«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2011-05-19 | #91, 2011-05-20 | #92, 2011-05-21


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 7,7 ՏՈԿՈՍ ԱՃ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հրապարակված 2011-ի ապրիլ ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցել է 7,7 տոկոս աճ: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի ՏԱՑ ցուցանիշը նախորդ տարվա մարտի համեմատ գրեթե զրոյական աճ էր արձանագրել: Միեւնույն ժամանակ, այս տարվա մարտի համեմատ ապրիլին աճը կազմել է 4 տոկոս:

Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից, վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Նախորդ տարվա ապրիլի համեմատ աճ են արձանագրել մեր տնտեսության բոլոր ճյուղերը, բայց տարբեր չափով: Մասնավորապես արդյունաբերությունն ունեցել է ամենամեծ աճըՙ 2010-ի ապրիլի նկատմամբՙ 11 տոկոս, բայց այս տարվա մարտի նկատմամբ արձանագրել է 1,5 տոկոս անկում: Շինարարությունը մայիսին արձանագրել է 16,9 տոկոս աճ, բայց մարտի նկատմամբՙ 1,2 տոկոս անկում: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը ապրիլին աճել է 0,6 տոկոսով, իսկ մարտի նկատմամբՙ 42 տոկոսով:

Մանրածախ առեւտրում արձանագրվել է 0,2 տոկոս աճ անցյալ տարվա ապրիլի համեմատ, իսկ այս տարվա մարտի նկատմամբՙ 1 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա ապրիլի նկատմամբ աճը կազմել է 9,3 տոկոս, իսկ այս տարվա մարտի նկատմամբՙ 4,5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 4,7 տոկոսով, իսկ մարտի նկատմամբ նվազել 3,1 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի ապրիլին 2010-ի ապրիլի նկատմամբ ավելացել է 19,1 տոկոսով եւ կազմել 449 մլն դոլար: Արտահանումը կազմել է գրեթե 111 մլն դոլար, արձանագրելով 21 տոկոս աճ, իսկ ապրիլին մարտի նկատմամբՙ 13,5 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 338 մլն դոլար, նախորդ տարվա ապրիլի համեմատ աճելով 16,6 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատՙ գրեթե մնալով անփոփոխ: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը փոքր-ինչ բարելավվել է, կազմելով 227 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մարտին կազմել է գրեթե 110 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 135 հազար դրամ, պետականումՙ 89 հազար դրամ:

Այսպիսովՙ տնտեսական ակտիվության աճը ապրիլի արդյունքներով վերականգնվեց եւ հավանաբար առաջիկա երկու-երեք ամիսներին կմնա որոշակի բարձրության վրա, քանի որ դրանք տարվա տնտեսապես ակտիվ շրջան են համարվում: Տնտեսական ակտիվությունը սովորաբար բարձրանում է նաեւ տարեվերջինՙ սեպտեմբերից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4