ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը պատասխանեց լրագրողների հարցերին: Քանի որ ԱԺ-ի այս քառօրյայում Հայաստանի նախագահի առաջարկն է համաներում կիրառելու մասին, լրագրողների հարցերը նախ վերաբերում էին համաներման շրջանակին, հատկապես հետաքրքրություն կար, թե արդյո՞ք դա կվերաբերի մարտի 1-ի գործով դեռեւս ազատազրկման վայրերում գտնվողներին: «Եթե համբերություն ունենաք, հարցը կքննարկենք չորեքշաբթի, եւ նոր միայն ձեր հարցերի պատասխանները կտրվեն: Այսքան համբերել եք, էլի համբերեք», խորհուրդ տվեց ԱԺ-ի նախագահը, որը Հայաստանի նախագահի` համաներում կիրառելու առաջարկը գնահատեց որպես «ճիշտ ժամանակին արված քայլ», որը կթուլացնի Հայաստանում ստեղծված լարվածությունը: Հ. Աբրահամյանը կոնկրետ համաներման ենթակա մարդկանց շրջանակի առումով չորոշակիացրեց, սակայն նշեց, որ համաներումն ընդգրկուն է լինելու եւ տարածվելու է մարտի 1-ի գործով ձերբակալվածների վրա: Իսկ թե ինչ եղավ Սասուն Միքայելյանին ներելու վերաբերյալ ԱԺ-ի խնդրանքը Հայաստանի նախագահին, ըստ ԱԺ նախագահի, այդ խնդրանքը դրական լուծում կունենա: Ի դեպ, այս նոր համաներումը իններորդն է լինելու. «Հանրապետության նախագահն ամեն ինչ անում է, որ թուլացնի լարված վիճակը երկրում, գնա երկխոսության, համերաշխություն ու հանդուրժողականություն է քարոզում երկրին, քաղաքական ուժերին», ասաց ԱԺ-ի նախագահը:
Իսկ ընդդիմության մյուս պահանջը` արտահերթ ընտրություննե՞րը, առաջ գնացին լրագրողները: ԱԺ նախագահը զարմացավ. «Ընդդիմությունն էլի պահանջներ ունի՞... Ասում եմ, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն, լինի նախագահական թե խորհրդարանական, երկրի իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենում, եւ քանի որ ժամանակը մեկ տարուց էլ քիչ է մնացել, ուստի կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, այդ թվումՙ ընդդիմությանը, նախապատրաստվել ԱԺ հերթական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2012-ի մայիսին», հարցը փակեց ԱԺ նախագահը:
Համաներման հարցը ԱԺ-ն փաստորեն կքննարկի չորեքշաբթի օրը, իսկ երեկ քննարկվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որը մի շարք հանցատեսակների համար նախատեսում է պատժի մեղմացում, դեռ այդ փոփոխությունը պետք է Հայաստանի նախագահը վավերացնի, որից հետո արդեն չորեքշաբթի հնարավոր կլինի համաներման առաջարկը քննարկել: Համաներման կիրառման ժամկետը, ըստ ԱԺ նախագահի ենթադրության, մինչեւ սեպտեմբերի 21-ն է:
Լրագրողներից մեկին հետաքրքրում էր` համաներումը կտարածվի՞ Վանո Սիրադեղյանի վրա (Սիրադեղյանի դատական գործն այդպես էլ կիսատ մնաց), Հ. Աբրահամյանն ասաց. «Ես նման տեղեկություն չունեմ, ազնվորեն ասում եմ` ես նրան չեմ սպասում, իր գործն է վերադառնալը»:
Լրագրողներն ավելի ընդլայնեցին հարցերի շրջանակը` Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունների մասին ի՞նչ կարծիքի է. «Հանրապետության երկրորդ նախագահը այն հարցադրումները, որ ուղղվել էին իրեն, շատ նորմալ եւ վերջնական պատասխան էր տվել», նկատեց նա: Իսկ համաձա՞յն է իր կառավարումից հետո կենսամակարդակի անկման մասին ասածին (հարցն այսպիսին էր. «Ձեր կենսամակարդակն ընկե՞լ է»). «Շատ նորմալ, համահունչ, հաստատուն գնում ենք առաջ: Կյանքի որակի մասին, որ Քոչարյանն ասել էր, ԱԺ նախագահին չէր վերաբերում, հասարակությանն էր վերաբերում», տակից դուրս եկավ ԱԺ նախագահը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու հայտարարությունը չի՞ հակասում վերջերս ստորագրված կոալիցիոն հայտարարությանը. այս հարցը Հ. Աբրահամյանն անպատասխան թողեց: