Այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում եռօրյա իր աշխատանքներն է սկսում ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» խորագիրը կրող միջազգային համաժողովը: Այն կբացվի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի եւ բացման խոսքով: Համաժողովին իրենց ուղերձներն են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:
Համաժողովին մասնակցում են 12 երկրներից ժամանած պետական մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներՙ Ավստրիայից, Արգենտինայից, Իտալիայից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Ռումինիայից եւ Լիբանանից: Համաժողովի նպատակն է քննարկել պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացման ուղիները, սփյուռք ունեցող երկրների միջեւ համագործակցության հարցերը, ազգային սփյուռքների ուղղակի համագործակցության խնդիրները, համապատասխան միջազգային փաստաթղթի ստեղծման հարցերը: Համաժողովի ընթացքում կհնչեն երկու տասնյակ զեկուցումներ, կլինեն քննարկումներ, իսկ ավարտին կընդունվի հետագա նախաձեռնությունների եւ իրականացվելիք աշխատանքների հայտարարությունը:
Մ. Մ.