«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2011-05-20 | #92, 2011-05-21 | #93, 2011-05-24


ԷԼ ԻՆՉԻ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի պաշտոնական ԶԼՄ-ներ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նահանգներից մեկում ամբարտակի գործարկման արարողության ժամանակ Արեւմուտքին մեղադրել է երկիրը թուլացնելու փորձերի մեջ: Նա հայտարարել է, որ արեւմտյան երկրները մշակել են որոշ երկրներում, մասնավորապես Իրանում արհեստական երաշտ առաջացնելու ծրագիր, այդ նպատակով օգտագործելով հատուկ սարքավորումներ: Դրանց միջոցով կանխվում է անձրեւաբեր ամպերի մուտքը արեւելյան երկրներ, այդ թվում նաեւ Իրան: Ահմադինեժադը հիշատակել է Արեւմուտքի քաղաքագետներից մեկի հրապարակումը, որում խոսվում է առաջիկա երեք տասնամյակում Իրանում, Թուրքիայում եւ ասիական տարածաշրջանի արեւելքում «ջրաճգնաժամ» առաջացնելու հավանականության մասին:

Որ մեր հարեւանՙ մեր նկատմամբ բարեկամական պետության դեմ հնարավոր է ամեն մի ոտնձգությունՙ իրական թե արհեստականորեն հարուցված, կասկածից դուրս է: Ռուսաստանյան լրատվամիջոցները, հատկապես ռազմափորձագետները, վերջին ժամանակներս հաճախ են գրում ամերիկացիների կողմից օդերեւութաբանական, երկրաշարժահարույց, հոգեբանական ներգործության եւ նմանատիպ այլ գերարդիական զինամիջոցների ստեղծման ու կիրառման մասին: Ուրիշ հարց է, մեզ համար հիվանդագին, որ Իրանի հանդեպ ամեն մի մասշտաբային գործողությունՙ ատոմային հարված թե երաշտի հարուցում, ծանր կացության մեջ կդնի նաեւ Հայաստանին: Ո՜վ ասաց, որ վերհայաստանյան երկնակտորը անմասն կմնա արհեստականորեն չորացման դատապարտված տարածաշրջանի բնակլիմայական անոմալիայից:

Ասես սա քիչ է, հայերիս համար տհաճ ու վտանգավոր լուր է հաղորդում նույնպես ռուսաստանյան լրատվական մեկ այլ գործակալությունՙ «Ռեգնումը»: Ըստ այդ աղբյուրի, Վրաստանը կենսաբանական զենքի տարածման կանխման ծրագրի իրականացման քողի ներքո իր տարածքում աշխատում է զանազան վիրուսների ստեղծման վրա, այդ ասպարեզում լայնորեն համագործակցելով ամերիկյան համապատասխան ինստիտուտների հետ եւ ֆինանսավորվելով նրանց կողմից: Մասնավորապես խոսքը վերաբերում է խոլերայի հարուցիչների տարածմանը, դրանց այնպիսի հիվանդաբեր տարատեսակների ստեղծմանը, որոնք հետագայում կարելի է օգտագործել որպես կենսաբանական զենք:

Իսկ ահա ավելի կոնկրետ ինչ է իրազեկում նշյալ գործակալությունը: 2002 թվականին Վրաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր կենսաբանական զենքի զարգացման հետ կապված տեխնոլոգիաների ու ախտածինների ոլորտում համագործակցելու եւ այդ ասպարեզում լրատվություն չտարածելու մասին: 2004 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ալեքսեեւկա ավանում կենտրոնական լաբորատորիա ստեղծելու շուրջը: Նախագծի արժեքը կազմել է 95 մլն դոլար: Նշված իրադարձություններից երեք տարի հետո Վրաստանում տարածվել է աֆրիկյան խոզաժանտախտի համաճարակ, ընդ որում, այդ հիվանդությունը հիմնականում բռնկել է երկրի հայաբնակ շրջանումՙ Սամցխե-Ջավախեթիայում: «ԱՄՆ-ը եւ Վրաստանը կենսաբանական զենք են մշակում եւ կիրառում Ջավախեթիայի հայերի՞ դեմ», պաթետիկ հարցադրում է գործակալությունը:

Նշվում է նաեւ, որ, որպես կանոն, խոշոր տերությունները խուսափում են իրենց տարածքում վտանգավոր լաբորատորիաներ ստեղծելուց եւ գերադասում են դրանք զետեղել երրորդ երկրներում: Ակնհայտ է, որ տվյալ ծրագիրը միանգամայն կարելի է օգտագործել նաեւ ռազմական նպատակներով, առավել եւս, որ գլխավոր լաբորատորիան եւ մշակված վիրուսների պահեստարանը գտնվում են ռազմական օդանավակայանի մերձակայքում:

Ինչքանով են այս վարկածները իրական, դժվար է ասել, պետք է խորագիտակ մասնագետ լինել: Սակայն ծանոթանալով նմանատիպ նյութերին, խորհում ես մի ուրիշ բանի մասին: Թվում էՙ բնական ռեսուրսներից գրեթե զուրկ, անվստահելի հարեւաններով շրջապատված եւ համաշխարհային օվկիանոս ելք չունեցող, բնական ու մարդածին ներգործությունների ենթակա, պատերազմական վիճակի մեջ գտնվող մեր Հայաստանը գոյություն ունենալու (եւ ոչ թե գոյատեւելու) համար պիտի լինի աշխարհի ամենաարդարացի պետությունը: Ցավոք, այսօր դա ընդամենը երազանք է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4