ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Ի՞նչ է նշանակում «Լեռնային Ղարաբաղի շուրջը ադրբեջանական 7 շրջաններ» տերմինը: Ոչ թե շրջաններին որոշիչ տալու, այլ` առհասարակ, ԼՂ-ի շուրջը շրջաններ նկատելու առումով: Համաձայն դե ֆակտո գոյություն ունեցող ու պետության համար անհրաժեշտ բոլոր պահանջներին համապատասխան ԼՂՀ սահմանադրության` գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը ներառում է ե՛ւ Քարվաճառը, ե՛ւ Լաչինը, ե՛ւ Աղդամը, ե՛ւ այլն: Հետեւաբար` «Ղարաբաղի շուրջը 7 շրջաններ» գոյություն չունեն, այսինքնՙ ունեն ճիշտ այնքանով, որքան գոյություն ունեն, ասենք, «Իսրայելի շուրջը պաղեստինյան շրջաններ», կամ «Պաղեստինի շուրջը իսրայելական շրջաններ»: Իսկ վերջիններիս կապակցությամբ այս օրերին բավական բարձր` միջազգային մակարդակով քննարկումների ու հայտարարությունների պակաս չկա: Նախՙ աշխարհի քիչ երկրների կողմից ճանաչված, դեռեւս ոչ ՄԱԿ-ի անդամ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը, այլ պաշտոնյաներ հայտարարեցին, որ առաջիկա սեպտեմբերը վճռորոշ է լինելու Պաղեստինի անկախության համար պայքարում, քանի որ հենց այդ ամսին ինքնավարությունը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` սեփական անկախությունը ճանաչելու առաջարկով:
Պաղեստինցիներին «նման համարձակություն» ներշնչվել էր նաեւ, որքան էլ տարօրինակ է, Վաշինգտոնից. նախագահ Օբաման ամիսներ առաջ ունեցած ելույթում նշեց, որ մինչեւ սեպտեմբեր ինքը կցանկանար տեսնել «անկախ Պաղեստինի պետությունը»: Արդեն մայիսի 21-ին Օբաման 45-րոպեանոց ելույթ ունեցավ` Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության թեմայով, որը զուգահեռաբար թարգմանվեց ու հեռարձակվեց նաեւ արաբերենով ու պարսկերենով: Ելույթում Օբաման մանրամասնեց. «ԱՄՆ-ը կարծում է, որ պաղեստինա-իսրայելական բանակցություններով պետք է ձեւավորվեն երկու պետություններ, եւ հաստատվեն մշտական սահմանագծեր: Իսրայելի ու Պաղեստինի սահմանագիծը պետք է անցնի նույն 1967-ի սահմանագծով, որին անցումը պետք է ուղեկցվի տարածքների փոխանակմամբ: Այս վերջինն, իր հերթին, պետք է կազմակերպել ու իրականացնել այնպես, որ որեւէ կերպ չվտանգվի երկու պետությունների անվտանգությունը»:
Օբամայի ելույթի հաջորդ օրն իսկ, Վաշինգտոն ժամանեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Վերջինս, ողջունելով ԱՄՆ-ի նախագահի` «խաղաղությունն ապրապնդելու ձգտումը», բարձրաձայնեց, որ 1967-ի սահմանագիծը վերականգնելն անհնար է: Ինչո՞ւՙ որովհետեւ այդ սահմանագծով Պաղեստինին անցնող ու այժմ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, Թել Ավիվը վերաբնակեցրել է 300 հազար հրեաների: Վերջիններիս համար բնակելի շենքեր, դպրոցներ ու այլ հաստատություններ է կառուցում, ինչի մասին բազմիցս ահազանգել են Պաղեստինի առաջնորդները, եւ ինչը բազմիցս քննադատվել է միջազգային հանրության կողմից: Հիմա մի պահ պատկերացնենք, որ ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն` որպես Արցախի անվտանգության միակ երաշխավորող, ԼՂ-ի` պայմանականորեն «շուրջը գտնվող» տարածքները վերաբնակեցնեին հայերով: Ընդ որում նրա հիմքերը հայկական կողմերը ամբողջովին ունեին. եթե այդ տարածքներում վերաբնակեցվեին Ադրբեջանի հայկական համայնքի ներկայացուցիչները` հայերը Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, օկուպացված Շահումյանից, Դաշքեսանից եւ այլն, ստեղծվեին նաեւ նրանց հնարավորինս հարմարավետ ապրելու համար ենթակառուցվածքներ, ապա որեւէ միջազգային կառույց կամ միջնորդ երկիր հիմք չէր ունենա դժգոհություն հայտնելու գործընթացից կամ պահանջել դադարեցնել: Ինչո՞ւՙ որովհետեւ Ադրբեջանից բռնագաղթած փախստականները, փաստորեն, «շարունակում են ապրել` Ադրբեջանում», եթե, իհարկե, ԼՂ-ի շուրջը տարածքները ադրբեջանական են ու, առհասարակ, ԼՂ-ն ունի իրեն շրջակա տարածքներ: Մենք դա չարեցինք, Իսրայելը` արեց, ընդ որում` ինչպես վերը նշեցինք, միջազգային հանրության, կոնկրետՙ ԱՄՆ նախագահի հրապարակավ ու պարբերաբար արտահայտած դժգոհության ֆոնին: Այսօր արդեն Թել Ավիվը օգտագործում է վերաբնակներինՙ որպես զիջումներն անհնար դարձնող գործոն, մենք այդ` մեր պարագայում արդարացված «գործոնը» չունենք, դեռ:
Ինչեւէ, անկախ ամեն ինչից, պաղեստինյան իրադարձությունները բավական հետաքրքրական շարունակություն են խոստանում: Միայն այն, որ, ըստ Հորդանանում Ադրբեջանի դեսպան Ամման Էլմար Արասլիի` «Ինչպես Հորդանանը, այնպես էլ Ադրբեջանը աջակցում են Պաղեստինի պետության ստեղծմանը», բավական է համոզվելու վերոհիշյալում: Բավական մեծ նախադրյալներ կան, որ աշխարհում կհայտնվի եւս մեկ պետություն: Մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից` Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եւ Ֆրանսիա, առնվազն երեքը հայտարարել են, որ պաշտպանում են Պաղեստինի անկախության ճանաչման գաղափարը: ԱՄՆ նախագահի ելույթին համաձայնություն են հայտնել Մոսկվայում եւ Բրյուսելում, ինչը կարող է ենթադրել ոչ միայն Փարիզի, այլեւ Լոնդոնի համաձայնությունը: Մնում է միայն Իլհամ Ալիեւի «զարմանքի» ականատեսը լինել, որի երկիրը աջակցում է նոր պետության ստեղծմանը ու արաբ ժողովրդի արդեն որերորդ ինքնորոշման արտահայտմանը: