«Փաստորեն դուք ուզում եք, որ մենք իշխանությունը կորցնենք», երեկ ԱԺ քառօրյայում բարեփոխված, Վենետիկի փորձագետների գնահատականներին եւ բազմաթիվ հանրային քննարկումների արժանացած ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահը` ԸՕ-ի միակ ընդդիմախոսը մնացած ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին: «Այո, էդ ի՞նչ արժանիքներ ունեք, որ մնաք իշխանության», պատասխանեց Վ. Հովհաննիսյանը , որը մինչ այդ նոր ընտրական օրենսգիրքը գնահատել էր որպես մեծամասնության` իշխանության վրա մնալու ճանապարհ. «Փոփոխություններ կան, որ դրական են, բայց փոփոխությունները արմատական չեն, ստեղծվել են երաշխիքներ , որ այսօրվա իշխանության մեծ մասը մնա», ասաց նա: Մինչդեռ հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իր ելույթում տեղեկացրեց, թե առաջին ընթերցումից հետո բազմաթիվ քնարկումներ են եղել, մի շարք էական փոփոխություններ են ներդրվել, խնդիր է դրված եղել կանխագելիչ նշանակության եւ հանրային վստահությունը ամրացնող, կասկածամտությունը նվազեցնող փոփոխությունների առաջադրումը: Նա թվեց այդպիսի փոփոխությունների մի երկար շարք, որոնց մի մասը դեռ առաջին ընթերցում պետք է անցնի, հետո ողջը` երկրորդ ընթերցմամբ քվեարկվի: Հարակից զեկուցող Արա Սիմոնյանը գնահատեց. «Կազմվել է մի ընտրական օրենսգիրք, որը այս պահի դրությամբ լավագույն օրենսգիրքն է, որ մենք ունեցել ենք»: Մյուս հարակից զեկուցող Հրայր Թովմասյանն անդրադարձավ, թե խախտումների կանխարգելման միտումներով են գնացել` որպես զսպաշապիկ, հետագայում պայթեցվող ընտրական ականներ չունենալու համար: Խմբակցությունների անունից հանդես եկան Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) եւ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ): Առաջինը շեշտեց, թե ընտրական իրավունքի պահպանումից է սկսվում մյուս իրավունքների պահպանումը, սայլը եզից առաջ չի կարող լինել, եւ այս տեսքով ընտրական օրենսգիրքը չի վերականգնելու հասարակության կորած վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ, մանավանդ` նա եւ նրա կուսակից մյուս պատգամավորները կարծում են, որ ընդդիմության առաջարկների 90 տոկոսը հաշվի չեն առնվել նոր օրենսգրքում: Երկրորդը նշեց, թե, օրենքով ազնվություն հնարավոր չէ դրսեւորել, ազնիվ պետք է լինեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հասարակությունը` վերջում ավելացնելով. «Ազնիվ եղեք»:
Մի խոսքովՙ ընդդիմության եւ մեծամասնության դիմակայության առկայությամբ այսօր կավարտվի ԸՕ-ի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, որի վերաբերյալ պատգամավոր Վարդան Խաչատրյանը նկատել էր, թե 8 մլն դրամ ընտրագրավը նշանակում է, որ միայն հարուստները կարող են մասնակցել ընտրությունների: Այս ընտրական օրենսգրքի համար սահմանվել է ընդունման հատուկ ընթացակարգ` երրորդ ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում այն գործողության մեջ է համարվելու:
Մ. Խ.