Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների համաշխարհային թե ռուսաստանյան մեկնաբանությունները, բնականաբար, աչքի են ընկնում մեծ տարակարծությամբ, որի հիմքը շահերի տարբերություններն են: Ռուսներն, օրինակ, քաջ գիտակցում են, որ կորցնելով Սիրիան, շեշտակի կկորցնեն ազդեցությունը գրեթե ողջ Մերձավոր Արեւելքում:
Ներկա իրողությունների նկատմամբ Ռուսաստանում առկա մոտեցումների մեջ արժե առանձնացնել, այսպես ասած, «թուրքական» ուղղությունը, ինչը չի կարող շահագրգիռ չլինել նաեւ հայերիս համար:
Սրընթաց քաղաքական բեկումների հենքի վրա շատ փորձագետների համար իր գործողություններով անըմբռնելի ու անկանխագուշակելի է դարձել լեգալ լայն ասպարեզ դուրս եկած մութ ուժըՙ «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպությունը: Դժվար է ասել, ինչքանով է հավաստի, սակայն ռուսաստանցի որոշ մեկնաբաններ այն կարծիքն են հայտնում, որ նոր պայմաններում, իսկ մասնավորապես Եգիպտոսում զարգացման նոր մոդելը կձեւավորվի «Մուսուլման եղբայրներ»-բանակ-Թուրքիա» եռակողմ համագործակցության շրջանակում: Մարտին Կահիրեում էր Թուրքիայի նախագահ Գյուլը, որը հանդիպեց ե՛ւ զինվորականների, ե՛ւ իսլամիստների ղեկավարության հետ: Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման միջեւ արդեն տեւական ժամանակ գոյություն ունի վստահության բարձր մակարդակ, իսկ ներկա թուրքական համակարգը օրինակ է ծառայում եգիպտացի իսլամիստների համար: Վերջիններս, ի դեպ, իրենց ձեւավորվող քաղաքական հաստատությունն անվանել են Ազատության եւ արդարության կուսակցություն: Թուրքասիրությունն ակնհայտ է. երկու ինստիտուտների գործունեության հիմքում նույն ընդհանրացված սկզբունքն էՙ հասարակության կյանքում սոցիալական ակտիվ դերը մուսուլմանի համար նույնքան կարեւոր է, որքան որ աղոթքը:
Ստացվում է այնպես, գրում է ռուսաստանցի մի քաղաքականագետ, որ փաստորեն միայն Թուրքիան կարող է այսօր երաշխիքային դեր ստանձնել եգիպտացի «եղբայրների» ու բանակի միջեւ: Միայն Անկարան ունի դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ, քանզի Թուրքիայի ղեկավարությունը մեծ հեղինակություն ունի առհասարակ ողջ իսլամական աշխարհում:
Ինչո՞ւ է Թուրքիան այդքան ակտիվ ու ազդեցիկ Եգիպտոսում, եւ ինչո՞ւ Կահիրեն նրան ընդառաջ է գնում ստրատեգիական շատ հարցերում: Մուբարաքի կառավարման տարիներին Եգիպտոսը կորցրեց իր առաջատար դիրքերը արաբական աշխարհում, վերածվելով երկրորդական խաղացողի նույնիսկ իր համար գերկարեւոր Սուդանի եւ Պաղեստինի հարցերում: Ահա եւ Եգիպտոսի հետհեղափոխական կայուն զարգացումը կնպաստի ինչպես նոր Եգիպտոսի առաջընթացին եւ կորսված լիդերության վերականգնմանը, այնպես էլ ավելի կամրապնդի Թուրքիայի դիրքերը աշխարհաշրջանում: «Թուրքական մոդելի հետագա արտահանումը, նշում է մոսկովյան թերթերից մեկը, թույլ կտա հիմք ստեղծել ներքին ինտեգրացման համար ինչպես արաբական, այնպես էլ ոչ իսլամական աշխարհում: Ընդ որում, Եգիպտոսը կարող է դառնալ Թուրքիայի գլխավոր արաբ գործընկերը այդ գործընթացում: Այդ իմաստով զգալիորեն կուժեղանան այն ծրագրերի իրագործման հեռանկարները, որոնք տակավին 1990-ական թվականներին նախաձեռնել էր Էրբականը, մասնավորապես իսլամական մեծ ութնյակի ստեղծումը»:
Անշուշտ իր նկրտումներում Թուրքիան չի կարող առաջնորդվել սոսկ քաղաքական-կրոնական շարժառիթներով: Անկարան գործում է նաեւ հօգուտ թուրքական բիզնեսի: Բանն այն է, որ այդ երկիրը մինչ այդ էլ գործարար սերտ կապեր ուներ իսլամամետ արաբ բիզնեսմենների հետ, որոնց համար Թուրքիան վերածվել է գործարար կյանքի անվտանգ գոտու: Եվ «Մուսուլման եղբայրների» հետ կապված եգիպտացի շատ բիզնեսմեններ, օրինակ, իրենց գլխավոր գրասենյակներն ունեն Ստամբուլում: Իսկ մուսուլման բիզնեսմենների միջազգային ասոցիացիան Թուրքիայից դուրս իր միջոցառումներն անցկացրել է միայն Կահիրեում:
Իսկ ինչպես են նայում ռուսները ԱՄՆ-ի գործողություններին արաբական աշխարհումՙ առնչված Թուրքիային: Այն կարծիքն է հայտնվում, որ ամերիկացիներին ձեռնտու է այն, ինչ անում են թուրքերը: Ակնհայտ է, որ առաջիններին չհաջողվեց իրենց միջամտումներով, այդ թվում նաեւ աշխարհաշրջանում ստեղծել որեւէ արդյունավետ գործող համակարգ: Բռնապետական վարչակարգերի տապալումից հետո առավել եւս հազիվ թե ԱՄՆ-ին հաջողվի արաբների վզին փաթաթել չաշխատող պլանի որեւէ մի այլ տարբերակ: Ուստի Վաշինգտոնը իր համար շահեկան է տեսնում թուրքական մոդելի տարածումը: Համենայն դեպսՙ առայժմ: Այստեղից էլ եւ մի գործոն, որը խանգարում է Օբամային արտաբերելու «ցեղասպանություն» բառը, ինչը կարող է վտանգել վստահելի հարաբերությունները տարածաշրջանի առանցքային ստրատեգիական դաշնակցի հետ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա