Ավստրալիայի խաղաղության եւ տնտեսության ինստիտուտը բրիտանական The Economist հանդեսի հետ համատեղ հրապարակել է խաղաղության համաշխարհային գործակցի վարկանշային ցուցակը: Խաղաղասիրությունը փորձագետները դիտարկում են մի շարք գործոններով, օրինակ` զինված ուժերի քանակը, ծախսերը ռազմական ոլորտում, հարեւանների հետ կոնֆլիկտները, ներքին կոնֆլիկտների պարագայում զոհերի թիվը, ոստիկանների թիվը` բնակչության համեմատ, քաղաքացիների կրթական ցենզը եւ մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքը: Աշխարհի ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իսլանդիան: Երկրորդ տեղում նախորդ տարվա առաջատար Նոր Զելանդիան է, երրորդում` Ճապոնիան: Չորրորդ տեղում Դանիան է, լավագույն հնգյակը եզրափակում է Չեխիան: Վերջին հորիզոնականներում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Աֆղանստանը, Սուդանը, Սոմալին, Իրաքը եւ Հյուսիսային Կորեան: Ռուսաստանը 147-րդն է: Իսկ մեր տարածաշրջանում ամենախաղաղասերը Հայաստանն է: Մենք վարկանշային ցուցակում 109-րդն ենք: Վրաստանը զբաղեցրել է 134-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 122-րդն է: Իրանը զբաղեցրել է 119-րդ հորիզոնականը, Թուրքիան` 127-րդը: Ցուցակում, որ հրապարակվում է 2007 թվականից, ընդգրկված է 149 երկիր:
Հ. Ա.