Տարվա առաջին եռամսյակի արդյունքներով
Հայաստանի բնակչությունը այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ներկայացմամբ, կազմում է 3 մլն 264 հազար 600 մարդ, ինչը 12 հազար 700-ով ավելի է 2010-ի առաջին եռամսյակի համեմատությամբ: Սակայն ծնելիությունը 2011-ի առաջին եռամսյակում մեր երկրում կազմել է 10251, որը 3,5 տոկոսով անկում է 2010-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Այս տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով ավելացել են նաեւ մահացության դեպքերը` ընդհանուր առմամբ կազմելով 7851: 2010-ի առաջին եռամսյակում մահացության 7193 դեպք է գրանցված եղել: Կարինե Կույումջյանը երեկ հրավիրած ասուլիսում նշեց, որ ազգաբնակչության բնական աճը, փաստորեն, այս տարվա տեմպերով նվազել է 30 տոկոսով:
Հետաքրքրական է, թե այդ ինչի՞ հաշվին է այդ պարագայում այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով ավելացել ազգաբնակչության թիվը, երբ բացի ծնելիության թվի նվազումից եւ մահացության դեպքերի աճից` էականորեն չի փոխվել նաեւ միգրացիայի բացասական սալդոն: Կույումջյանը ներկայացրեց, որ եթե 2010-ի առաջին 3 ամիսներին պետական հաշվառումից Հայաստանում դուրս եկածների եւ պետական հաշվառման մեջ մտնողների սալդոն եղել է բացասական եւ կազմել` մինուս 897 մարդ, ապա այս տարվա ապրիլի 1-ի տվյալներով նույնպես սալդոն բացասական է, սակայն արդեն կազմում է մինուս 458 մարդ: Ընդ որում անցյալ տարվա հիշյալ ժամանակահատվածի եւ այս տարվա առաջին եռամսյակի տարբերությունը ուղեւորատեղափությունների առումով կազմում է 20 400: Կույումջյանը ընդգծեց, որ սա չի նշանակում, որ 20 400 մարդ տեղափոխվել է Հայաստանից, որովհետեւ մի մարդը կարող է տարվա ընթացքում մի քանի անգամ իրականացնել տեղափոխություն: Փաստորեն ստացվում է, որ թեկուզ միայն անցյալ տարվա առաջին երեք ամիսների համեմատությամբ, այս տարի ընդհանուր առմամբ ցուցանիշների բացասականորեն աճի տեմպեր են նկատվում, ինչը նշանակում է, որ տարեվերջին կարող ենք ունենալ շատ ավելի տխուր ժողովրդագրական պատկեր, քան անցյալ տարի էր:
Այս հանգամանքը, ասուլիսի երկրորդ հյուր` ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքերով` «ազգային անվտանգության հարց է»: Եգանյանը նշեց, որ չնայած ինքը որոշ վերապահումներով է վերաբերվում ներկայացված թվային տվյալներին, սակայն, ընդհանուր առմամբ, կարծում է, որ դրանք արտացոլում են ժողովրդագրության բնութագիրը: Կոնկրետ ծնելիության հարցի առնչությամբ Եգանյանը կարծիք հայտնեց, որ, փաստորեն, հիմքեր կան, որ այս տարի մենք ավելի ցածր ցուցանիշներ կունենանք անցյալ տարվա համեմատությամբ: Այստեղ միգրացիայի գործոնի ազդեցությունը Եգանյանը տեսնում է 25-30 տոկոսով ընդամենը: «Չմոռանանք, որ այժմ վերարտադրողական տարիքում է նաեւ 90-ականների սերունդը, որն ինքնին արդեն սակավամարդ է», նշեց Եգանյանը: Միգրացիայի առնչությամբ Եգանյանը, ընդգծելով, որ տարեցտարի այստեղ նկատվում է բացասական սալդոյի աճ, նկատեց, որ այն մեզանում առավելապես սեզոնային բնույթ է կրում, ինչն, անշուշտ, չի կարող նշանակել, որ մեկնողը ընդմիշտ է մեկնում երկրից: Իսկ միգրացիայի հիմնական գործոնը Հայաստանում, ըստ Եգանյանի, շարունակում է մնալ աշխատանքի բացակայությունը եւ առկա աշխատանքով չբավարարված լինելը: Ժողովրդագիրը, այդուհանդերձ նշեց, որ ի տարբերություն 1988-92-ի, երբ միգրացիան ապակայունացնող բնույթ էր կրում, եւ 1992-95-ի, երբ շուրջ 600-800 հազար մարդ լքեց Հայաստանը, այժմ, չնայած պահպանվում է բացասական սալդոն, իրավիճակը կայունացել է:
Հավելենք նաեւ, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի հերթական մարդահամարը, որը, հուսանք, ավելի կոնկրետ ու ստույգ տեղեկություններ կտա Հայաստանում այսօր տիրող ժողովրդագրության վերաբերյալ:
Հ. ԱՖՅԱՆ