«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2011-05-26 | #96, 2011-05-27 | #97, 2011-05-28


ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈ՞Ր Է, ԹԵ ՈՎ ՈՒՄ ՀԱՂԹԵՑ

Չնայած մայիսի 31-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին դեռեւս համապատասխան ածական չի տրվել, ասենք` «որոշիչ» կամ «հանգրվանային», սակայն թերեւս առանձնահատուկ է լինելու: Նախ` արդեն իսկ հայտնի է, որ քաղաքապետարանն արտոնելու է ընդդիմության հանրահավաքը, երկրորդ` այդ օրը, ամենայն հավանականությամբ, ամբիոնում կլինեն նաեւ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, երրորդ` գալիք հանրահավաքից ՀԱԿ-ը պետք է անցնի «քաղաքական պայքարի երկրորդ փուլ»: Ինչպես հասկանում ենք` առաջին փուլում, «երբ իշխանությունները ռեժիմ էին», ընդդիմությունը պայքարում էր, համենայն դեպս, ըստ իրենց իսկ հայտարարությունների` մարտի մեկի գործի առնչությամբ անաչառ քննություն ապահովվելու իշխանության կողմից երաշխիքների տրման, անազատության մեջ գտնվող ընդդիմադիր ակտիվիստների ազատ արձակման եւ Ազատություն հրապարակում հանրահավաք անելու թույլտվության համար (համենայն դեպս` սրանք ամենաշատը շահարկվող պահանջներն էին-Հ.Ա.): Ինչպես նկատում ենք, ՀԱԿ-ի այս երեք պահանջները փաստորեն գրեթե ամբողջությամբ կատարված են. ինչպես վերը նշեցինք` մայիսի 31-ի հանրահավաքը կլինի հենց Ազատության հրապարակում, հանրապետության նախագահն ինքը հանդես եկավ «մարտի մեկի» գործով նոր հետաքննություն անկացնելու առաջարկությամբ, եւ ԱԺ-ը որոշում ընդունեց համաներում անցկացնելու մասին, որը, ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, վերաբերում է նաեւ Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Ստացվում է, որ իրոք ՀԱԿ-ը պետք է մշակի պայքարի նոր սցենարներ, ինչը եւ, ըստ երեկ ասուլիս հրավիրած ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի, արդեն իսկ արված է: «Մայիսի 31-ի հանրահավաքին, որին, հուսով ենք, անազատության մեջ գտնվող ընկերները մեր կողքին կլինեն, կամփոփենք քաղաքական պայքարի այս փուլը եւ շեշտադրումներ կանենք, թե ինչ է արվելու երկրորդ փուլում: ՀԱԿ-ը երկրորդ փուլի համար արդեն իսկ մշակել է որոշակի մոտեցումներ, սակայն քաղաքական զարգացումները շատ դինամիկ են ընթանում, հանրահավաքից հետո կարելի է այդ մասին խոսել», ասաց Մուսինյանը: Անդրադառնալով Միքայելյանին եւ Փաշինյանին ազատ արձակելու թեմային` Մուսինյանը ընդգծեց, որ նրանց ազատ արձակումը «փոխելու է երկրում առկա իրավիճակն ու ՀԱԿ-ի գործողություններին հաղորդելու է նոր թափ»:

Իսկ մինչ այդ փորձենք հասկանալ, թե այդ ինչպիսի երկխոսություն գնաց իշխանության եւ ընդդիմության միջեւ, որը հնարավոր դարձրեց, փաստորեն, «բավարարել ՀԱԿ-ի պահանջները», եւ ո՞ւմ հաղաթանակն է սա: Ըստ Մուսինյանի` երկխոսությունը ֆորմալ առումով չի ծավալվել. «Եղել են հրապարակային պահանջների առաջադրում եւ այդ պահանջների կատարման հարցում ընկալունակության դրսեւորում», նշեց Մուսինյանը` հավելելով, որ «իշխանությունը չի քնել ու ելել եւ սկսել կատարել ՀԱԿ-ի պահանջները: Երկրում տիրող իրավիճակը լավ ծանրութեթեւ անելուց հետո, կատարել է համապատասխան քայլեր»:

Լավ, անկախ նրանից, թե ո՞ւմ պահանջը ո՞վ կատարեց, պետք է հասկանալ, որ այս գործընթացում հաղթող ու պարտվող չկան, ապացո՞ւյցը` ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրությունը, որտեղ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը, ողջունելով Հայաստանում հայտարարված համաներումը, նշել են. «Համաներմամբ ազատ կարձակվեն 2008-ի մարտյան իրադարձությունների առնչությամբ դեռեւս բանտում մնացած բոլոր անձինք: Այդ անձանց ազատ արձակումը, ինչպես նաեւ 2008-ի մարտյան իրադարձությունների ընթացքում 10 անձանց մահվան հետաքննության վերսկսումը վերացնում են քաղաքական մթնոլորտի նորմալացման վերջին խոչընդոտները եւ դուռ են բացում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու համար: Դա շատ դրական զարգացում է Հայաստանի համար»:

Իսկ Հայաստանը, ինչպես հասկանալի է, ո՛չ ընդդիմությունն է` առանձին վերցրած, ո՛չ` իշխանությունը, այլ այդ երկուսի, այդ թվումՙ «երրորդ ուժերի», մեր բոլորիս միասնությունը` մենք: Ուրեմն այդքան կարեւո՞ր է արդյոք, թե ով ում հաղթեց, երբ պարզ է, որ հաղթել է երկիրը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4