Իսկ նոր լիդերներ փոփոխված միջավայրն ինքը կծնի
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի մեկնաբանմամբ` քաղաքական լիդերը պետք է լինի տաղանդավոր, կարողանա գրավել մարդկանց, ունենա հումորի զգացում, լինի հեղինակություն եւ այլն: Այսպիսի որակներով մարդ, որպես կանոն չեն դառնում, կամ լինում են, կամ` ոչ: Այդուհանդերձ` ունե՞նք այսօր նոր լիդերներ ու նրանց հասարակական պահանջարկ: Եթե ունենք, ապա կարողանո՞ւմ են այդ նոր լիդերները արտահայտվել, ի՞նչ խոչընդոտներ կան այսօր Հայաստանում նոր լիդերի ճանապարհին ու կա՞ն:
Այս հարցերը երեկ քննարկվեցին Մամուլի ազգային ակումբում, որը` ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI)-ի հետ համատեղ կազմակերպել էր հասարակական-քաղաքական քննարկում` «Նոր քաղաքական լիդերների ձեւավորման խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ԱԺ ՀՀԿ խմբակցությունից` Կարեն Ավագյանը, ԲՀԿ-իցՙ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ից` Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, ՕԵԿ պառլամենտական խմբակցության փորձագետ Արթուր Միսակյանն ու ԵՊՀ ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ավագյանը , «նոր լիդերը» ընկալելով զուտ որպես երիտասարդ լիդեր, նշեց, որ իրենց կուսակցությունն ապացուցել է, որ իրականացնում է սահուն սերնդափոխություն. «Մեր կուսակցության երիտասարդական թեւը երկրի քաղաքական ոլորտի համար դարբնոց է եղել: Այսօր հենց մենք ԱԺ-ում ունենք բազմաթիվ երիտասարդ կուսակիցներ, որոնց կուսակցությունը վստահում է»: Իշխող կոալիցիայի մյուս կուսակցության` ԲՀԿ-ի ներկայացուցիչ Էնֆիաջյանը նույնպես «նոր լիդերը» ընկալելով որպես զուտ երիտասարդ լիդեր, նշեց, որ կոնկրետ իրենց կուսակցության քաղխորհրդի պատվիրակների 30 տոկոսը երիտասարդներ են: Ավելին` Էնֆիաջյանը ներկայացրեց ԲՀԿ հայտարարությունը եւ կոչով դիմեց բոլոր կուսակցություններինՙ նպաստել երիտասարդության առավել ակտիվացման երկրի քաղաքական կյանքում: ԲՀԿ-ն կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններին` իրենց համամասնական ցուցակներում ներառել նվազագույնը 10 տոկոս երիտասարդներ:
Հիշեցնելով Սոկրատեսի խոսքերը` «Լիդերը նա է, որը գիտի ինչ անել տվյալ պահին», ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը նախ սահմանազատեց «լիդեր» եւ «ղեկավար» հասկացողությունները, այնուհետեւ ընդգծեց, որ նոր լիդերների առաջացման համար միջավայրի փոփոխություն է պետք. «Չնայած մենք արդեն 20 տարի ժողովրդավարացման ուղին ենք բռնել, բայց միջազգային գնահատականներով նույն` ժողովրդավարության ցուցիչներով մենք բավական հետին հորիզոնականներ ենք զբաղեցնում: Համակարգի փոփոխություն է անհրաժեշտ, գաղտնիք չէ, որ լիդերն առաջանում է հենց համակարգում»: Լիլիթ Գալստյանը շեշտեց, որ լիդերի պահանջը պետք է լինի «ներքեւից», այնինչ մեզանում, որտեղ կան «պրոյեկտային», «գրպանային» կուսակցություններՙ ինչ-որ կոնկրետ նպատակի համար ստեղծված, չեն կարող ունենալ կամ ստեղծել լիդերներ, հենց որոնց պահանջն են զգում «ներքեւում»: «Մենք ոչ միայն ընդհանուր` երկրի մակարդակով ժողովրդավարություն չունենք, այլ չունենք ներքին կուսակցական ժողովրդավարություն», ընդգծեց ՀՅԴ ներկայացուցիչը: Նոր լիդերների պակասի առումով Լիլիթ Գալստյանը առանձնացրեց նաեւ «ազգային առանձնահատկություն» դարձած` «լիդերներին փոշիացնելու» հատկությունը, երբ վստահություն չկա ոչ մեկի հանդեպ:
«Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը , հակադարձելով ՀՀԿ եւ ԲՀԿ պատվիրակների «հանգստացնող» կարծիքներին, թե «քաղաքական կյանքում տեղի է ունենում առողջ սերնդափոխություն», տարակուսանք հայտնեց. «Նոր լիդերը, որը թրծվել է իշխանական ապարատում եւ նույն միջավայրի մասնիկն է, ինձ պետք չէ»: Ընդհանուր առմամբ` Սաֆարյանը Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը «վտանգավոր» մասնագիտություն անվանեց. «Ամեն մեկը չէ, որ կգնա համարձակության այսօր Հայաստանում զբաղվելու քաղաքականությամբ, նույնիսկ լիդերի հատկանիշներով մեկը: Այսօր Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը նաեւ թանկ հաճույք է, դրանով զբաղվողը պետք է գումար ունենա», նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը` ընդհանուր առմամբ համաձայնելով Լիլիթ Գալստյանի հետ, որ խնդիրը առկա միջավայրի փոփոխության մեջ է:
ՕԵԿ-ի փորձագետ Արթուր Միսակյանը , շեշտելով, որ ինքն այսօր Հայաստանում չի տեսնում որեւէ` թեկուզ ընդդիմադիր կուսակցություն, որը դեմ է իր շարքերում սերնդափոխությանը (չգիտես ինչու քննարկման ներկաներից շատերը` «նոր լիդերը» հասկանում էին որպես` երիտասարդ լիդեր-Հ. Ա.), այդուհանդերձ նկատեց. «Այսօր մեր հասարակությունը 25-30 տարեկան թեկուզ լիդեր երիտասարդին չի ընկալում որպես քաղաքական ու հասարակական խնդիր լուծող: Չի կարող այսօր մեր երկրում 25-30 տարեկան երիտասարդը ունենալ անհրաժեշտ լծակներ` ազդելու երկրի քաղաքական իրադարձությունների վրա»: ՕԵԿ-ի փորձագետը վերջում, այնուամենայնիվ, շեշտեց, որ Հայաստանում «առաջ գնալու» համար անհրաժեշտ են խելք, նախաձեռնություն եւ ցանկություն:
ՀՌԱԿ-ի ատենապետ Էդվարդ Անտինյանը , սակայն, չի գտնում, որ Հայաստանում «առաջ գնալու» համար միայն վերոհիշյալը բավարար է: «Բացակայում է արդար մրցակցությունը, որն էլ հենց լիդեր ծնողն է: Մեր ժողովուրդն այնքան ասաց` փորձված թանը անփորձ մածունից լավ է, որ այդպես էլ էս ժողովուրդը մածուն չկերավ», նկատեց Անտինյանը:
ԺԿ-ի նախագահ Տիգրան Կարապետյանի խոսքերով` «Հայաստանում նույնիսկ կայացած մարդը չի կայանում, ուր մնացՙ նոր լիդերը կայանա»: Կարապետյանը նկատեց, որ համատարած ամեն ինչին ու ամեն մեկին հարմարվելու, ընտելանալու մթնոլորտը չի կարող լիդեր ծնել. «Այստեղ արդեն լիդերը կորցնում է իր լիդեր լինելու արժանիքները: Մեր քաղաքական դաշտն է «մենաշնորհված»` «բարձր հովանու ներքո»», ասաց Կարապետյանը` ներկաներին ուղղելով հարց. «Մի հատ լիդեր ցույց տվեք այսօր, որին ժողովուրդը սիրում է. չկա այդպիսի մեկը»:
Անկախ նրանից` «նոր» լիդերը կլինի երիտասարդ, թե պարզապես նոր մարդ, նոր ուժի կամ փոփոխված` հին ուժի ներկայացուցիչ, ակնհայտ է, որ մեր երկրի քաղաքական մթնոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի` ոչ միայն նոր լիդերներ ծնելու, այլեւ նրանց «հետեւորդներին» պաշտպանելու համար:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ