«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


«70 ՏԱՐԻՙ 70 ԱԿՆԹԱՐԹ»

Ցուցահանդեսՙ Ռոբերտ Արսենյանի հիշատակին

Հրավիրատոմսի լուսանկարիցՙ հայր եւ որդուՙ իրար նման եւ տարբեր հայացքներ են նայում. Ռոբերտ Արսենյանի (Շահնազարյան) «Ինքնանկար տղայիս հետ» գործն է: Վան Արյանի մակագրությունը մյուս երեսինՙ «Ափսոս, որ նա չտեսավ իր երեւանյան ցուցահանդեսը», տխուր ծանոթության սկիզբ էՙ նորերս կյանքից հեռացած լուսանկարչի հետ: «Ռոբերտ Արսենյանին լույսի ու գրչի վարպետ եմ անվանում, որովհետեւ նա հրաշալի լուսանկարիչ է ու ուրույն գրող: Գրում է այնպես, ինչպես լուսանկարում է եւ լուսանկարում է այնպես, ինչպես գրումՙ երկու ասպարեզում էլ մնալով իր բարձրության վրա. դիպուկ, պատկերավոր ու համառոտ: Ով ծանոթ է նրա արձակին, կարող է ասել, որ նրա գրածի ամեն մի հատվածը մի առանձին նովել է, ինչպես եւ լուսանկարներից ամեն մեկը մի պատմություն ու մի ճակատագիր», ցուցահանդեսի առիթով տպագրված բրոշյուրում գրում է Վան Արյանը: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճի պատերին Ռոբերտ Արսենյանի լուսանկարներն են. ցուցահանդեսիՙ «70 տարիՙ 70 ակնթարթ» խորագիրը լուսանկարչական իր արվեստի համար ամենաբնորոշն է:

Ռոբերտ Արսենյանըՙ վանաձորցի լուսանկարիչ եւ լրագրող, երկար տարիներ աշխատակցած տեղի «Կայծ» թերթին, անցած տարի 70-ամյակի առիթով Վանաձորում ցուցահանդես բացեց: Իր վաղեմի ընկերոջՙ Վան Արյանի հետ միտք հղացվեցՙ ցուցահանդեսի բացման նաեւ Երեւանում, որն իրականացավ երեկ, հեղինակի ցավալի բացակայությամբ սակայն: Իր մտերիմների, հարազատների կազմակերպած այս ցուցահանդեսըՙ հիշատակի տուրք էր արվեստագետին:

Գրադարանի սրահը վանաձորյան էրՙ հրաշալի այդ քաղաքի մարդկանց ներկայությամբ, ներսուզված նրա քիչ թախծոտ, քիչ ուրախ, թավշյա խոնավության մեջ: Թատերագետ Լեւոն Մութաֆյանիՙ նույնպես վանաձորցի, լուսանկարչի արվեստն ու իր մարդկային կերպարը գեղեցկորեն ներկայացնող խոսքն անծանոթ հեղինակին շատ արագ ճանաչելի դարձրեց: Խորհրդային շրջանիՙ գեղարվեստական լուսանկարչության գրեթե բացակայությամբ, պահի պարզունակ արձանագրումների ընդունված շաբլոնի մեջ նրա ինքնատիպ մոտեցումները, գեղարվեստական դիտողականությունը, ֆոտոլրագրության մեջ մեթոդաբանության եւ որոշակի սկզբունքների ներմուծումը ավանդույթներ ձեւավորեցին: Նրա օբյեկտիվի որոնումներն ուղղված էին իրական կյանքի դրվագներին, բնության եւ մարդու հարաբերությունների նկարչական պահերին: Սովետական թերթի էջերին հայտնված մարդկանց տխուր դիմանկարները, դժվարություններ, շատ հաճախ տարաձայնություններ էին ստեղծում, բայց նա սիրում էր իր քաղաքը ներկայացնել իրականության լույսի մեջ, սիրում էր նրա մարդկանց դեմքի խորշոմների տառապանքն ու տխրությունը լուսանկարել:

Թատերագետի հայացքը իր համաքաղաքացու լուսանկարներում տեսնում է նաեւ չբեմադրված ռեժիսուրա, միզանսցենային իրավիճակներ, որտեղ պահը հավերժացվում է գեղագետի հայացքով, որտեղ առկա է անհատական տեսողությամբ աշխարհը ձեւավորելու արվեստագետի ձեռագիրը: Լեւոն Մութաֆյանը խոսեց նաեւ նրա գրողական օժտվածության մասին. «Կենդանի նովելագիր, որ յուրատեսակ պատմություններ հյուսում էր իր երեւակայությամբ, մարդ, որ ձեւավորում էր քաղաքի զարկերակը, դառնում նրա տարեգիրը: Իր հայտնվելը քաղաքում շատերի համար խնդություն էր: Մարդ, որի ժառանգությունը հնարավորություն է տալիս ճանաչել քաղաքի երեկը, նրա ընթացքը»:

Վերհուշի ու հուզմունքի պահեր ապրեցին լուսանկարչի մտերիմները, փոքրիկ դրվագներ պատմեցին: Հիշեցին, թե ինչպես էր նա դիմանկարներ ստեղծումՙ վրձնի արժանի գործեր, երբ երկար ուսումնասիրում էր բնորդին, եւ դա կարող էր ժամեր տեւել: Լաերտ Մկրտչյանը` քաղաքում հայտնի լրագրող, մարդկանց հետ հանդիպումներ այնքան էլ չէր սիրում. նա իր ակնարկների համար հաճախ Ռոբերտ Արսենյանի դիմանկարներին էր դիմում: Նրա մի լուսանկարը բավարար հիմք էր ակնարկի համար: «Մեր քաղաքի «Արցախ» պուրակը որբացավ, նա միշտ այնտեղ էր լինում»:

Ցուցասրահի լուսանկարները թեմատիկ առանձնացումներ ունենՙ դիմացի պատինՙ հայտնի արվեստագետների դիմանկարներ ենՙ Արտավազդ Փելեշյանի, Արթուր Մեսչյանի, Մհեր Մկրտչյանի, ապաՙ 1988-ի երկրաշարժի արհավիրքները պատկերող տեսարաններ, հոգեւոր առաջնորդների այց Վանաձոր, քաղաքային պատկերներ, կյանքային ընթացքներՙ ծերունիներ, պահի առօրեական եւ գեղագիտական արձանագրումներՙ լուսանկարչական դիտողունակ հայացքի տակ թաքնված ու անթաքույց ակնարկումներ. ահա ընտրական մի տեղամաս այցելող ծեր տատիկը կքված, ծառի ու ծխաքուլաների զուգահեռումները, հանդիպումը... լուսնալույսի հետ. անկշռելիությունը հեծանվորդի, ճերմակ աղավնին տանիքի եւ շատ ուրիշներ:

Ներկաները հույս հայտնեցինՙ Ռոբերտ Արսենյանի այս եւ մնացած աշխատանքներով ծավալուն ալբոմ-կատալոգի հրատարակության:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4