Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի վերջին` չորրորդ մասնաշենքի երեկ տեղի ունեցած հանդիսավոր վերաբացմամբ ամբողջացավ 88-ի երկրաշարժից տուժած այս կրթօջախի շենքային համալիրը` հարդյունս նյույորքաբնակ հայ բժիշկ Հովհաննես (Ջոն) Օյունջյանի տեւական բարերարության: Բացման հանդիսությանը ներկա էին բարերարն ինքը, մարզի ու քաղաքի ղեկավարները, շենքի հիմնանորոգման աշխատանքները կազմակերպած Հայ օգնության ֆոնդի պատասխանատուներ, աշխատանքային այցով այդ օրը քաղաքի «Մուշ-2» թաղամասի շինհրապարակ այցելած կառավարական պատվիրակության անդամներ` հանրապետության վարչապետի գլխավորությամբ:
Թուրքիայի Բուրսա քաղաքում, Մեծ եղեռնից մազապուրծ ծնողների ընտանիքում 1920 թվականին ծնված եւ դժվարին մանկություն ունեցած, Պոլսում հանրակրթական եւ մասնագիտական կրթություն ստանալուց ու մի քանի տարի որպես բժիշկ աշխատելուց հետո ԱՄՆ-ում հաստատված Հովհաննես Օյունջյանը դեռ 1998 թվականից է ստանձնել Գյումրու այս նախկին 21-րդ միջնակարգ դպրոցի հովանավորությունը: Նրա ֆինանսավորմամբ այդ տարվանից սկսված հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքների առաջին մեծ արդյունքը 2000 թվականին կրթօջախի նորոգ կառույցի բացումն էր իր երեք մասնաշենքերով: Այդ ժամանակվանից էլ հանրակրթական այս հաստատությունը սկսեց կոչվել «Օյունջյան» դպրոց-վարժարան` ի հիշատակ բարերարի ծնողների, այստեղ այժմ սովորում է 450 աշակերտ: Չորրորդ մասնաշենքի շինաշխատանքները, որոնք սկսվել էին մեկ տարի առաջ, արժեցել են շուրջ 800 հազար դոլար: Այս մասնաշենքում նոր, ընդարձակ դասասենյակներից բացի կգործեն նաեւ համակարգչային սրահը, լինգաֆոնային կաբինետը, նոր մարզասրահը եւ այլն, կրթահամալիրում անցում կկատարվի երկհերթ դասերից միահերթ ուսուցման: Ավելացնենք, որ դպրոցաշինությունից բացի բժիշկ բարերարը հոգ է տանում նաեւ դպրոցի շրջանավարտների կրթության շարունակության ուղղությամբ. անցած տարիների ընթացքում համանուն հիմնադրամի միջոցներով արդեն 100-ից ավելի շրջանավարտներ են ստացել բարձրագույն կրթություն, եւս 52-ն ուսանում են այժմ: Իսկ հիմնադրամի բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու:
«Տասը տարի առաջ մտածում էի,- նոր մասնաշենքի բացման հանդիսության ժամանակ նշեց Հովհաննես Օյունջյանը,- որ եթե մեկ հատ ցորենի սերմը ցանեմ եւ անոր արդյունքը քաղեմ, այն ատեն ինքզինքս երջանիկ կնկատեմ: Ահավասիկ, ինքզինքս երջանիկ կնկատեմ»: Սա բարերարի գոհունակության զգացումն էր այս տարիների ընթացքում կատարածի համար:
«Ընդհանրապես,- իր ողջույնի խոսքում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը , - կրթական օջախների շահագործման հանձնումը իր մեջ մեծ խորհուրդ ունի, որովհետեւ վկայում է մեր ժողովրդի շարունակականության ամուր հիմքերի մասին: Եվ առանձնապես կարեւոր է, երբ բարերարների ուշադրության կենտրոնում լինում են հենց կրթական օջախները»:
Ազգանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու եւ այդ բնագավառում ներդրած ավանդի համար սփյուռքահայ բարերար Հովհաննես Օյունջյանը պարգեւատրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Գ. Մ.