Համաշխարհային բանկի «Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՄԱԿ-ի վերոնշյալ ծրագիրն անվճար տրամադրում է սննդամթերք, որով պատրաստվում է դպրոցական սնունդը: Ծնողական խորհուրդը, գյուղապետարանը կամ թաղապետարանը նույնպես ներդրում են ունենալու, որպեսզի աշակերտներին տրամադրվող սնունդն ավելի հագեցած լինի: Արթուր Բաղդասարյանն ասում է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը վերաբերում է միայն 1-4-րդ դասարանցիներին ու հիմնականում ներառում է մարզերի աշակերտներին: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականի հոկտեմբերից, մեկնարկել է Տավուշի ու Գեղարքունիքի մարզերից եւ նպատակ ունի ընդգրկելու շուրջ 50000 աշակերտների: Արթուր Բաղդասարյանն ավելացնում է, որ ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն են ունենում դպրոցում ստանալու առողջ ու անվտանգ սնունդ: ԿԳՆ-ի փոխանցմամբ` ծրագիրն իրականացվում է նաեւ ռուսական նվիրատվության շնորհիվ: ԿԳՆ-ից նաեւ տեղեկացանք, որ Երեւանում երեկ սրան առնչվող խորհրդաժողով է մեկնարկել: Երկօրյա խորհրդաժողովը կազմակերպել են ԿԳՆ-ն ու ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը: Խորհրդաժողովի նպատակն է մշակել «Դպրոցական սնունդ» ծրագրի տեսլականը:
Ի. Պ.