Այսօր աշխարհում հաշվվում են ավելի քան 200 պետություններ, դրանցից շուրջ 20-ը միջազգային հանրության կողմից չճանաչված կամ մասնակի ճանաչված են: Այս հանգամանքն, անշուշտ, չի նշանակում, որ այդ պետությունները գոյություն չունեն: Եվ առհասարակ` ի՞նչ է պետությունը, ո՞րն է դրա միջազգային սահմանումը, ի՞նչ ինստիտուտներ, որոշիչներ պետք է ունենա տարածքը, որպեսզի ընկալվի որպես պետություն: Միջազգային իրավունքում նման փաստաթղթեր կան: Այս առումով առանձնահատուկ է 1933-ին ընդունված Մոնտեվիդեոյի կոնվենցիան: Նախ դեռեւս 19-րդ դարում ինքնիշխան էր համարվում այն պետությունը, որն ուներ քաղաքական ճանաչում, եւ որի կարգավիճակը հիմնվում էր «վաղեմության իրավունքի» վրա: Իհարկե այս ձեւակերպումները բավական անորոշ էին: Հակամարտության պարագայում դրա կողմերը կարող էին շահարկել եւ շահարկում էին «քաղաքական ճանաչում» ձեւակերպումը` մեկնաբանելով յուրովի: Արդեն անցյալ դարում, երբ միջազգային իրավունքը դարձավ հնարավորինս ավելի կառուցողական եւ տրամաբանական, խիստ արդիական դարձավ պետություններ որոշելու հարցը: Այս հանգամանքը առավել ցայտուն երեւում էր Առաջին աշխարհամարտից հետո` 1919-ին, Ազգերի լիգայի ձեւավորման ժամանակահատվածում, երբ տարբեր համաշխարհային համաժողովների կազմակերպիչները չէին կողմնորոշվում, թե ո՞ւմ պետք է հրավիրել տվյալ կոնֆերանսին, կամ ո՞վ պետք է դառնա Ազգերի լիգայի անդամ: Մի խոսքով` առաջացել էր հարց` ո՞ր տարածքային միավորումն է կոչվում պետություն: Այս խնդիրը որոշվեց կարգավորել 1933-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցեցին Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաների 18 պետություններ: Կոնֆերանսում ընդունվեց վերջնական կոնվենցիա, որը ստորագրեցին ներկայացված բոլոր պետությունները` այդ թվում այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ը: Մոնտեվիդեոյի կոնվենցիան հետագայում մինչ օրս, որեւէ միջազգային իրավական այլ ակտով, որոշմամբ չի կասեցվել, հետեւաբար այսօր էլ միջազգային իրավունքի տարր է` տալով պետության հստակ սահմանումը: Եվ այսպես, ըստ կոնվենցիայի, պետության իրավական բնորոշումը ներառում է 4 չափանիշ.
1. մշտական բնակչություն,
2. որոշակի տարածքի առկայություն,
3. կառավարության գոյություն,
4. այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու տվյալ պետության ընդունակություն:
Կարծենք, որ, համաձայն Մոնտեվիդեոյի կոնվենցիայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր լիարժեք պետություն է: Հատկանշական է նաեւ նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից ճանաչումից: Նույնիսկ մինչեւ ճանաչումը պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունը եւ անկախությունը, հետեւաբարՙ ինքնակազմակերպվել այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում»: Փաստորեն, համաձայն միջազգային իրավական ուժ ունեցող որոշման, «տարածքը», որին ոչ ոք «պետություն» չի համարում, եւս իրավունք ունի` «պաշտպանելու իր անկախությունն ու ամբողջականությունը», «ինքնակազմակերպվել` ինչպես ինքն է անհրաժեշտ համարում»: Այստեղ հատկանշական է նաեւ արդեն ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխի 2-րդ հոդվածի 6-րդ կետը. «Կազմակերպությունը (ՄԱԿ-ը) ապահովում է, որ այն պետությունները, որոնք իր անդամ չեն, նույնպես առաջնորդվեն այս կանոնադրությամբ, քանի որ դա կարող է ազդեցություն ունենալ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար»: Այստեղ հարկ է նկատել միայն, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ընդունվել է դեռեւս 1945-ի հունիսի 26-ին, հետեւաբար այդ ժամանակահատվածում` Երկրորդ համաշխարհայինից հետո, աշխարհում կային բազմաթիվ պետություններ, որոնք կազմակերպության անդամ չէին, եւ որին այսօր արդեն անդամակցում են: Այսինքն` ՄԱԿ-ը, «փաստացի» ճանաչելով այս պետությունները որպես պետություն («այն պետությունները, որոնք կազմակերպության անդամ չեն...»-Հ. Ա.), թերեւս վստահություն ուներ, որ վաղ թե ուշ դրանք անդամակցելու են իրեն: Միեւնույն ժամանակ, սակայն, ՄԱԿ-ի կանոնադրությունն ու մանավանդ այս կետը` նման ձեւակերպմամբ, ոչ ոք չի փոփոխել, հետեւաբար, այսօր կիրառելի է աշխարհում չճանաչված կամ մասնակի ճանաչված բոլոր պետությունների համար, այդ թվում` ԼՂՀ-ի:
Կրկին անդրադառնալով Մոնտեվիդեոյի կոնվենցիային, առանձնացնենք մեկ այլ ուշագրավ հոդված: Կոնվենցիան 7-րդ հոդվածով սահմանում է. «Պետությունների ճանաչումը կարող է լինել «ուղիղ» եւ «լուռ»»: Ի՞նչ է սա նշանակում. ուղիղ, այսինքնՙ դե յուրե տվյալ պետությունը ճանաչելուց բացի, միջազգայնորեն ճանաչված պետությունը կարող է եւ «լուռ» կամ «թաքնված» ճանաչել դեռեւս չճանաչված ցանկացած պետություն` հաստատելով վերջինիս հետ տնտեսական, մշակութային, ընդհուպ` քաղաքական կապեր: Օրինակ` Իտալիայից անկախության ձգտող Սեբորգան (որին «Ազգը» մանրամասնորեն անդրադարձել է նախորդ համարներից մեկում-Հ. Ա.) այսօր հյուպատոսարաններ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ներկայացուցիչ ԵՄ-ում: Մերձդնեստրը կապեր ունի աշխարհի շուրջ 92 պետությունների հետ: Մեր Ղարաբաղի միջազգային «լուռ» ճանաչման մասին են վկայում փաստերը, որ, բացի նրանից, որ Ստեփանակերտը պաշտոնական ներկայացուցչություններ ունի աշխարհի տարբեր երկրներում, նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց դիտորդներին են ուղարկում Արցախում տեղի ունեցող ընտրությունների ընթացքին հետեւելու: Բացի սրանից, պատահականություն կոչվելու համար արդեն շատ են այն դեպքերը, երբ ամենատարբեր միջազգային կազմակերպություններ, անգամ պետություններ իրենց հրապարակած քարտեզներում Արցախը դիտարկում են որպես անկախ պետություն: Եթե այս ամենին գումարենք նաեւ տարբեր երկրներից հիմնականում տնտեսական ու առավելապես մշակութային գործիչների պարբերական այցերը Ստեփանակերտ, առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, ապա ակնհայտ է դառնում, որ ԼՂՀ-ն այսօր «լուռ» ճանաչված պետություն է:
Այժմ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում լինել չճանաչված պետություն, կամ ո՞վ է որոշում, թե քանի՞ «ճանաչում» է պետք, որպեսզի տվյալ երկիրը համարվի պետություն ու անդամակցի ՄԱԿ-ին, եւ պե՞տք են արդյոք այդ ճանաչումները: Այս հարցերին հստակ պատասխանում է նույն ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ գլխի 4-րդ հոդվածի 1-ին կետը. «Կազմակերպությանն անդամակցել կարող են բոլոր այն խաղաղասեր երկրները, որոնք որպես պարտականություն կվերցնեն սույն կանոնադրությունը, եւ որոնք կարող են եւ ցանկանում են այս դրույթները իրականացնել»: Այս ձեւակերպան մեջ գտա՞ք, թե քանի երկրի «ճանաչում» է պետք, որպեսզի տվյալ չճանաչված պետությունը դիմի եւ անդամակցի ՄԱԿ-ին, փաստորեն` ոչ մի: Միեւնույն ժամանակ, նույն այս կետով կարելի է նույնիսկ «հետաքրքրվել», թե կարո՞ղ է արդյոք միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանը շարունակել համարվել ՄԱԿ-ի անդամ, չէ՞ որ նույն կազմակերպության կանոնադրության համաձայնՙ ոչ միայն բոլոր հարցերին պետք է խաղաղ լուծում տալ, այլեւ պետք է զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից: Ստեփանակերտից դրանք չեն հնչում, Բաքվից` ինչքան կուզեք: Ի դեպ, Մոնտեվիդեոյի կոնվենցիան եւս իր 10-րդ հոդվածով սահմանում է. «Պետության հիմնական շահը խաղաղության պահպանումն է: Ամեն տեսակի հակասություն, որը ծագում է պետությունների միջեւ, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»: Որպես վերջաբան նշենք «աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկի»` Շվեյցարիայի արտահայտած դիրքորոշումը պետությունների սահմանում տալու առնչությամբ, որը Բեռնը բազմիցս է հնչեցրել. «Ճանաչումը բավարար չէ պետություն ստեղծելու համար, եւ միաժամանակ, չճանաչումն էլ բավարար չէ որեւէ պետություն լուծարելու համար»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ