Աչքներս լույս` մեկ ժամվա համար նախատեսված 10 րոպե հեռուստագովազդի տեւողությունը սահմանվում է 14 րոպե: Իրականում , բոլորս էլ գիտենք, որ մեկ ժամվա հեռուստագովազդը հաճախ գերազանցում էր 15-18 րոպեն, եւ ՀՌԱՀ-ը երբեւէ որեւէ անգամ հանդես չի եկել գովազդի ժամանակի խախտման վերաբերյալ պատժելու նախաձեռնությամբ: Մեր գովազդարտադրողներն էլ, հեռարձակողներն էլ թքած ունեն հեռուստադիտողի ու նրա նյարդերի վրա: Մերոնք որոշել են գերազանցել իրենք իրենց եւ օրենսդրորեն խառնել հեռուստադիտողի նյարդային համակարգը` խորհրդարան բերելով «Գովազդի մասին» օրենքի եւ հարակից օրենքի փոփոխություն, որով ոչ միայն գովազդի տեւողությունն է երկարացվում` մեկ ժամվա հեռարձակման կտրվածքով, այլեւ որպես գովազդ սահմանվում հեռուստահաղորդումների հովանավորությունը, վազող տողով գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ: Առաջարկվում է նաեւ արգելել գովազդի հեռարձակումը վերահեռարձակող ընկերությունների կողմից: Ազգային ժողովի նախագահի առաջարկով էլ գովազդի հեռարձակման արգելքը պետք է տարածել Հանրայինով հեռարձակվող հոգեւոր-մշակութային հեռուստաալիքի վրա: Այս փոփոխությանը հակադրվեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը , ում կարծիքով «Գովազդի մասին» 1996 թվականից ընդունված օրենքով մենք ունեինք անվերահսկելի դաշտ եւ փոխանակ վերահսկենք, մի բան էլ ավելի ենք վատացնում, ու դա ուղղված է հեռուստագովազդի միջավայրում նոր խաղացողների բիզնես-շահերը սպասարկելուն: Մինչդեռ պետք էր հեռուստադիտողին փրկել գովազդից: Նրան պատասխանեց մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը , որն ասում էր, թե իրականում 1 ժամվա գովազդը շատ ավելին է, քան սահմանված 10 րոպեն, 18-20 րոպե է, եւ 14 րոպե դարձնելով, ընդհակառակը, մենք կստիպենք հեռուստաընկերություններին այդ սահմաններում մնալ, նվազեցնում ենք փաստորենՙ ավելացնելով: Իսկ թե ո՞վ է չափելու, ո՞վ է հսկելու գովազդի տեւողությունն ու որակը, երբ ՀՌԱՀ-ը երբեք խախտողներին կարգի հրավիրելու քայլ չի արել, անհասկանալի է: Մնում է հաղորդում կամ ֆիլմ դիտելիս աղոթել, Աստծուց խնդրելով ազատել տանջահար հեռուստադիտողին` անիմաստ-անճաշակ եւ նյարդահան անող գովազդից:
Մ. Խ.