Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, մայիսի 25-ին Լայպցիգում (Գերմանիա) սկսվել է Միջազգային տրանսպորտային ֆորումի տարեկան նախարարական նիստը, որին մասնակցում են ավելի քան 50 պետություն ներկայացնող տրանսպորտի նախարարներ, միջազգային տրանսպորտային կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Նիստի շրջանակներում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ Գերմանիայի տրանսպորտի, շինարարության եւ քաղաքաշինության նախարար Պետեր Ռամզաուերը ստորագրել են երկու երկրների միջեւ ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին համաձայնագիր:
Մանուկ Վարդանյանը Պետեր Ռամզաուերին ներկայացրել է Հայաստանում իրականացվող եւ նախատեսվող ճանապարհաշինարարական ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը: Հաշվի առնելով գերմանական ճանապարհաշինարարական ընկերությունների լավագույն փորձը բետոնե ճանապարհների կառուցման գործում, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարն առաջարկել է փորձի փոխանակում կատարել եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել:
Ա. Մ.