«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2011-05-26 | #96, 2011-05-27 | #97, 2011-05-28


«ԵՌՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակում ֆրանսիական Դովիլում Մեդվեդեւ-Օբամա-Սարկոզի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երեկ Հայաստանի քաղաքական դաշտում քննարկվող գլխավոր թեմաներից էր, հատկապես նրա մի քանի ձեւակերպումներ, ինչպես օրինակՙ «եկել է ժամանակը դեպի խաղաղ կարգավորում քայլ անելու», «հանրություններին պատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի», եւ «կամք ցուցաբերել եւ հունիսին ավարտել սկզբունքների շուրջն աշխատանքը»:

Ընդհանուր առմամբ` հայտարարությունը դրական են համարել շատերը, թեեւ նշվում է, որ մեծ մասամբ այդ հայտարարության մեջ նոր բան չկա, բացառությամբ այն պահի, որ հայտարարությունից ենթադրվում է` հավանաբար գոյություն ունի հիմնական սկզբունքների վերջին տարբերակ, եւ որ` ԼԱքվիլայից եւ Մուսկոկայից հետո առաջարկներում ինչ- որ նոր պահեր կան գուցե, իսկ ընդհանրապես` մնացյալը համարվում է ապակառուցողական տրամադրված Ադրբեջանին ուղղված մեսիջ: Եռյակի հայտարարությանը հաջորդեցին եւ Էդվարդ Նալբանդյանի արձագանք-հայտարարությունը, եւ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը. այս վերջինում, ինչպես միշտ, ցանկալին իրականի հետ ադրբեջանական շփոթմունքն է, թե հայտարարությունը միջազգային հանրությանը ցույց է տալիս` ադրբեջանական տարածքների օկուպացիան Հայաստանի կողմից անթույլատրելի է: Սրան արձագանքելով` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե Ադրբեջանը փաստացի մերժեց եւ արհամարհեց Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչը` համաձայնություն տալ բանակցային սեղանին գտնվող մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակին, մինչդեռ Հայաստանը արդեն մեկ տարի հստակ իր պատասխանը տվել է համանախագահների առաջարկություններին: Մինչդեռ Ադրբեջանը փորձում է խուսանավել այս վերջին արձագանքով, ինչպես նաեւ այլ ապակառուցողական քայլերով` փակուղի մտցնելով բանակցությունները. «Կարծում եմ, ինչպես միջնորդները, այնպես էլ միջազգային հանրությունը համապատասխան հետեւություններ կանեն Ադրբեջանի նման անպատասխանատու վարքագծի կապակցությամբ», նկատեց Շարմազանովը:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կարծիքով` հունիսին փորձ կարվի մերձեցնելու հիմնարար սկզբունքները, ինչը շատ բարդ խնդիր է լինելու, սակայն որեւէ արտառոց դեպք դեռ չի լինի, քանի որ հիմնարար սկզբունքներն իրարամերժ են եւ երկու կողմերն էլ կանգնած են խիստ դիրքորոշումների վրա:

ԼՂ խնդրի կարգավորման շուրջն ընթանում են աշխույժ պրոցեսներ, եւ պետք է շատ զգոն լինել, որովհետեւ ԼՂ խնդրի կարգավորումն իր կարեւորությամբ Հայաստանում քաղաքական հարցերի մեջ առաջին տեղում է, սա էլ ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքն էր:

«Իշխանությունները եւ Հայ ազգային կոնգրեսը ղարաբաղյան հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջը գաղափարական առումով նույնանման տեսակետ ունեն, ավելին, իշխանությունը ԼՂ հարցի լուծման հարցում բավական մոտ է 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծման ուղուն». ահա այսպես մտածում էր «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը ` նշելով, որ «Ժառանգությունը» շարունակում է մնալ ԼՂ անկախության ճանաչման գաղափարին հավատարիմ եւ չի ընդունում լուծման այն տարբերակները, որոնց կողմ են իշխանությունն ու ՀԱԿ-ը:

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ երեկ նկատեց. «Հայտարարությունը բավական նպաստավոր էր մեզ համար: Առավել եւսՙ ամբողջ աշխարհը գիտի մեր տեսակետը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հայտարարությունն ուղղված էր ոչ թե մեր հասարակությանը, այլ ադրբեջանական կողմին»:

Նույն կերպ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էր համոզված, որ այդ հայտարարությունից լուրջ հետեւություններ պետք է անի ադրբեջանական կողմը, մասնավորապեսՙ Ալիեւը, քանի որ մեկ անգամ եւս այս հայտարարությամբ նրան զգուշացրին, որ ով սկսի պատերազմական գործողություններ, նա՛ է առաջինը տուժելու, ինչի մասին հայկական կողմը միշտ ասել է:

Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի , սակայն, հայտարարության մեջ, ցավոք, չկա Հայաստանի եւ Ադրբեջանի վարքագծի տարանջատում, եւ ըստ էության հավասարության նշան է դրված երկու կողմերի միջեւ, ինչը հատկապես ընդունելի չէ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի եւ զինադադարն անընդհատ խախտելու պարագայում:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ ասուլիսի ընթացքում նշել է. «Այսօր ամբողջ աշխարհը դատապարտում է եւ չի ընդունում այն պետությունների քաղաքականությունը, որոնք գործում են ուժի հիմքերից, սա շատ կարեւոր է Հայաստանի համար: Բացառվելու է պատերազմը»:

Հետաքրքրական է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի արձագանքը. «Ընդհանուր առմամբ, այդ հայտարարությունը կարելի է դրական գնահատել: Նրանում արտահայտվել են մի շարք դրույթներ, որոնք բխում են եւ՛ իրականությունից, եւ մարդասիրական նորմերից: Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների նախագահների ամենակարեւոր մեսիջն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ փոխզիջումների եւ կողմերի կամարտահայտության միջոցով: Իսկ դա նշանակում է, որ որեւէ պարտադրանք, ճնշում այլ պետությունների կողմից, հատկապես համանախագահող երկրների` չի լինելու: Այսինքն, միայն իրենքՙ կողմերը կարող են գալ համաձայնության»: Դավիթ Բաբայանը կարեւորել է, որ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության մասին լուրերն, այդպիսով, չեն համապատասխանում իրականությունը, իսկ հայտարարության մեջ առկա դրույթները, կոչերն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին, քանի որ միջորդների կոչըՙ խնդիրը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով, բնականաբար ուղղված էր հենց Ադրբեջանին:

Ինչպես տեսնում եք` համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը ընդհանուր առմամբ գնահատականների դրական արձագանք ունի հայոց քաղաքական արիալում, սակայն դեռ հայտնի չէ, թե Ադրբեջանն էլ ի՞նչ խենթությունների ընդունակ կլինի հունիսյան հանդիպումից առաջ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4