիճը հարգեց նրանց հիշատակը: «Մելգոնյանը դուռ էր, որ կբացվեր հայ երիտասարդի մը համարՙ հայ ոգիով կրթության: Մելգոնյանը ազգային բուժարան էրՙ հայ մնալու, հայ ապրելու»:
Վարժարանի երկարամյա ուսուցիչներից, ներկայում «Գոհար» երգչախմբի ղեկավար Սեպուհ Աբգարյանը պատվավոր հյուրն էր հանդիսության, որի խոսքը մերթ հանդարտ, մերթ արտիստիկ ու մերթ հուզված էր: Իր համար առանձնահատուկ տոնական այդ օրը թանկ հիշողությունների վերադարձ էր, բայց միաժամանակ տխրության առիթՙ վարժարանի ներկա վիճակի պատճառով, երբ «կտոր մը հայրենիքի դռները փակվեցին, անհաղորդ ու անկայուն մարդոց որոշումով»: Նախորդ բանախոսների եւ ներկաների պես նա նույնպես հավատում է վարժարանի վերաբացմանը. «Իրենց հոգիին մեջ այդ հաստատության սերը, սքանչելի հուշերը կուգան միանալու հայրենի հողին վրաՙ ըսելու որ 2005-ին Բարեգործական ընկերութիւնը պիտի Հայաստանի մեջ երկրորդ Մելգոնյան կրթարանը բանար. չհաջողեցավ: Բայց այս տղոց ըրածը ձեւով մը վարժարանը նորեն կառուցանել է»: Հուզիչ էր այն պահը, երբ նա այսքան տարիներ պահած մելգոնյանական մասունքներ վերադարձրեց նախկին սաներին, եւ նրանց նվերն էլ սիրելի ուսուցչին Մեսրոպագիր այբուբենի խորհրդանշական կտավ էր:
Հանդիսության հետավարտի իմ զրուցակիցը նախկին մելգոնյանցի, այժմ Աթենքում բնակվող Շահեն Բարդաքչյանն էրՙ Ամերիկյան բժշկական մի ընկերության Միջին Արեւելքի, Աֆրիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչ: «Այս գործս էլ կպարտիմ Մելգոնյանի դաստիարակության, որտեղ ուսմանս 7 տարին բոլորած եմ, 68-ին ավարտելով եւ անկե վերջ Երեւան ուսանած եմ: Մելգոնյան վարժարանը ազգապահպանման կարեւոր գործ կկատարե սփյուռքի մեջ: Եվ հիմա այսպիսի առիթ մը պետք չէ կորսնցնել, քանի որ Եվրոմիության մեջ միակ հաստատությունը կըլլա, որ կադրեր կհայթայթե սփյուռքի տարբեր համայնքներեն եւ շատ կարեւոր է այդ հանգամանքը օգտագործել եւ վերաբացել դպրոցը: Եթե նկատի առնենք փոխնախարարի խոսքը, պետք է բոլորովին հույսով ըլլանք, որ երկու տարի վերջ վարժարանի վերաբացման հանդեսին դարձյալ Երեւանի մեջ կգտնվենք»: