Մասնակցելով վերջին օրերին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած միջազգային խորհրդաժողովին եւ հայկական երկրորդ հանրապետության ղեկավարության հետ ունենալով մի շարք հանդիպումներ` ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, կովկասյան հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը երեկ ասուլիսում անդրադարձավ, իր իսկ խոսքերով, «ղարաբաղա-ադրբեջանական» հակամարտությանը: Փորձագետը շեշտեց, որ Ստեփանակերտից եկել է մեծ տպավորություններով. «Տարեցտարի հանրապետությունը (նկատի ունի-ԼՂՀ-ն-Հ. Ա.) ավելի ու ավելի է քաղաքականապես, տնտեսապես, սոցիալապես ամրապնդվում: Այժմ ես վստահաբար կարող եմ ասել, որ այս եւ այլ մի շարք առումներով Ղարաբաղը շատ ավելի առաջ է Աբխազիայից ու Հարավային Օսիայից», նկատեց Ալեքսանդրովը: Փորձագետը միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ իրավիճակը հակամարտության գոտում լարված է, ինչն արտացոլվում է առաջին գծի կրակոցներով, «Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններով», որոնք, ռուս փորձագետի խոսքերով, «Արեւմուտքը որեւէ կերպ չի քննադատում»: Հակառակը, ըստ Ալեքսանդրովի, Արեւմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի, նպատակ ունի լուծել ղարաբաղյան հիմնահարցը հօգուտ Բաքվի, եւ այդ ճանապարհին Հայաստանի նկատմամբ «արեւմտյան ճնշումները» արդեն իսկ սկսված են: Ալեքսանդրովը բերեց հետեւյալ ապացույցները. նախ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի ենթահանձնաժողովի ստեղծումը, ինչը լրացուցիչ լծակ է դիվանագիտական ճնշումներ գործադրելու Երեւանի վրա: Բացի դրանից` ամենատարբեր արեւմտյան գործիչներ պարբերաբար կրկնում են, որ «ժամանակն է լուրջ տեղաշարժեր արձանագրելու Ղարաբաղի հարցում», սա նույնպես, Ալեքսանդրովի դիտարկմամբ, Հայաստանին ճնշելու համար իրականացվող գործողություններ է ենթադրում: «Ես կառանձնացնեի նաեւ Ղարաբաղի հարցում մասնագետ Մեթյու Բրայզայի նշանակումը` որպես ամերիկյան դեսպան Բաքվում, մանավանդ «հեղափոխությունների մասնագետ» Յովանովիչին Երեւանում դեսպան ունենալու համայնապատկերում: Այս հանգամանքը նույնպես վկայում է, որ Վաշինգտոնը լրջորեն է ձեռնամուխ եղել արագացնելու ղարաբաղյան հարցի լուծումը, ինչը, ըստ առկա դեպքերի զարգացման, ամենեւին էլ ի նպաստ հայկական կողմերի չէ», նկատեց փորձագետը: Ալեքսանդրովը խոսքերն ապացուցեց նաեւ ամերիկյան պետքարտուղարության զեկույցից մեջբերում անելով, որտեղ Ղարաբաղի մասով, ըստ ռուս փորձագետի ներկայացման, գրված է. «Էթնիկ հայ անջատողականները շարունակում են պահել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջանը, ինչպես նաեւ շրջակա ադրբեջանական 7 շրջանները...»:
Ալեքսանդրովը մեծ վերապահումով է մոտենում նաեւ «մադրիդյան սկզբունքներին», մասնավորապես այն կետին, որով միջնորդները առաջարկում են Ղարաբաղին տալ «միջանկյալ կարգավիճակ»: Սա, ըստ ռուս փորձագետի, նշանակում է հայկական կողմի համար կորցնել Ղարաբաղը, քանի որ եթե այդ ընթացքում ադրբեջանցի փախստականները վերադառնան Ղարաբաղ, իսկ նրանց թիվը այս տարիների ընթացքում մեծացել է, ապա կստացվի, որ Ղարաբաղում կլինեն ավելի շատ ադրբեջանցիներ, քան հայեր, ինչը կարող է կանխորոշել արդեն ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման համար ժողովրդի կամարտահայտության արդյունքը:
Առհասարակ` Ալեքսանդրովը ուժերի առկա դասավորության ու հարաբերակցության պայմաններում դեռեւս անհնար է համարում Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Ստացվում է, որ ռուս փորձագետը «բարձրաձայնում է», որ ԵԱՀԿ Մինսկի խմբի «ոչ արեւմտյան» համանախագահ Ռուսաստանը ունի հայամետ դիրքորոշում` զսպելով Բաքվին պաշտպանելու Արեւմուտքի ցանկությունն ու ապահովելով ուժերի հավասար հարաբերակցություն: Ավելորդ չենք համարում նշել, Ալեքսանդրովը կարծիք հայտնեց, որ Ղարաբաղի հիմնահարցը կլուծվի, եթե «ՆԱՏՕ-ն մասնատվի, ԱՄՆ-ը դուրս գա եվրասիական տարածաշրջանից...». «Վաշինգտոնի ցանկությունն է ստեղծել ռազմական միջանցք Սեւ ծովից Կասպից ծով հատվածում: Այս առումով Վրաստանն արդեն «յուրացված է», մնում է Ադրբեջանը, որը դեռ տատանումների մեջ է, իսկ եթե վերջինիս առաջարկեն Ղարաբաղը, դա հիանալի շարժառիթ կլինի Բաքվի համար», եզրափակեց Ալեքսանդրովը:
Հ. ԱՖՅԱՆ